Ռեժիսոր Ալեքսանդր Աբատուրովի «Որդին» կինոնկարը հիմնված է անձնական ողբերգության վրա
Advertisement 1000 x 90

Ռեժիսոր Ալեքսանդր Աբատուրովի «Որդին» կինոնկարը հիմնված է անձնական ողբերգության վրա

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական մրցույթում ընդգրկվել է ռուսական արտադրության «Որդին» կինոնկարը: Այն պատմում է Դիմայի մասին, ով սպանվել է 2013-ի մայիսի 23-ին՝ քսանմեկ տարեկանում: Զորակոչվելով ռուսաստանյան բանակ՝ նա գլխին կրակոց  է ստանում Դաղստանում անցկացվող ռազմական գործողության ժամանակ: Դիմայի ծնողները որդու մահից հետո խոր վիշտ են ապրում, նրանց կյանքը դատարկվում է: Երկու աշխարհներ միահյուսվում են՝ պատկերելու  Դիմայի  կյանքն ու դրա բռնի ավարտը:

Ֆիլմի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսոր Ալեքսանդր Աբատուրովը:

«Այս ժապավենի հիմքում իմ անձնական ողբերգությունն է: Երբ զարմիկս սպանվեց, նրա մայրը, անելանելիությունից ելնելով, ինչ-որ բան անելու ցանկությունից դրդված, ինձ խնդրեց այդ դեպքի մասին ֆիլմ նկարահանել»,- հաղորդմամբ`ներկայացրեց Աբատուրովը:

Նա խոստովանեց, որ բնավ հեշտ չէ փառատոնում ցուցադրել կինոնկարը, քանի որ այն չափազանց անձնական ու դրամատիկ գործ է: «Ըստ իս` ժապավենը նաև համամարդկային ուղերձ ունի: Այն վերաբերում է բանակային կյանքին, հակամարտություններին, որոնք տեղի են ունենում այդ դաշտում»,-շեշտեց ռեժիսորը:

Նա հավելեց, որ ինքը չի ծառայել բանակում, բայց ուսումնասիրել է բանակային կյանքը` ցանկանալով իրողությունները ներկայացնել այնպիսին, ինչպիսին դրանք կան:

Ալեքսանդր Աբատուրովը Մոսկվայի Մ. Գորկու անվան համալսարանն ավարտելուց հետո դարձել է լրագրող: 2010-ին ավարտել է Լյուսայի կինովավերագրության ֆրանսիական դպրոցը: Նկարահանել է իր առաջին վավերագրական աշխատանքը՝ «Քնած հոգիները», որը ներկայացվել է բազմաթիվ կինոփառատոններում, իսկ Cinéma du Réel ԿՓ-ում արժանացել Ֆրանսիական ինստիտուտի մրցանակին: «Որդին» Աբատուրովի առաջին լիամետրաժ վավերագրությունն է: