ԱՄՆ-ի կողմից հետախուզվող և ՀՀ ոստիկանության կողմից ձերբակալված թուրք Քեվին (Քեմալ) Օքսուզը նախքան Հայաստան տեղափոխվելն ու այստեղ գործունեություն ծավալելը հակահայկական լոբբիստական գործունեություն է ծավալել Միացյալ Նահանգներում: Ընդ որում, այդ գործունեության համար օգտագործվել են ադրբեջանական նավթադոլարները:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը գնացել է Հայաստանում և երկրի սահմաններից դուրս Օքսուզի գործունեության հետքերով և մի շարք ուշագրավ փաստեր արձանագրել:
Թուրք գործիչը 2017թ. Հայաստանում գրանցել է «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը: Ինչպես «Արմենպրես»-ը պարզեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից, «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը հիմնադրվել է 2017թ. անժամկետ գործունեության հիմքով: Ընկերությունը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցվել է Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի 12Ա հասցեում:
«Սփյուռ» տեղեկատվական համակարգի տվյալներով՝ «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը զբաղվում է միջոցառումների և զբոսաշրջիկների համալիր սպասարկման կազմակերպմամբ: Ընկերության տնօրենն Օքսուզն է: «Արմենպրես»-ը փորձեց կապ հաստատել ընկերության հետ՝ ճշտելու գործունեության մանրամասները, սակայն «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ»-ից մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին:
«Արմենպրես»-ն ուշագրավ տեղեկություններ է հավաքել նաև Օքսուզի՝ նախկինում ծավալած գործունեության վերաբերյալ: Մասնավորապես, ամերիկյան Washington Post պարբերականը 2015թ. մայիսին հրապարակված հոդվածում նշում է, որ 2013 թվականին Բաքվում անցկացված «Հայացք ապագային» խորագիրը կրող միջոցառումը, որին մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, նրանց ամուսինները, ԱՄՆ 42 նահանգների օրենսդիրներ, ֆինանսավորվել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերության կողմից: Նշվում է, որ SOCAR-ը ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում գրանցված և Քևին Օքսուզի համանախագահությամբ գործող «Ադրբեջանի ընկերների ասամբլեա» ոչ առևտրային կազմակերպության միջոցով 750 հազար ԱՄՆ դոլար է վճարել միջոցառման անցկացման համար: Պարբերականը նաև գրում է, որ «Ադրբեջանի ընկերների ասամբլեա»-ի տնօրենը եղել է ԱՄՆ էներգետիկայի գործող նախարար, այն ժամանակ՝ Տեխասի նահանգապետ Ռիք Փերիի քույրը:
Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի գրասենյակի կողմից իրականացված անկախ հետաքննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերում առկա է էլեկտրոնային փոստի նամակագրությունը Քևին Օքսուզի և այն ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, այժմ ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնի միջև: Նշվում է, որ Ջիմ Բրայդենսթայնը, ով նույնպես մասնակցել է Բաքվում կայացած միջոցառմանը, Վաշինգտոն վերադառնալուց հետո Washington Times-ում տպագրված հոդվածում ընդգծել է ադրբեջանական գազատարների կարևորությունը ՆԱՏՕ-ի անվտանգության համար:
Մասնավորապես, Քևին Օքսուզին ուղղված նամակում Ջիմ Բրայդենսթայնը գրել է. «Քեմալ, ես լրացնում եմ նվերների հայտարարագիրը: Կարո՞ղ ես ասել, թե ով է նվիրել ինձ երկու գորգը, որոնք ես ստացա Ադրբեջանում»: Օքսուզը պատասխանել է, որ գորգերը նվիրել է «Ադրբեջանի ընկերների ասամբլեա»-ն:
Ամբողջությամբ՝ armenpress.am