Պատերազմի և պատերազմի միջև. նոր տարբերակ. yerkir.am
Advertisement 1000 x 90

Պատերազմի և պատերազմի միջև. նոր տարբերակ. yerkir.am

Ներածություն

 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վերջերս հրապարակեց իր տեսլականը բանակի ապագայի վերաբերյալ: Մեր իրողության մեջ սա նոր երևույթ էր, երբ նախարարը հրապարակում է երկարաժամկետ ծրագիր` դոկտրինալ ուղղություններով: Փաստաթղթի ուսումնասիրությունից հստակ երևում է, որ այդքան կարճ տեքստի մեջ ներառված են զինված ուժերի զարգացման բոլոր հարցերն ու ուղղությունները: Տեքստում հստակ աչքի է ընկնում, որ չափորոշիչներն ու մոտեցումները առաջադեմ են ու մարդակենտրոն: Սա այն ամենակարևորն է, որ միշտ պակասել է մեր բանակին, որը ժառանգել է խորհրդային, ասիական մոդելը: Նախարարի ուղերձում հատկապես աչք է զարնում պարտականության, պարտքի և առաքելության գաղափարների տարբերության ներդրումը: Եթե դա, իրոք, ներդրվի մեր բանակում, եթե, իրոք, մեր սպան սովորի այդ գաղափարին և դա սովորեցնի նաև մեր զինծառայողին, զինվորին, ապա մենք կունենանք այլ բանակ:

Կան նաև այլ հետաքրքիր և կարևոր կետեր, սակայն  հատկապես ուշագրավ էր նախարարի այն գաղափարը, որով պետք է հեռու գնալ ստատիկ, մեռյալ պաշտպանությունից: Նախարարը օգտագործել է ճկուն պաշտպանությունը, որը ենթադրում է, որ բնագծերը կարող են փոխվել, որ ավելի քան քսան տարի նույն խրամատում նստած հայ զինվորը, պետք է առաջ գնալու մասին նաև մտածի: Այս տեսանկյունից սա չափազանց կարևոր է` մենք պետք է մտածենք նախ հարձակման մասին, առաջ գնալու մասին: Այսօր չափազանց կարևոր բաներ են փոխվել մեր հակամարտության մեջ: Այսօր կողմերն այնքան զենք ու զինամթերք են կուտակել, որ չափազանց կարևոր է դարձել առաջին հարվածի էֆեկտը: Ստացվում է այնպես, որ ով առաջինը հարվածի, կարող է հաղթել կամ մեծ հաշվով մեծ առավելություն ստանալ:

Խնդրի էությունը

Ռազմական գիտությունը մշտապես պայքարի մեջ է պատերազմելու երկու ձևերի` հարձակո՞ւմ, թե՞ պաշտպանություն, նախընտրության հարցում: Ռազմական գիտության դասականները կասեն, որ սրանք մշտապես իրար հետ փոխկապակցված են, և չկա մեկի առավելությունը մյուսի նկատմամբ, որ առանց մեկի մյուսը չի լինում, որ միայն հարձակմամբ անգամ հաղթել չի կարելի, իսկ միայն պաշտպանությամբ` առավել ևս: Եվ բոլորն էլ իրավացի են այստեղ: Սակայն ամեն ինչ ավելի շատ որոշում է հենց իրավիճակը, ռազմավարական ու օպերատիվ իրավիճակը, անգամ` մարտավարական իրավիճակը կոնկրետ գործողությունների ժամանակ:

Պատերազմների պատմությունը ապացուցել է, որ ռազմի գործը զարգացրել են հարձակվողները, առաջին քայլը կամ, որ ավելի ճիշտ է ասելը, նախաձեռնությունը միշտ նրանց ձեռքում է: Նրանք են որոշում հարձակվել, նոր մեթոդներ են մշակում ու հաղթում, իսկ պաշտպանությունը նրա համար է, որ կես քայլ ուշացած միշտ փորձի նոր ելքեր ու լուծումներ գտնելի հարձակման դեմ: Հարձակվողը միշտ մի քայլ առաջ է, և պաշտպանվողը երբեք չի կարող, զուտ դիմադրելով, հաղթել: Դարերով եղել է պատերազմելու երկու մոդել` ՋԱԽՋԱԽՈՒՄ կամ ՀՅՈՒԾՈՒՄ: Այլ լուծումներ դեռ մարդկությանը հայտնի չեն: Իհարկե, ամեն ինչ որոշել է ռազմավարությունը, կամ, պարզ ասած, ռեսուրսներն ու դրանց օգտագործման հմտության արվեստը: Եթե ինչ-որ մեկն ունի անսահմանափակ կամ դիմացինից անգամներ մեծ ռեսուրսներ ու հատկապես նաև դրանք օգտագործելու լավ ավանդույթներ, ապա այդ կողմը ավելի հավանական է, որ կընտրի հյուծման ռազմավարությունը: Ռեսուրսներ ունեցողը, անգամ` ոչ լավ կառավարման մշակույթի դեպքում, կնախընտրի այս ճանապարհը, քանի որ այլ ելք ուղղակի չի ունենա: Եթե մյուսն ունի ավելի սակավ ռեսուրսներ, ապա կամա, թե ակամա կնախընտրի ջախջախման մոդելը, որն այլ կերպ ռազմական գործում անվանում էին մեկ, գլխավոր ճակատամարտի պատերազմ: Իհարկե, հենց մեկ ճակատամարտով պատերազմները անցյալում են, սակայն մոտեցումն այնքան էլ չի փոխվել:

Պատմական օրինակները

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում տեղի ունեցած պատերազմներում գրեթե միշտ ավելի սակավ, սակայն ավելի կոմպակտ, ավելի արհեստավարժ ու ավելի կազմակերպված բանակները գրեթե միշտ հաղթանակ են տարել դասական կամ, այլ կերպ ասած, կոնվենցիոնալ պատերազմներում: Լավագույն օրինակները չին-վիետնական, արաբա-իսրայելական, ֆոլկլենդյան և իրաքյան պատերազմներն են: Սակայն ռազմարվեստի տեսանկյունից մեզ համար նշանակալի են հատկապես արաբա-իսրայելական պատերազմները: Այս պատերազմները ուսանելի են մեզ համար, քանի որ ընթացել են ուժերի անհավասար պայմաններում և ռազմավարական ու օպերատիվ իրավիճակներով շատ նման են մեր իրավիճակին: 1947-1949թթ. և 1956-1957թթ. պատերազմներում պարտություններից  հետո արաբական աշխարհը, հատկապես` Եգիպտոսն ու Սիրիան անթաքույց զինվում էին ու հայտարարում, որ մի օր ուղղակի աշխարհի երեսից ջնջելու են Իսրայելը: Սպառազինվում էին շնորհիվ ԽՍՀՄ-ի անսահման օգնության: 1967թ. դրությամբ այդ օգնության շնորհիվ ուժերի հարաբերակցությունը հասել էր 1:6-7` հօգուտ արաբների:

Նոր լուծումները

Այս օրինակները լավագույնս ապացուցում են, որ սակավաթիվ, սակայն լավ պատրաստված ու արհեստավարժ բանակը, հատկապես` ճկուն կառավարմամբ, անգամ` ոչ իդեալական զինատեսակներով կարող է հասնել հաջողության մեծաթիվ և դանդաղաշարժ զորքերի նկատմամբ: Մեծ բանակների խնդիրը ոչ միայն դրանց դանդաղաշարժությունն է ֆիզիկապես, այլ նաև որոշումների կայացման դանդաղությունը, որը հետևանք է հրամանատարության անվճռականության ու ինքնուրույնության պակասի: Ադրբեջանական բանակում ևս դա առկա է. չնայած նոր զինատեսակների առկայությանը, երբեմն բարձր կարգապահությանը և այլն` ադրբեջանական բանակի սպաները որոշումների կայացման ազատության խնդիր ունեն: Մեր դեպքում հարկավոր է ավելի խորացնել ավելի ազատ որոշումներ կայացնող սպայակազմի ինստիտուտը, որին հասնելու լավագույն ճանապարհը կրթությունն է:

Հավանական սցենարներ

Նման զորքերի և մարտական պատրաստության առկայության դեպքում հայկական զինված ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի զորքերի հիմնական դասավորությունը և գործողությունների պլանները քողարկվեն հիմնականում ակտիվ տեղաշարժերի միջոցով: Հայկական զինված ուժերը պետք է կազմեն ճկուն հարձակողական պլան, որի իրականացման հաջողությունը պետք է հիմնված լինի հրամանատարական կազմի ինքնուրույն և նախաձեռնողական մոտեցումների, անձնակազմի մարտական բարձր պատրաստության և, որոշ զինատեսակների դեպքում, որակյալ առավելության վրա:

Դրանից հետո, օգտվելով հակառակորդի քայլերից ու ագրեսիվությունից, առանց պատերազմ հայտարարելու, արագ ու կանխավ, թեկուզ մաս-մաս կատարված մոբիլիզացիայից հետո, հայկական օդուժի անակնկալ հարվածի հետ զուգահեռ, հայկանան ցամաքային զորքերը պետք է անցնեն հարձակման: Հարձակումը պետք է լինի շատ արագ, այնքան արագ, որ ուղղակի հակառեակցիան անիմաստ լինի և արդեն հարվածների ենթարկված ենթակառուցվածքների պարագայում դառնա մի մեծ ու անկառավարելի գործընթաց ադրբեջանական ԳՇ-ի համար: Օդուժը առաջին հարվածները պետք է հասցնի օդանավակայաններին և առանց ժամանակ կորցնելու անցնի հրամանատարական կետերին ու Կուր գետի կամուրջներին: Ադրբեջանական կորպուսների մատակարարման ուղիները ուղղակի պետք է մշտապես ենթարկվեն հարվածների: Հարձակման հիմնական ուղղությունը պետք է լինի Մարտակերտ-Թարթառ-Եվլախ ուղղությունը: Ձորախմբի ձախ թևով պետք է հարվածել Գանձակի ուղղությամբ, արագ հաջողության չհասնելու պարագայում անգամ կարելի է շրջափակել քաղաքը` թողնելով, որ խաղաղ բնակչությունը հանգիստ դուրս գա քաղաքից և լրացուցիչ խնդիրներ ստեղծի առանց այն էլ մատակարարման խնդիրներ ունեցող ադրբեջանական բանակի համար: Այս ուղղությամբ հայկական բանակի դիրքերը Կուրից հեռու են ընդամենը 50 կմ:

Վան Սեբաստացի

Ամբողջությամբ՝ yerkir.am



Նման նյութեր