Լուսանկար՝ հիշողության համար. ինչո՞ւ է Փաշինյանն օրինակ վերցնում Պորոշենկոյից
Advertisement 1000 x 90

Լուսանկար՝ հիշողության համար. ինչո՞ւ է Փաշինյանն օրինակ վերցնում Պորոշենկոյից

Ինչպիսի՞ն են Հայաստանի վարչապետի` Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի այցի արդյունքները Gazeta.ru-ն գրում է.

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թվում է, շարունակում է ուղղություն վերցնել դեպի Արևմուտք: Ընդ որում, խոսքը միայն գաղափարական մերձեցման մասին չէ, ինչը, հաշվի առնելով նրա՝ իշխանության գալու գործընթացը, հասկանալի կլիներ: Փաշինյանը հստակ հասկացնում է, որ դեմ չէ ՆԱՏՕ-ի ռազմական բլոկի հետ շփվել, որն իր հերթին դանդաղորեն ընդլայնվում է Արևելքում:

Փաշինյանը Բրյուսելում ՀԱՊԿ անդամ երկրներից միակ առաջնորդն էր, ով հուլիսի 11-13-ը ներկա էր Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովին: Մի կողմից Հայաստանի նոր վարչապետի ակտիվությունը կարելի է հասկանալ: Նա մի երկու հերթական հայտարարությունն արեց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասով՝ միաժամանակ խոստովանելով. «ՆԱՏՕ-ն հետևողականորեն հայտարարել է, որ ոչ մի գործառույթ չունի այս կոնֆլիկտի կարգավորման հարցում»:

Մյուս կողմից, Փաշինյանի վարքը Բրյուսելում հիշեցրեց Պյոտր Պորոշենկոյին: Ուկրաինայի նախագահն արդեն հայտնի է դարձել նրանով, որ ճիշտ պահին ճիշտ տեղում է հայտնվում՝ Արևմուտքի առաջատար երկրների առաջնորդների հետ պատահական հանդիպումները դիվանագիտական հսկայական հաջողությունների տեղ ներկայացնելով: Իհարկե, եթե չհաշվենք այն դեպքերը, երբ հանդիպման համար ստիպված են եղել վճարել, ինչպես եղավ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման դեպքում: Վերջերս պարզվեց, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը հարյուր հազարավոր դոլարներով կազմակերպել էր Թրամփի՝ այժմ արդեն քննության տակ գտնվող փաստաբան Մայքլ Քոենը: Իհարկե, ամենի համար գումարը չի հերիքում, և նախորդ շաբաթ Պորոշենկոյի ելույթը Բրյուսելում շփոթություն առաջացրեց: Ուկրաինայի ղեկավարի հերթական բողոքները Ռուսաստանի վերաբերյալ լսելու համար ոչ ոք չէր գնացել:

Ահա և Հայաստանի վարչապետը՝ զինված Ուկրաինայի նախագահի PR գործունեության լավագույն օրինակներով, փորձում էր այնպես անել, որԲրյուսել այցն աննկատ չմնա:Հայաստանի ԶԼՄ-ները մանրակրկիտ ձևով պատմում էին Փաշինյանի հանդիպումների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի, Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Հայաստանում հեռուստադիտողներին այս բուռն գործունեությունը պետք է որ դուր գա: Սակայն իրականում այս բոլոր հանդիպումներն իրենցից ներկայացնում են ոչ ավելին, քան համատեղ լուսանկարներ, որոնք արվել են Փաշինյանի նախաձեռնությամբ: Իսկ այդ լուսանկարները որպես ապացույց ներկայացնելը, թե առաջատար ղեկավարները կիսում են Երևանի մոտեցումները Հայաստանի համար կարևոր խնդիրների լուծման հարցում, դիտորդները պարզապես խաբեություն են անվանում:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները, ովքեր բառի բուն իմաստով շշմել էին Թրամփի՝ ՆԱՏՕ-ի ֆինանսական կարիքների մեծացման՝ օր օրի աճող պահանջներից, հավանաբար նույնիսկ չեն փորձել ըմբռնել մի մասն այն ամենի, ինչը նրանց փորձում էր ասել Փաշինյանը:

Հատկապես ծիծաղելի ստացվեց Հայաստանի վարչապետի հանդիպումը հենց Թրամփի հետ:

Փաշինյանը սկզբից սպասում էր ԱՄՆ նախագահին մի մուտքի մոտ: Սակայն նկատելով, որ Թրամփը կնոջ հետ դուրս է գալիս մյուս մուտքով, Փաշնյանն արագ փոխեց տեղը, վազեց զույգի մոտ և ձեռք մեկնեց ամերիկացի նախագահին: Թրամփն իներցիայով ժպտաց՝ չպատկերացնելով, թե այդ ով հանկարծ հայտնվեց իր ճանապարհին: Սակայն գործն արված էր, և Թրամփի ու Փաշինյանի ձեռքսեղմումը ներկայացվեց որպես դիվանագիտական հաջողություն, որն իրականում չի եղել: Եվ սա հասկանալու համար արտաքին քաղաքականության հարցերում մեծ փորձագետ լինել պետք չէ:

Քիմ Քարդաշյանը վերջերս՝ Սպիտակ տան այցի ընթացքում, կարողացավ Թրամփի հետ հանդիպում կորզել ավելի երկար ժամանակով, քան Փաշինյանը Բրյուսելում:

Ընդ որում, ռեալիթի-հեռուստաաստղի դեպքում Թրամփը հստակ պատկերացնում էր, թե ով է իր առջև՝ ի տարբերություն ԱՄՆ նախագահի՝ Փաշինյանի ձեռքը սեղմելու հումորային իրավիճակին:

ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների առաջ Փաշինյանի հաճոյանալը, ինչպես նաև Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արած հայտարարությունն այն մասին, որ Երևանը մտադիր է զարգացնելՄոսկվայի հետ հարաբերությունները, վկայում են այն մասին, որ Հայաստանի վարչապետը փորձում է բազմավեկտորային քաղաքականության ընտրության տպավորություն ստեղծել:

Սա, սակայն, դժվար հավատալի է՝ հաշվի առնելով նրա թիմում առանձին անձանց:

Մասնավորապես, Gazeta.ru-ն գրել էր, որ Փաշինյանի նշանակումների թվում առանձնանում է, օրինակ՝ Հայաստանի Ընտրական նոր օրենսգրքի աշխատանքը ղեկավարող Դանիել Իոաննիսյանը, ով ստեղծել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը» (UIC Armenia): Հենց այդ հասարակական կազմակերպության կայքում հովանավորների թվում նշվում են Սորոսի հիմնադրամը, Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամը (NED), Ժողովրդավարությանն աջակցման եվրոպական հիմնադրամը (EED):

Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին հայտնի է նրանով, որ բարկացել էր մայրաքաղաքի դպրոցներից մեկում ռուսական դրոշի հայտնաբերման դեպքից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նոր նախարար Մանե Թանդիլյանն արդեն վաղուց Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու կողմնակիցն է, որովհետև պարադոքսալ կերպով վստահ է՝ այդ կազմակերպությունում լինելը միայն կաշկանդում է երկրի տնտեսական հնարավորությունները: Ստացվում է, որ մի կողմից Փաշինյանը և նրա թիմը Մոսկվային կվախեցնեն Արևմուտքին մոտենալով, իսկ մյուս կողմից՝ չի կարելի ֆանտաստիկ անվանել վարչապետի՝ Հայաստանը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի բազա դարձնելու և այդ գործով դաշինքից ֆինանսավորում ստանալու մտադրությունը: Մանավանդ որ Եվրամիությունից գումար ստանալ, հանավաբար, չի ստացվի. Բրյուսելում Փաշինյանին հասկացրին, որ ԵՄ-ն այլևս չի տա նրան այն գումարները, որոնք Երևանին խոստացել էին դեռևս մինչև ապրիլյան հեղափոխությունը:

Բնականաբար, Հայաստանի համար ճիշտ կլիներ չսպասել դրսի ազդակներին, այլ ամրապնդել սեփական տնտեսությունը: Սակայն Փաշինյանի՝ Բրյուսելում արած հայտարարությունն այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարը հեշտ է, «եթե մի լավ թափ տան «կոռուպցիոներին», ապա նրա գրպաններից կթափվի որոնվող գումարը», ավելի շատ վկայում է այն մասին, որ վարչապետը վստահ է՝ նա դեռ մինչև վերջ չի ծախսել պոպուլիզմի ռեսուրսը, իսկ երկրի տնտեսության իրական զարգացումը դեռ կարող է սպասել:

m.gazeta.ru

 



Նման նյութեր