5 սխալ ֆիթնեսում
Advertisement 1000 x 90

5 սխալ ֆիթնեսում

Ժամանակը մարզասրահում ապարդյուն չանցկացնելու և երկարատև մարզումներից հետո արդյունք ունենալու համար համոզվեք, որ չեք անում հետևյալ սխալները.

Ուժերն անխնա ծախսել

Հաճախ սկսնակ մարզիկները մարզասրահ հաճախելու առաջին օրերին սկսում են քրտնաջան աշխատել` բաղձալի արդյունքին հասնելու համար, սակայն ամենօրյա պարապմունքները, սննդի խիստ սահմանափակումները և անձնազոհությունը շատ շուտ հոգնեցնում են, հյուծում օրգանիզմը՝ հանգեցնելով մոտիվացիայի կտրուկ անկման: Ոչ միայն մարզման անցնելու առաջին օրերին, այլ նաև մշտապես պետք է չափավոր և պլանավորված մարզվել, կարևոր է մարզումների հաճախականությունը շաբաթական չգերազանցի 3-4-ը: Պետք է չմոռանալ հավասարակշռված սնվելու և հանգստանալու մասին:

Կարծել, թե ձեզանից լավ մարզիչ չկա

Առանց մարզիչի պարապմունքը լավագույն դեպքում լինելու է քիչ արդյունավետ, իսկ վատագույն դեպքում կարող է ավարտվել տարբեր վնասվածքներով: Առնվազն 6 ամիս պետք է մարզվել մարզիչի հսկողության տակ, իսկ մշտապես պետք է հետևել ֆիթնես-հրահանգիչի դիտարկումներին:

Կարծել, թե մարզումներից հետո կարելի է ուտել ամեն ինչ, հատկապես, եթե մթերքները օգտակար են

Նիհարելու համար կա մի շատ պարզ կանոն՝ ծախսված կալորիաները պետք է գերակշռեն օրգանիզմ մուտք գործող կալորիաներին: Հետևաբար, եթե դուք նույնիսկ ձեր ամբողջ ժամանակը նվիրեք մարզումներին, միևնույն է չեք ունենա ցանկալի արդյունք, եթե չհետևեք սննդակարգի: Ընդ որում կարևոր է հիշել, որ սնունդը պետք է լինի բավարար, որպեսզի ուժերը բավարարեն և օրգանիզմը չhյուծվի: Խիստ մի կրճատեք օրվա սննդակարգը: Նվազեցրեք այն ամսական 20-30%-ով, չմոռանալաով խորհրդակցել դիետոլոգի հետ:

Անտեսել նախավարժանքը

Առանց նախավարժանքի ուժային մարզումների անցնելը ծանրաբեռնում է մկանները, ջլերը, հոդերը: Հանկարծակի, կտրուկ շարժումները կամ մեծ ծանրությունները կարող են հանգեցնել գերձգումների, պատռվածքների և նույնիսկ կոտրվածքների: Մարզումից առաջ հարկավոր է առնվազն 10-15 րոպե այսպես ասած տաքացնել մկանները, ակտիվացնել հոդերը, սիրտն ու անոթները նախապատրաստել ծանրաբեռնման:

Անտեսել ուժային մարզումները և գերադասել միայն կարդիոպարապմունքները

Ուժային մարզումների ժամանակ ավելի քիչ կալորիաներ են ծախսվում, սակայն կա մի առանձնահատկություն, եթե կարդիոպարապմունքներից հետո կալորիաների ծախսման գործընթացը դադարում է, ապա ուժային մարզումների դեպքում այդ պրոցեսը շարունակվում է պարապմունքից հետո մինչև 36 ժամ:

mymed.am