Երբ ես 18 տարեկան էի …. ըմբռնեցի այն փաստը, որ նկարչությունը և «գծագրությունը», որ կոչվում են արվեստ, վեհ և նվիրական մի ուղի է անհատի կյանքում, իսկ այդ ուղով քայլողը՝ արվեստագետ։ Եվ ի վերջո, այդ կոչմանն ամենաարժանին էլ նա է, ով մտավորական է: Մինչև 18 տարեկանս համոզված եմ եղել՝ ցանկացած մարդ կարող է նկարել կամ «գծել», իսկ հիմա, առավել ևս, հավատում եմ, որ, այո՛, ամեն մարդ ունակ է «գծելու», նկարելու և ներկելու իր ներաշխարհը, մնում է՝ ցանկանա:
Հայաստանից հեռու ապրելը սովորեցրել է ինձ… արժևորել այն, ինչ ունեցել եմ և կորցրել։ Հետևաբար արժևորում եմ՝ ինչ ունեմ, չունեմ և ինչ պետք է ձեռք բերեմ ներկայում և ապագայում։ Միևնույն ժամանակ գիտակցում եմ՝ ինչն է իմը. այդ գրիչն իմն է, այդ թուղթն իմն է, այդ գույները պարգևել են ինձ, և որ այս հողը, օդն ու ջուրն իմն են։ Հալեպում Հայաստանն ինձ համար պարզապես երազային դրախտավայր էր, մի «ԴԻՍՆԵՅԼԵՆԴ», ուր միշտ երազում էի այցելել և նույնիսկ ապրել։
Այժմ ապրում եմ Հայաստանում… սակայն հիմա էլ հեռու եմ իմ ծննդավայրից, մանկությունից։ Երևանում էլ այնպիսի զգացողություն է, կարծես սյուրռեալիստական պատկերում ապրեմ. դու կաս քաղաքում, իսկ քաղաքի ցանկացած անկյունից քեզ հսկում է արտասովոր ծավալով հսկա Արարատը։ Կարծես՝ ուր որ է նախնիներդ, Սալվադոր Դալիի վագրերի նման ժամանակի մեջ հսկայական ցատկ կատարելով, կհատեն անցյալն ու բոլոր պատնեշները և կմիանան քեզ… մեզ։
Ես ծնվել եմ այն ժամանակներում, երբ… մարդկությունն ու ազգերն իրար նկատմամբ ունեցած ատելությանն ու իրենց երկրային ագահությանը տուրք տալով՝ սկսել են երկրագունդն ավելի փոքր երկրների մասնատել։ «Գերհզոր» պետություններն անզոր հարևաններին հպատակեցրել, ստրկացրել, մասնատել են։ Այս ամենն անելու համար պատմությամբ հզոր ու մշակույթով հարուստ ազգերի ու պետություների միջև քաշել սահամանագիծ, մտցրել անջատում, իսկ այս ամենը՝ թվացյալ խաղաղության հովանու ներքո։ Իմ սերնդակիցներին ես կոչել եմ «կոնֆլիկտային դարաշրջանի սերունդ»։
Ծնվել ու ապրել եմ Միջին Արևելքում՝ մի տարածաշրջանում… որտեղից ծնունդ են առել մարդկության ապրած բոլոր պատերազմերը։ Այնտեղ է նաև գտնվում վերջնական խաղաղության բանալին, որը ոչ ոք չի համարձակվում ստանձնել։ Մի խոսքով, ոնց որ մուլտերի միջի անիմացիոն չար վհուկներով շրջապատված լինենք, բայց փրկարար հերոսը բացակայում է։
Երևանը… ինձ համար այն է, ինչ Կրիպտոնը Գերմարդու՝ Superman-ի համար։ Երևանը իմ այցեքարտն է, իմ ելակետն ու մեկնակետը։ Շատերը մտածում են Երևանից հեռու գնան, որ աշխարհ տեսնեն, իսկ ինձ համար հակառակն է, ես Երևանից եմ դեպի աշխարհ գնում ու աշխարհին բացվում։ Երևանն ինձ ուժ հաղորդողն է ու իմ Կրիպտոնը։
Ամբողջությամբ՝ vnews.am