Լևոն Զ Լուսինյան
Advertisement 1000 x 90

Լևոն Զ Լուսինյան

Պատմաբան Վահե Անթանեսյանի ակնարկը հայոց վերջին թագավոր Լևոն Զ Լուսինյանի մասին: XIV դարի կեսերից Կիլիկիայի հայոց թագավորությունն արդեն հոգեվարք էր ապրում: Կիլիկյան իշխանավորների անհեռատես քաղաքականության հետևանքով երկիրը հայտնվել էր խոր ճգնաժամի մեջ: Կիլիկիան լիովին խաչակիր ասպետների և Հռոմի պապի ազդեցության տակ էր, որոնք հայերի մեջ կաթոլիկություն տարածելու գնով քաղաքական ու տնտեսական ճնշումներ էին գործադրում՝ փորձելով Կիլիկիան դարձնել ռազմաբազա Եգիպտոսի սուլթանության դեմ պայքարում: Կիլիկիայի հայոց արքաները, անսալով հարևան եգիպտական տերության բազում առաջարկներին, միևնույն է, լծվեցին խաչակիր-քրիստոնյա ասպետների ռազմակառքին…

Եվրոպացի ասպետները, բնականաբար, իրենց նկրտումները ներկայացնում էին հայոց պետականությունն ու հայ ժողովրդին մահմեդական Եգիպտոսից փրկելու առաքելության քողի տակ, և իրենց նպատակներն իրականացնելու համար Կիլիկիայի իշխանավորներից պահանջում էին հրաժարվել դավանանքից ու կաթոլիկություն ընդունել: Դեռևս 1305 և 1307 թթ. Սսի ժողովով հայ ավագանին և եկեղեցին կաթոլիկություն ընդունեցին, ինչը, սակայն, միանշանակ չընկալվեց երկրում, և Կիլիկիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց:

Արյունահեղ բախումներ եղան, և Կիլիկիան բաժանվեց երկու բանակների՝ ունիթորների, որոնք կողմ էին կաթոլիկ եկեղեցու հետ ունիային՝ միությանը, և հակաունիթորների, որոնք դեմ էին հայերի կաթոլիկացմանը:

Հայոց արքունիքը, պաշտոնապես կաթոլիկություն ընդունելով, նամակներով հեղում էր ողջ Եվրոպան՝ կոչ անելով խաչակրաց նոր արշավանք կազմակերպել դեպի Արևելք: Անգամ եգիպտական սուլթանության մի քանի պատժիչ արշավանքները չկարողացան հետ պահել հայոց անհեռատես գահակալներին: Կարծես հայոց արքաների և եկեղեցու համար միակ խնդիրը Երուսաղեմի ազատագրումն էր:

Եվ ահա 1337 թ. եգիպտական սուլթան Մելիք Նասրը պատժիչ արշավանք իրականացրեց դեպի Կիլիկիա՝ նվաճելով երկրի կարևորագույն քաղաքները:

Լևոն V արքան ի վերջո խնդրանքով դիմում է Մելիք Նասրին` հայցելով նրա ներողամտությունը: Մելիքը բանտարկել է տալիս Կիլիկիո պատվիրակներ Բոհեմունդ Լուսինյանին, իշխան Սիրունին ու իշխան Վասիլին և թելադրում իր պայմանները, այն է` հայոց արքան ու եկեղեցին պետք է խզեն իրենց կապերը Հռոմի պապի հետ և եվրոպացիներին չառաջնորդեն Արևելք: Լևոնը երդվում է Ավետարանի վրա, և հաշտություն է կնքվում:

Սակայն, անհեռատես Լևոն V-ը դրժում է երդումն ու դարձյալ բանակցություններ սկսում Բենեդիկտոս ԺԲ պապի հետ, որը ազատում է Լևոնին իր տված երդումից ու առաջարկում հայ եկեղեցու ունիան Վատիկանի հետ, ինչը հայոց արքայի ու կաթողիկոսի սրտով էր: Հետևանքն այն եղավ, որ Մելիք Նասրը գրավեց Դաշտային Կիլիկիան Այաս նավահանգստով հանդերձ: Կիլիկիան զրկվեց Այաս նավահանգստից, որ հսկայական եկամուտներ էր ապահովում հայոց գանձարանի համար:

Այս իրավիճակը տևեց ևս մի քանի տասնամյակ, մինչև 1375 թ. եգիպտական մամլուքների հարվածներից ընկավ Կիլիկիո մայրաքաղաք Սիսը: Նրա պարիսպների վրա մաքառում էր հայոց վերջին թագակիրը՝ Լևոն VI Լուսինյան արքան:

Լևոն VI-ը ծնվել է 1340 թ.: Հայրը ֆրանսիական Լուսինյան տոհմի Ջիվան ասպետն էր, մայրը հայուհի էր՝ Սուլթան անվամբ: Ջիվան Լուսինյանը վաղ էր մահացել: Իսկ երբ Կիլիկիայում գահ բարձրացավ Կոստանդին IV արքան, որ հալածանքներ սկսեց ունիթորների նկատմամբ, Սուլթան իշխանուհին իր զավակների հետ ապաստանեց Կիպրոս կղզում, որի գահակալները նույնպես Լուսինյաններ էին: Շուտով հայոց գահին Կոստանդին IV արքային հաջորդեց Կոստանդին V-ը, որ կաթոլիկ լինելով՝ հալածանքներ սկսեց հակաունիթորների դեմ: Նրա դավադիր սպանությունից հետո ունիթորները Կիպրոսից հրավիրեցին նրա ազգական Լևոն Լուսինյանին՝ զբաղեցնելու հայոց թափուր գահը, և 1374 թ. Լևոն VI-ը բազմեց բզկտված ու հոգեվարք ապրող Կիլիկիայի գահին: Լևոնը Սիս ժամանեց սեպտեմբերին ու Սուրբ Սոֆիայի տաճարում հայոց թագավոր օծվեց լատինական ծեսով: Մայրաքաղաքում նորից ընդվզումներ սկսվեցին, և թագավորը ստիպված էր կրկնել օծման արարողությունն արդեն հայոց ծեսով:

Բազմելով հայոց գահին՝ Լևոն VI-ը, ցավոք, հետևություն չարեց իր նախորդների վարած սխալ ու կործանարար քաղաքականությունից և անմիջապես պատգամավորներ ուղարկեց Արևմուտք՝ նոր խաչակրաց արշավանքներ կազմակերպելու կոչերով: Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆի և Հալեպի ամիրայի միացյալ զորքերը դարձյալ պատժիչ արշավանքի ելան Կիլիկիայի դեմ ու ջարդելով սահմանապահ հայոց զորքերը՝ 1375 թ. հունվարի 5-ին պաշարեցին Սիս մայրաքաղաքը: Թագավորը դիմադրություն կազմակերպեց: Սակայն սովը, համաճարակը հնձում էին հայոց բանակի շարքերը: Թշնամին երկարատև պաշարման անցավ: Ի վերջո, սպառելով դիմադրության բոլոր պաշարները և ստանալով կյանքի ու ապահովության երաշխիք, 1375 թ. ապրիլի 22-ին Լևոն VI-ը անձնատուր եղավ թշնամուն: Կիլիկիայի հայկական թագավորությունը կործանվեց: Արաբ զորավար Իշիկ-Թեմուրը գերեց հայոց արքային ու նրա ընտանիքը, կաթողիկոսին, հայոց շատ մեծամեծների և տարավ Եգիպտոս: Սուլթանը բարեգթություն ցուցաբերեց և ազատ արձակեց բոլոր գերվածներին` Մարգարիտ թագուհուն, կաթողիկոսին, իշխանավորներին:

Լևոն VI-ին չկալանեց, ազատ արձակեց և թոշակ նշանակեց, բայց հայոց գահազուրկ արքան իրավունք չուներ լքելու Եգիպտոսը: Նրա վրա հսկողություն սահմանեց Սեյֆ էդ-Դին էմիրը: Կահիրեի հայոց համայնքը հայոց գահազուրկ արքային օրական 60 արծաթ էր հատկացնում գոյության համար: Լևոնը դարձավ անհայրենիք, անպետություն ու անժողովուրդ թափառական գահակալ: Նա ընդամենը երկու ծառա ուներ և ապրուստի միջոցներ, բայց ոչ ավելին: Նրա խոստովանահայրը ֆրանսիացի քահանա Ժան Դարդելն էր, որ իր «Ժամանակագրության» մեջ մանրամասն նկարագրում է Լևոնի կյանքի վերջին 18 տարիները: Լևոնը սուլթանի ճնշմամբ թուղթ էր գրել, որ բացի Կահիրեից, չի ցանկանում այլ քաղաքում ապրել և իրեն շատ լավ է զգում Եգիպտոսում: Սուլթանը վախենում էր բաց թողնել նրան, որ առիթ չտա նոր խաչակրաց արշավանքի: Գերության մեջ հայոց արքան նամակներով և իր հավատարիմ զինակիր ասպետ Սոխլեր Դյուլկարտի միջոցով բազմիցս դիմել է Հռոմի պապին, Բյուզանդիայի կայսրին, եվրոպական տիրակալներին` խնդրելով փրկագնել իրեն:

1377 թ. միջնորդությամբ Եգիպտոս եկան Բյուզանդիայի կայսր Հովհաննես V-ի և Նեապոլի Ժաննա թագուհու դեսպանները, սակայն նրանց առաքելությունը հաջողությամբ չպսակվեց: Շուտով Կահիրե հասավ Արագոնիայի թագավոր Պեդրո IV-ի դեսպան Ֆրանսուա Սակլոզը, որ խնդիր ուներ միջնորդել սուլթանին վերադարձնելու արագոնացի վաճառականների թալանված ունեցվածքը: Կահիրեում դեսպանը հանդիպեց Լևոն VI-ին, հուզվեց նրա վիճակից ու միջնորդեց սուլթանին ազատել նրան: Սուլթանը պահանջեց, որ Արագոնիայի արքան Լևոն VI-ի համար հատուկ դեսպան ուղարկի իր մոտ:

Արագոնիայի արքան, ստանալով իր դեսպանի ուղերձը, իր երկրի եպիսկոպոսին կարգադրեց եկեղեցական հասույթի մի մասը հատկացնել հայոց գերված թագավորի փրկագնման համար: 1380 թ. նա նոր դեսպան ուղարկեց Կահիրե: Միաժամանակ Ժան Դարդելը հաջողություն ունեցավ Կաստիլիայի թագավոր Խուան Առաջինի մոտ, որը նույնպես հարուստ նվերներով դեսպան ուղարկեց Եգիպտոս: Խուան Առաջինը եգիպտական սուլթանին ընծայեց ոսկեջրած արծաթյա հրաշալի անոթ, ոսկյա սկիհ՝ կափարիչով, չորս կտոր կարմիր մահուդ, 3000 կուղբի մորթի, չորս որսորդական բազե. ըստ էության՝ չնչին արժեք հայոց արքայի փրկագնման համար: Հարկ է նկատել, որ հայոց եկեղեցին ոչինչ չձեռնարկեց գերյալ հայոց արքայի ազատության համար: Դարդելի դեսպանությունը Լևոնին գտավ ընկճված ու հուսահատ: Այս ընթացքում մահացել էին նրա կինը՝ թագուհի Մարգարիտը և դուստրը՝ Մարիամը: Սուլթանը որոշեց խորամանկել. նա ընդունեց երկու արքաների ընծաներն ու ազատեց Լևոնին, ապա կրկին որոշեց կալանել: Սակայն Լևոնը կարողացավ խույս տալ. Ալեքսանդրիայում նա հասցրեց նավ նստել, սուլթանի ուղարկած զինվորներն ուշացան:

Հայոց գահազուրկ արքան անցավ Հռոդոս, ապա Վենետիկ, այնտեղից Ավինյոն ու ներկայացավ Կլեմենտ Է պապին: Պապը հանդիսավոր ընդունելություն կազմակերպեց հայոց արքայի համար ու նրան պարգևատրեց «Ոսկյա վարդ» շքանշանով: Ապա Լևոնն այցելեց Արագոնիայի արքային, որը ջերմ ընդունելություն կազմակերպեց նրա համար:

Վերջապես օգոստոսին Լևոնն այցելեց իր փրկչին՝ Կաստիլիայի թագավորին: Խուան Առաջինը խոստացավ աջակցել հայոց արքային` վերագտնելու իր գահը նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու միջոցով:

Նա Լևոնին նվիրեց Մադրիդ քաղաքն իր շրջակայքով, որ տարեկան 100.000 արաբական դրահմա եկամուտ էր բերում: Սակայն Մադրիդը հայոց արքային տրվեց ցկյանս, առանց ժառանգական իրավունքի: 1384 թ. Լևոնը գնաց Նավարա` Արագոնիա, որի արքան նրան խոստացավ 200 զինվոր, եթե ուզենա վերագրավել իր թագավորությունը: 1384 թ. ամռանը Լևոնը Փարիզում էր: Նրան այնտեղ փառահեղ ընդունելություն էր սպասում: Ժան Դարդելը գրում է. «Դուրս եկավ դիմավորելու Ֆրանսիայի թագավոր Կառլոս VI-ն արքայազնների, դուքսերի, կոմսերի, բարոնների, ասպետների, կարդինալների, եպիսկոպոսների և բազում այլ ազնվականների ու հասարակ ժողովրդի հետ: Եվ բոլորը զարմանում էին, որ թագավորը դուրս է եկել իր մայրաքաղաքից և ընդառաջ է գնում հայոց թագավորին»:

Նրա պատվին Լուվրում հանդիսավոր ճաշ տրվեց: Ֆրանսիայի արքան Լևոնին բնակության համար տվեց Փարիզի մերձակայքի Սեն Օուեն պալատը, նաև ամսական 500 ֆրանկ թոշակ նշանակեց: 1385 թ. Կառլոս VI-ը Լևոնին որպես դեսպան ուղարկեց Անգլիա` Հարյուրամյա պատերազմի այդ ընթացքում կարգավորելու ֆրանս-անգլիական հարաբերությունները: Լոնդոնում նրան ընդունեց Ռիչարդ II-ը: Լևոնը մեղադրեց անգլիացիներին պատերազմի համար ու կոչ արեց սուրը համատեղ ուղղել Արևելքի մահմեդականների դեմ: Իր հերթին Ռիչարդ II-ը Լևոնին տարեկան 1000 ֆունտ թոշակ նշանակեց, մինչև նա կվերագրավեր իր գահը:

Եվ այսպես, թափառական կյանքով անցկացնելով վերջին օրերը՝ 1393 թ. նոյեմբերի 29-ին Փարիզում 53 տարեկան հասակում մահացավ հայոց վերջին թագավոր Լևոն Զ Լուսինյանը և թաղվեց սբ.Քրիստինե վանքում: Տապանաքարը՝ Լևոն VI-ի սպիտակ մարմարե արձանով, Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո՝ 1794 թ., փոխադրվել է Սեն Դընի արքայական դամբարան:



Նման նյութեր