Կանոնավորապես թենիս խաղալու դեպքում գրեթե 10 տարով կարելի է երկարացնել կյանքի տևողությունը: Նման եզրահանգման են եկել Saint Luke’s Health Center-ի գիտնականները:
Թենիսը շատ ավելի արդյունավետ է վազքից, հեծանվավազքից կամ լողից, վստահեցնում են մասնագետները: Իսկ պատճառը խաղի սոցիալական կողմն է:
Գրեթե 8.600 մարդու մասնակցությամբ անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ թենիս խաղացողները միջինը 9.7 տարով ավելի են ապրում նրանցից, ովքեր ընդհանրապես սպորտով չեն զբաղվում: Ըստ մասնագետների՝ այլ մարդկանց հետ փոխհարաբերություն չենթադրող մարզաձևերը, պարզվում է, այնքան էլ արդյունավետ չեն:
Հեծանվով զբոսանքը կյանքի տևողությունը երկարացնում է միջինում 3.7 տարով, լողը՝ 3.4, վազքը՝ 3.2 տարով: Գիտնականները հստակ չգիտեն, թե ինչու է թենիս խաղալն այդքան հզոր արդյունք տալիս: Սակայն նրանք ենթադրում են, որ թիմային մարզաձևերն ու թենիսը ոչ միայն մեծացնում են սրտի բաբախյունի հաճախականությունը և մարմնի վրա ծանրաբեռնվածություն ապահովում, այլև թույլ են տալիս կապ հաստատել այլ մարդկանց հետ: Իսկ սոցիալական կողմը չափազանց կարևոր է երկարակեցության համար: