«Մեծ պայթյունի տեսությունը» կատակերգական սերիալի ստեղծողները հայտարարել են այն փակելու մասին: 12-րդ եթերաշրջանը վերջինը կդառնա նախագծի համար: Այդ մասին օգոստոսի 22-ին հայտնել է Variety-ն: Warner Bros. Television, CBS и Chuck Lorre Productions ընկերությունները համատեղ հայտարարության մեջ երկրպագուներին շնորհակալություն են հայտնել աջակցության համար:
«Մենք դերասանների, սցենարիստների և ողջ թիմի հետ միասին շատ բարձր ենք գնահատում սերիալի հաջողությունը և ձգտում ենք եզրափակիչ եթերաշրջանն ու եզրափակիչ սերիան դարձնել առավելագույնս էպիկական»,- նշել են ստուդիաները: «Տեսությունը» 11-րդ և 12-րդ եթերաշրջաններով երկարացնելու վերաբերյալ հաղորդվել էր 2017 թվականի փետրվարին:
Մինչ այդ նախագիծը փակման եզրին էր հայտնվել այն բանի պատճառով, որ դերասանները հրաժարվում էին երկարացնել պարտավորագրերը: «Մեծ պայթյունի տեսությունը» առավել մեծ ժողովրդականություն վայելող ժամանակակից սիթքոմներից մեկն է ԱՄՆ-ում և բազմաթիվ այլ երկրներում: 11-րդ եթերաշրջանի լսարանը կազմել է մոտավորապես 14 միլիոն մարդ:
Շելդոն Քուփերի դերակատար Ջիմ Փարսոնսը, ըստ Forbes-ի վարկածի, 2016 թվականի նոյեմբերին դարձել է հեռուստատեսության ամենաթանկ դերասանը: Նրա գործընկերներ Ջոննի Գալեքին (Լեոնարդ), Սայմոն Հելբերգը (Հովարդ) և Կունալ Նայարը (Ռաջեշ) զբաղեցրել են հաջորդ երեք հորիզոնականները: Սերիալն առաջին անգամ էկրան է բարձրացել 2007 թվականի սեպտեմբերին: