Հայկական հեռուստասերիալներից և սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան օրերս ամուսնացել է և լքել ցանկալի հարսնացուների շարքերը: Դերասանուհու ընտրյալն ազգությամբ հնդիկ է, հարսանիքն էլ անցել է Հնդկաստանում՝ հնդկական ավանդույթներով: Սիլվին այսուհետ կբնակվի Մումբայում:
NEWS.am STYLE-ն, իհարկե, շնորհավրել է դերասանուհուն կյանքի կարևորագույն իրադարձության առթիվ և զրուցել նրա հնդկական հարսանիքի ու ընտրյալի մասին, ինչպես նաև փորձել պարզել՝ արդյոք դերասանուհին այսուհետ կշարունակի՞ նկարահանվել հայկական նախագծերում: Սիլվին նաև մեզ է տրամադրել իր հարսանեկան լուսանկարները:
Խոսելով ամուսնու մասին՝ նա նշեց.«Նա իր պրոդյուսերական ընկերությունն ունի, նաև զբաղվում է բիզնեսով: Մասնագիտությամբ տնտեսագետ է: Ծանոթացել ենք անցած տարի՝ իմ ծննդյան օրը: Ինձ ցույց տվեց մի աղջկա լուսանկար և հարցրեց՝ ճանաչու՞մ եմ: Ասացի ոչ: Ասաց՝ «Բայց հայ ա, ո՞նց չես ճանաչում», ես էլ ասացի՝ «Ինչո՞ւ, դու բոլոր հնդիկներին ճանաչու՞մ ես:)» Դե, իհարկե, հետո պարզվեց, որ դա ուղղակի պատրվակ էր ինձ հետ խոսելու»:
Հարսանիքը հնդկական ավանդույթներով նշելը զույգի համատեղ որոշումն է եղել:
«Մենք ենք այդպես որոշել, որովհետև ինձ համար համաշխահային ոչ մի շքեղ հարսանիք չի կարող հասնել հնդկական հարսանիքին: Այդ օրը այս ազգի համար ուրիշ նշանակություն ունի, պատրասվում են ամիսներով, ուստի ամեն ինչ հեքիաթ է, ու մեր պատկերացրած հարսանիքի մասին պատկերացումներց դուրս ու շքեղ»,- ասում է դերասանուհին:
Ինչ վերաբերում է Հայաստանում կամ Հնդկաստանում դերասանական գործունեության ծավալմանը՝ Սիլվին նշեց.
«Դժվարանում եմ պատասխանել: Խանդոտ է:)»:
Դերասանուհին հնդկական ավանդույթներին հարմարվելու խնդիր չունի, ասում է՝ ամուսինն ավանդապաշտ չէ, ուստի նման խնդիրներ ապագայում էլ չեն առաջանա.
«Սիրելի մարդու հետ միշտ հեշտ է, անգամ դժվարությունների ժամանակ»,- եզրափակեց դերասանուհին: