«Իսկական սերը չի կարող միանգամից ծնվել. Այդ գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում: Դուք կարող եք ասել, որ իսկապես սիրում եք միմյանց միայն այն բանից հետո, երբ ձեր երկրորդ կեսի հետ կապրեք ինչպես՝ լավ, այնպես էլ՝ վատ ժամանակներ…». Ռիկարդո Մոնտալբան
Մեր կյանքի ընթացքում մենք գտնվում ենք զանազան ռոմանտիկ հարաբերությունների մեջ` փորձելով գտնել այն մարդուն, որի հետ կանցկացնենք մեր կյանքի մնացած մասը: Որոշ մարդկանց բախտը բերում է, և նրանք ամուսնանում են իրենց առաջին սիրո հետ ու 40 տարի անց կրկին սիրում միմյանց: Իսկ ահա շատերը ստիպված են լինում շատ տարիներ ծախսել այն բանի համար, որ գտնեն իրենց 2-րդ կեսին: Մենք բոլորս տարբեր ենք, և դրանում ոչ մի վատ բան չկա:
Բայց ո՞րն է հենց իսկական սերը:
«Գոյություն ունեն սիրո տարբեր տեսակներ, օրինակ, կրքոտ սեր, որը մեծ դեր է խաղում հարաբերություններում: Սակայն, որպեսզի հարաբերությունները պահպանվեն ու հնարավորինս երկար ձգվեն, զույգերը պետք է սովորեն միմյանց գիտակցաբար սիրել»,- բացատրում է գիտությունների դոկտոր, հոգեթերապևտ Մադիտա Ռաստոջին:
Այնուամենայնիվ, կլինիկական հոգեբան Յանա Դուբինսկայան համարում է, որ իսկական սերը միայն զգացմունքները չեն: Նրա խոսքերով` իսկական սերը ցանկության ու առողջ դատողության, մտադրությունների ու խոստումների արտահայտություն է:
Երբ մարդը վերջապես գտնում է իր ճակատագիրը, նա հասկանում է, որ փնտրտուքի ու ջանքերի վրա վատնած ժամանակն արժեին դրան: Սակայն կան նաև այնպիսի դեպքեր, երբ անգամ հանդիպելով անհրաժեշտ մարդուն` շատերը միանգամից չեն կարող հասկանալ, որ հենց այդ մարդն է իրենց երկրորդ կեսը: Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել որոշակի նշանների վրա, որոնք ձեզ կհուշեն, թե այդ զուգընկերն արդյո՞ք ձեր ճակատագիրն է, թե՞ ոչ:
Ահա այդ 4 նշանների նկարագիրը`
- Դուք բաց ու ազատորեն շփվում եք միմյանց հետ:
Շփումը ցանկացած հարաբերությունների կարևոր բաղկացուցիչն է, ինչպես ռոմանտիկ, այնպես էլ՝ պարզապես ընկերական: Որպեսզի համոզվեք, որ գտել եք մարդու, ում հետ կկարողանաք ապրել ձեր ողջ կյանքը, վերլուծեք ձեր շփումը:
Շատերը հայտնվում են այնպիսի հարաբերությունների մեջ, որոնցում նրանք կարողանում են իրենց զուգընկերոջ հետ լավ ժամանակ անցկացնել, սակայն միևնույն ժամանակ՝ ընդունակ չլինեն իրենց զգացմունքների ու ցանկությունների մասին ազատորեն խոսել նրա հետ: Դա կարող է հանգեցնել հարաբերություններում խնդիրների, ինչպես նաև՝ դեպքերի մեծ մասում դառնալ վեճերի ու տարաձայնությունների պատճառ:
Դուք կարո՞ղ եք արդյոք բացեիբաց ձեր կարծիքն արտահայտել անգամ ամենաբարդ իրավիճակներում: Դուք կարողանո՞ւմ եք հանգիստ ու առանց գոռոցների հարթեցնել ձեր խնդիրներն ու լուծել վեճերը: Կիսվո՞ւմ եք միմյանց հետ ձեր զգացմունքներով: Եթե, այո, ուրեմն ձեզ ու ձեր զուգընկերոջը հաջողվել է կառուցել ազնիվ ու բաց շփում, որն էլ հենց հանդիսանում է երկարատև հարաբերությունների հիմնական բաղադրիչներից մեկը:
- Դուք համատեղելի եք:
Այստեղ խոսքը ոչ միայն ֆիզիկական համատեղելիության մասին է, այլև՝ էմոցիոնալ և հոգևոր: Ֆիզիկական համատեղելիությունը կարևոր դեր է խաղում հարաբերություններում: Չէ՞ որ զուգընկերները պետք է իրենց հարմարավետ զգան ինտիմ հարաբերությունների մեջ մտնելիս, որը պետք է հաճույք պատճառի երկուսին էլ: Այնուամենայնիվ, չարժե մոռանալ նաև էմոցիոնալ և հոգևոր համատեղելիության մասին, որը կարող է ձեր հարաբերությունները ջերմությամբ ու երջանկությամբ լցնել:
Սակայն, ի՞նչ է ենթադրվում էմոցիոնալ համատեղելիության տակ: Պատկերացրեք, որ դուք ձեր զուգընկերոջ հետ միասին գտնվում եք միևնույն ալիքի վրա: Դուք հասկանում եք միմյանց զգացմունքները ու կարող եք ճշգրտությամբ ասել, որ ձեր զուգընկերը երջանիկ կամ տխուր է` պարզապես ձեր կողքին գտնվելով: Եթե դուք լինեք մարդու հետ, ով կարողանում է գործնականորեն գուշակել ձեր տրամադրությունը, ուրեմն դուք գտել եք ձեր ողջ կյանքի սերը:
- Ձեզ դադարել է վախեցնել ապագան:
Այն մասին, որ դուք գտել եք ձեր ճակատագրի կեսին, կարող է խոսել այն հանգամանքը, որ դուք արդեն հաճելի անհանգստություն եք զգում ու անհամբերությամբ սպասում եք, թե ինչ է լինելու հետո` ապագայում: Եթե նախկինում դուք ձեր ապագան ընդամենը մի քանի ամսվա կտրվածքով էիք պլանավորում, այժմ դուք սկսել եք պլաններ կազմել մի քանի տարիների համար, և ձեր զուգընկերը դրանցում բոլորում պարտադիր կա:
Դուք սկսում եք մտածել այն մասին, թե ինչպիսի տուն գնել, կամ որ դպրոցն ուղարկել ձեր երեխաներին, և այլն: Ինչպիսին էլ որ դուք պատկերացնեք ձեր ապագան, այն ձեզ այլևս չի վախեցնում: Ավելին, դուք անհամբերությամբ սպասում եք, թե ինչ կբերի ձեզ վաղվա օրը: Գլխավորը, որ ձեր կեսը միշտ ձեր կողքին լինի, իսկ մնացածը կարևոր չէ:
- Ձեր հարաբերություններն ընտանիքի ու ընկերների հետ բարելավվել են:
Բանն այն է, որ, երբ դուք գտնում եք ձեր ճակատագիրը, ձեր ռոմանտիկ հարաբերությունները դրականորեն են ազդում այլ հարաբերությունների վրա ևս: Սերը ձեզ ուժ է տալիս ու էներգիա, որը բարերար ազդեցություն է գործում ձեր ընտանիքի ու ընկերների հետ ձեր ունեցած հարաբերությունների վրա: Ինչպես ասում են, երբ գեղեցիկ ու դրական բառեր ենք արտաբերում, մենք ինքներս էլ դառնում ենք այդպիսին:
Այսպիսով ստացվում է, որ, եթե ձեր կյանքում պոզիտիվի, երջանկության ու բարության աղբյուր կա, դուք կարող եք վերոնշյալը ձեր հարաբերություններ տեղափոխել: Իսկ վատ հարաբերությունները, ինչպես գիտենք, քաշում են ձեր կյանքի ողջ դրականը, լավ հարաբերությունները վերածում ուղիղ հակառակի: Ուշադրություն դարձրեք ընտանիքի անդամների ու ընկերների հետ ձեր հարաբերություններին, և դուք կնկատեք, որ դրանք ավելի ամուր ու պոզիտիվով լցված են դարձել:
Ողջ կյանքի ընթացքում մարդը կարող է տարբեր հարաբերություններ ունենալ` վատ, լավ կամ չեզոք: Թեպետև մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ ջերմությամբ հիշել մեր նախկին հարաբերությունները, մենք, միևնույն է, կհասկանանք, որ մեզ պարզապես վիճակված չէր լինել այդ մարդու հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը