Մենք բոլորս գիտենք, թե որքան վնասակար են վերամշակված մթերքները, որոնք փաստորեն ոչ մի սննդարար արժեք չունեն ու բազմաթիվ կոնսերվանտներ են պարունակում։ Իսկ այդ դեպքում ինչո՞ւ են այդ մթերքները, օրինակ չիփսերը, փքաբլիթներն ու կրեկերները, մեզ այդքան գրավիչ թվում։ Այդ հարցին փորձել են պատասխանել Յելի համալսարանի գիտնականները։
Փորձին մասնակցել է 206 մարդ։ Առաջին օրը կամավորներին ցույց են տվել մթերքների պատկերներով քարտեր ու խնդրել են նկարագրել այդ մթերքների հանդեպ իրենց վերաբերմունքը, նաև գնահատել դրանց կալորիականությունը։ Հաջորդ օրը մասնակիցներին բազմազան նախաճաշ են տվել։ Նախաճաշից երեք ժամ հետո կամավորներին տոմոգրաֆիա են արել։
Ուղեղի ՄՌՏ սքանավորման ժամանակ մասնակիցները պետք է տարբեր սննդամթերք գնեին։ Ընդ որում՝ նրանց տրամադրության տակ գտնվող փողի քանակությունը սահմանափակ էր։ Պարզվել է, որ կամավորները ավելի հաճախ վճարում էին այն սննդամթերքի համար, որոնք հագեցած են ճարպերով ու ածխաջրերով։ Դեպքերի մեծամասնության դեպքում դրանք վերամշակված մթերքներ էին։ Ընդ որում՝ մասնակիցների գլխուղեղում ակտիվացել էր պարգևատրման կենտրոնը։ Կալորիական մթերքի գնման ընթացքում պարգևատրման գոտին նույնիսկ ավելի ակտիվ էր, քան այն պահերին, երբ մարդը տեսնում էր իր սիրելի կերակրատեսակը։