«Ձգողականության վերաբերյալ» կանադական ֆիլմի գլխավոր հերոսները` 63-ամյա Քրիստիանն ու 71-ամյա Բրյուսը, ընկերներ են: Քրիստիանը տառապում է տեսողությունը լրջորեն խաթարող ժառանգական հիվանդությամբ, իսկ Բրյուսը ծանր է լսում և երկբևեռ խանգարում ունի: Բայց երկուսն էլ տարված են նույն երազանքով՝ թռչել, հաղթահարել ձգողականության ուժը, ըմբոստանալ իրենց մարմնական սահմանափակումների դեմ:
Ֆիլմի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ժապավենի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և օպերատոր Մաթյո Բրույարը:
Բրույարը նշեց, որ տասը տարի լուսանկարչությամբ է զբաղվում: «Եկավ մի շրջան, երբ ինձ կաղապարված զգացի, անհրաժեշտ էր դուրս գալ սահմաններից: Դրամաշնորհային ծրագրի միջոցով ձեռք բերեցի տեսախցիկ և ֆիլմ նկարահանելու համար անհրաժեշտ պարագաներ»,-պատմեց նա:
Ռեժիսորի խոսքով` հերոսներից մեկին` ինքը լուսանկարում էր մասնագիտությամբ մոդել Քրիստիանին: «Նա շատ էր սիրում խոսել և պատմում էր իր ցանկությունների, երազանքների մասին: Մի օր նա ասաց, որ երազում է թռչել: Նրա պատմությունները բարդ էր փոխանցել լուսանկարներով, ուստի մտածեցի, որ հրաշալի կլինի ֆիլմ նկարահանել այդ մասին»,-ասաց նա:
Խոսելով երկրորդ հերոսի մասին` ռեժիսորը խոստովանեց, թե, վեց ամիս առաջին կերպարը նկարահանելով, հասկացել է, որ ևս մեկ հետաքրքիր հերոսի է անհրաժեշտ զտնել:
«Երբ առաջարկեցին ժապավենում մաքսային աշխատակցի ներառել, ընդվզեցի, բայց նկարահանումների ընթացքում պարզվեց, որ նա նույնպես զարմանալի կերպար է»,-նշեց Բրույարը:
Ռեժիսորն անկեղծորեն ասաց, որ, ի տարբերություն հերոսների, իր թռչելու ցանկությունն այնքան էլ մեծ չէ: Նա նշեց, որ իրենց ավելի շատ հետաքրքրում է թռչելու ցանկությունը, քան այդ գործընթացը:
Մաթյո Բրույարը ծնվել է Մոնրեալում, զբաղվում է տեսողական արվեստներով: 2003-ից ի վեր հեղինակել է լուսանկարչական աշխատանքներ և տեսաինստալացիաներ, որոնքանդրադառնում են դիցաբանության (Իկարուս) և կերպարվեստի ավանդույթների (Գրյունվալդ և Գոյա, բարոկկո և մանիերիզմ) որոշ ոճական հատկանիշների և միաժամանակհամակցում վավերագրությունն ու բեմադրությունը: Նրա գործերը հրապարակվել են շատ պարբերականներում և ցուցադրվել բազմաթիվ պատկերասրահներում ու արվեստինառնչվող հաստատություններում: