Փորձագետները հայտնել են, թե օդանավակայանում վիրուսները որտեղ են լինում ամենից շատ
Advertisement 1000 x 90

Փորձագետները հայտնել են, թե օդանավակայանում վիրուսները որտեղ են լինում ամենից շատ

Օդանավակայանում իրերի ստուգման համար պլաստիկե մակույկները ամենաշատն են վիրուսներ պարունակում: Ինչպես հայտնում է BMC Infectious Diseases ամսագիրը, այս մասին վկայում են հետազոտության արդյունքները, որն անցկացրել են Նոթինգեմի համալսարանի և Առողջապահության ու սոցիալական ապահովության ֆիննական ազգային ինստիտուտի մասնագետները:

Հետազոտությունը կատարվել է 2016 թվականի ձմռանը Հելսինկի օդանավակայանում պիկ ժամերին: Պարզվել է, որ մեծ քանակությամբ վիրուսներ են «պարունակում» պլաստիկե մակույկները, որոնց մեջ ուղևորները հսկիչ անցակետում ստուգման համար որոշ իրեր են դնում: Ընդ որում՝ քանի որ մակույկների մակերևույթը պինդ և ոչ ծակոտկեն է, որոշ վիրուսներ կարող են դրանց մեջ ապրել մինչև 2 օր:

Հետազոտության ընթացքում հայտնաբերված ամենատարածված վիրուսն էր մրսածություն առաջացնող ռինովիրուսը: Դրանից բացի, հաճախ է հանդիպել նաև A տեսակի գրիպի վիրուսը: Ուշագրավ է, որ զուգարաններում մակերևույթներին չի հայտնաբերվել շնչառական ոչ մի վիրուս:

Ընդհանուր առմամբ, վիրուսներ են հայտնաբերվել հետազոտված մակերևույթների 10 տոկոսի վրա, որոնց թվում էին՝ վճարային տերմինալները, սանդուղքների բազրիքները, անձնագրային ստուգման կետերը և մանկական խաղահրապարակները:

Վարակվելու վտանգը նվազագույնի հասցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ձեռքերը լվանալ և հազալիս հետևել հիգիենայի կանոններին, այսինքն հազալ բերանը թաշկինակով կամ ձեռքով փակած, հատկապես հասարակական վայրերում: Նախազգուշական այս հասանելի միջոցներին կարևոր է հետևել մարդկանց զանգվածային կուտակման վայրերում, հատկապես օդանավակայաններում:

med.news.am