«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Ստեղծվել է Գերմանիայում» ծրագիրը: Ծրագրի ընթացքում կցուցադրվեն «Անցուղիներում», «Անցում», «Բոյս», «Երեք օր Քիբերոնում», «Օտարացած դուստրը» կինոժապավենները:
«Արդեն չորրորդ տարին է, որ մենք «Ոսկե ծիրան»-ի կողքին ենք և աջակցում ենք նրան: Այս տարիներին կինոփառատոնի շրջանակում ցուցադրվել է ավելի քան հարյուր գերմանական ֆիլմ: Ծրագրի շրջանակում կներկայացվի ևս վեցը»,-նշեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Նա շեշտեց, որ Էմիլի Աթեֆի «Երեք օր Քիբերոնում» կինոնկարը պատմում է հանրահայտ դերասանուհի Ռոմի Շնայդերի մասին:
Լուսանկարները, որոնց հեղինակը Ռոբերտ Լեբեքն է, աշխարհահռչակ են: Դրանցում նա կարողացել է որսալ այս դերասանուհու հակասական բնավորությունը՝ նրա կենսախնդությունը, մելամաղձն ու ցավը: Լեբեքը նաև լուսանկարներ է արել 1981-ին Քիբերոնում «Շտեռն» հանդեսի թղթակից Միխայել Յուրգսին դերասանուհու տված լեգենդար հարցազրույցի համար, չնայած Շնայդերի նախկին բացասական հանդիպումներին գերմանական մամուլի հետ: