Ցուրտը բավականին վտանգավոր է սրտի առողջության համար, քանի որ ցուրտ ժամանակ անոթները նեղանում են, ինչը կարող է մի ամբողջ շարք խնդիրներ առաջացնել: Սակայն կարող է շատ վտանգավոր լինել նաև շոգը, պնդում է սրտաբան Մարինա Օրդյանը:
Բանն այն է, որ շոգին մարդն սկսում է առատ քրտնել, իսկ քրտինքի հետ նրա օրգանիզմը կորցնում է կալիում, մագնիում և այլ հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են սիրտ-անոթային համակարգի նորմալ աշխատանքի համար: Հեղուկի և հանքանյութերի կորուստը կարող է բացասաբար անդրադառնալ սրտի աշխատանքի վրա:
Ավելին՝ ջրազրկման հետևանքով արյունը թանձրանում է, մեծանում է անոթներում թրոմբի ձևավորման վտանգը, ինչն, իր հերթին, կարող է բերել սրտի կամ ուղեղի կաթվածի՝ կախված այն հանգամանքից, թե կոնկրետ որ անոթներում են թրոմբներ առաջացել:
Շոգը վտանգավոր է նաև դիաբետով հիվանդների համար, քանի որ ջրազրկման պատճառով նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, ինչը կարող է մի ամբողջ շարք տհաճ հետևանքներ ունենալ:
Ինչպես նշեց մասնագետը, արդեն 30 աստիճան շոգի պայմաններում օրգանիզմն օրվա մեջ կորցնում է մոտ 3-4 լիտր հեղուկ, իսկ եթե ջերմաստիճանն ավելի է բարձրանում, օրգանիզմը կարող է կորցնել մինչև 6-8 լիտր հեղուկ: Այս կորուստն անհրաժեշտ է վերականգնել. դրա համար խորհուրդ է տրվում օրվա ընթացքում հնարավորինս շատ ջուր խմել: Եթե մարդն առողջ է և ոչ մի հակացուցում չունի, խորհուրդ է տրվում շոգին խմել օրական ոչ պակաս 2-2,5 լիտր ջուր: Կարելի է նաև տաք թեյ ու թան խմել (ցանկալի է առանց աղի, քանի որ աղը նպաստում է օրգանիզմում ջուրը պահելուն): Շոգին կտրականապես չի կարելի ոգելից խմել, նշեց մասնագետը:
Սիրտ-անոթային հիվանդությունների սրումը կանխելու համար նաև խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառի ժամը 12-ի և 15-ի միջակայքում փողոց դուս չգալ, սա հատկապես վերաբերում է երեխաներին և տարեցներին: Դուրս գալով պարտադիր պետք է գլխարկ դնել, հագուստի հարցում ցանկալի է նախապատվությունը տալ բնական գործվածքներին: Շոգին ֆիզիկական ակտիվություն խորհուրդ չի տրվում:
Մարինա Օրդյանը հիպերտոնիայով հիվանդներին նաև խորհուրդ է տալիս շոգին խորհրդակցել իրենց բուժող բժիշկների հետ և շտկել դեղերի չափաքանակները. քանի որ շոգին ճնշումն ընկնում է, բարձր չափաքանակով ճնշման դեղերի ընդունումը կարող է ծանր խնդիրներ առաջացնել: