Վաղը՝ հուլիսի 28-ին, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Կոնստանտին Կոզմանովն ու երիտասարդ լրագրող Անահիտ Հովհաննիսյանը կնշանադրվեն:
Այդ մասին զույգն առաջինն Aysor.am-ին տեղեկացրեց:
Ի հակադրություն շատերի՝ այս զույգն անակնկալների սիրահար չէ: Նրանց նշանադրությունը տեղի կունենա նախապես պլանավորված հայկական ավանդական եղանակով՝ ընտանեկան նեղ միջավայրում, այնուհետև կմեկնեն Կապան՝ արձակուրդային շրջանն այնտեղ անցկացնելու ու հանգստանալու:
«Նշանադրությունը կլինի տանը, ներկա կլինեն մայրս, մեր քավորը՝ իր կնոջ ու դստեր հետ, մեր ընտանիքի լավագույն բարեկամներից մեկը, ընկերս՝ ատամնաբույժ Հարութ Գրիգորյանը, ով մեր պսակադրության ժամանակ հանդես կգա «ազաբ բաշիի» դերում», – մեզ հետ զրույցում նշեց դերասանը:
Ա. Հովհաննիսյանն, ինչպես անձամբ ընդգծեց, թեև բնույթով անհանգիստ մարդ չէ, բայց իր կյանքի կարևոր այս օրվան բավական մանրակրկիտ է պատրաստվել: Նույնիսկ հագուստի հարցում սիրելիի հետ է խորհրդակցել:
«Այո, բնույթով անհանգիստ մարդ չեմ, սակայն նշանադրությունը սիրելի մարդու հետ կարևոր ու հաճելի արարողություն է աղջկա կյանքում։ Զգացողությունները խառն են, կարևորն այն երջանկության զգացողությունն է, որն ունեմ, ու այն վստահությունը, որ սիրելիս նույնպես երջանիկ է այնքան, ինչքան ես… Զգեստն ընտրել եմ ինքս, սակայն ընտրյալս նույնպես հավանել է, չնայած վստահում է իմ ճաշակին, հավանածս բոլոր շորերի նկարները տեսել է և համաձայնել իմ ընտրության հետ», – պատմեց հարսնացուն:
Կոնստանտինն ու Անահիտը ծանոթացել են շուրջ 3 ամիս առաջ: Ապրիլի 28-ին էր, որ որոշեցին՝ այսուհետ կողք-կողքի են քայլելու՝ հայացքը՝ նույն ուղղությամբ:
«Մենք աշխատում ենք Պատանի հանդիսատեսի թատրոնում: Նրա հանդեպ իմ հետաքրքրությունը սկսվեց ապրիլից, մեր առաջին ժամադրությունը ապրիլի 28-ին էր, որից հետո իմ մոտ սերը սկսեց բողբոջներ տալ ու շատ արագ ծաղկել», – ժպիտով վերհիշեց նորափեսան:
Անահիտը խոստովանում է՝ իրեն գրավել է Կոնստանտինի ոչ միայն արտաքին, այլ նաև՝ ներքին հմայքը:
«Ապրիլ ամսից օնլայն հարթակում շփվում ենք: Ինձ դուր էր գալիս մեր շփումը, Կոստյայի գրագիտության մակարդակը, ցանկացած հարցի շուրջ իր ձևավորված ու հիմնավորված կարծիքն ունենալը, սակայն այդ ժամանակ դեռ չէի պատկերացնում, երբևէ մենք կնշանվենք։ Մեր առաջին հանդիպումը եղավ ապրիլի 28-ին, հենց այդ օրը հասկացա, որ ինքն այն մարդն է, ում ուզում եմ տեսնել իմ կողքին», – ընդգծեց նա:
Ամբողջությամբ՝ aysor.am