4 քիմիական նյութ, որոնց հետ երեխաները ցանկալի է շփում չունենան
Advertisement 1000 x 90

4 քիմիական նյութ, որոնց հետ երեխաները ցանկալի է շփում չունենան

Որոշ սննդային հավելանյութեր ու քիմիական նյութեր, որոնք պարունակվում են սննդամթերքների փաթեթավորումների մեջ, լուրջ սպառնալիք են ներկայացնում երեխաների առողջության համար։ Այս մասին նշված է Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի Pediatrics ամսագրում հրապարակված հաշվետվության մեջ։

Գիտնականները թվարկել են քիմիական նյութերի չորս հիմնական խմբեր, որոնք շատ վտանգավոր են առհասարակ բոլոր մարդկանց ու մասնավորապես՝ երեխաների համար։

Սննդային արհեստական ներկանյութեր

Հաշվետվությունը մեջբերում է հետազոտություններ, որոնք ցույց են տալիս կապ սննդային ներկանյութերի ու որոշ երեխաների  հիպերակտիվ վարքագծի աճի  միջև։ Սննդակարգից սինթետիկ ներկանյութերը հանելուց հետո հիպերակտիվության ու ուշադրության պակասի ախտանշանները նվազել էին։

Բիսֆենոլ A ու այլ բիսֆենոլներ

Բիսֆենոլ A -ն (ԲՖԱ) օգտագործվում է պլաստիկ կոնտեյներների պլաստիկ հատկությունները լավացնելու ու մետաղական բանկաների ծածկույթների մեջ։  Դեղորայքի ու սննդամթերքի հսկողության հարցերով ամերիկյան ադմինիստրացիան (FDA) արգելել է այդ նյութերի գործածումը պլաստիկ բաժակներում, բայց այլ մթերքների համար սահմանափակումներ չկան։

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ մեծահասակները նորմալ են յուրացնում բիսֆենոլները, բայց այդ նյութերը մեծ վտանգ են ներկայացնում երեխաների համար, քանի որ նրանց օրգանիզմը դեռ զարգանում է։ Այդ նյութերի ազդեցությունը կարող է հանգեցնել սեռական հասունացման ժամկետի փոփոխմանը, օրգանիզմում ճարպի քանակի ավելացմանը ու բեղունության հետ կապված խնդիրների առաջացմանը։

Ֆտալատներ

Ֆտալատները հաճախ են պարունակվում պլաստիկ փաթեթավորման թաղանթների ու փաթեթավորման այլ նյութերի մեջ։ Դրանց ազդեցությունը կարող է բարձրացնել ասթմայի զարգացման հավանականությունը,  զարկերակային ճնշումը, հանգեցնել ճարպակալման ու այլ խնդիրների։

Հաշվետվության հեղինակները ծնողներին խորհուրդ են տալիս խուսափել սնունդն ու ըմպելիքները պլաստիկ տարաներով ջեռոցում տաքացնելուց, քանի որ պլաստիկի մեջ պարունակվող քիմիկատները տաքանալիս հայտնվում են սննդի մեջ։

Նիտրատներ ու նիտրիտներ

Նիտրատներն ու նիտրիտները հավելանյութեր են, որոնք գործածվում են պահածոյացված մսամթերքի ու վերամշակված մթերքների գույնի լավացման ու պահպանման ժամկետի երկարացման համար։ Հաշվետվության մեջ նշվում է, որ նիտրատներն ու նիտրիտները կարող են ազդել վահանաձև գեղձի հորմոնի արտադրման վրա ու որոշ դեպքերում նույնիսկ վերածվում են քաղցկեղածինների ։

Հաշվետվության մեջ նշված են նաև պերֆտորալկիլ նյութերը, որոնք գործածվում են ուտելիքի փաթեթավորման համար,  քանի որ դրանք վնասակար ազդեցություն ունեն վահանաձև գեղձի վրա։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ վահանաձև գեղձի հորմոնը կարևոր է գլխուղեղի զարգացման ու սրտի ֆունկցիայի, նաև ոսկորների ու մկանների ֆունկցիաների համար։ Փաստացի՝ օրգանիզմի բոլոր համակարգերի համար»,- ասել է Տրասանդեն։

med.news.am