Մաշկն առողջ ու գեղեցիկ պահպանելու համար տասնյակներով գեղարարական միջոցներ ենք գնում ու հսկայական գումարներ վատնում, մինչդեռ դեռևս 2005թ. ամերիկացի մաշկաբանները պարզել են, որ կնճիռներից, ակնեից, հիպերպիգմենտացիայից ու անգամ մաշկի չորությունից կարելի է ազատվել բավականին մատչելի կերպով ու համեղ: Պետք է միայն ամենօրյա սննդակարգի մեջ որոշ մթերքներ ներառել: Եվ այսպես, ի՞նչ ուտել առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար:
1.Պիգմենտային բծերի համար ձեր սննդակարգում ներառեք ցիտրուսային մրգեր, հատապտուղներ, կաղամբ և չիլի պղպեղ:
Պատճառները` հիպերպիգմենտացիան կարող է վկայել վիտամինների, մասնավորապես, B12-ի պակասի մասին: Այս վիտամինով հարուստ են կենդանական ծագման մթերքները: Սակայն առանց մսի էլ կարելի է ազատվել չափից առավել պիգմենտացիայից: Պետք է միայն հետևել որոշակի սննդակարգի:
Ի՞նչ անել: Հիպերպիգմենտացիայից ազատվել կօգնեն C և E վիտամինները և հակաօքսիդանտները, օրինակ` էլլագաթթուն և խաղողի կորիզների խտաթուրմը: Այս օգտակար տարրերը մեծ քանակությամբ պարունակվում են ցիտրուսայինների, ելակի, նռան ու լոլիկի մեջ:
Պիգմենտացիան առավել նկատելի է դառնում երկար ժամանակ արևի տակ գտնվելու դեպքում: Ուլտրամանուշակագույն ճառագայթներից մաշկը պաշտպանելու համար անհրաժեշտ է սննդի մեջ օգտագործել հակաօքսիդանտներով հարուստ մթերքներ` հատապտուղներ, թուրինջ, անանաս, սալոր, բրյուսելյան և սովորական կաղամբ, չիլի պղպեղ, սպանախ ու սովորական հնդկաձավար:
2. Ճարպոտ մաշկի դեպքում ձեր սննդի մեջ ներառեք ձվի դեղնուց, մանգո, սպանախ, գազար:
Պատճառները` վաղուց ապացուցված է, որ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքները բարձրացնում են ճարպագեղձերի սեկրեցիան: Արդյունքում` գեղձերն ավելի շատ մաշկային ճարպ են արտադրում, քան անհրաժեշտ է խոնավեցման համար, և դա դառնում է ճարպոտ փայլի պատճառ:
Ինչ անել: Կոսմետիկ միջոցները ճարպոտ փայլից ազատում են ոչ երկար ժամանակով այն դեպքում, երբ A վիտամինի բարձր պարունակությամբ սննդակարգը կօգնի էականորեն քչացնել մաշկային ճարպի արտադրությունը: Բացի այդ, այն պարզապես համեղ է ու ոչ բարդ: Պարզապես ձեր սննդակարգի մեջ ներառեք ծիրանի չիր, մանգո, գազար, ձվի դեղնուց, սպանախ:
Ավելորդ չէ նաև բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքների գործածությունը կրճատելը: Քիչ կերեք սպիտակ հաց, դրոժով բուլկիներ, կարտոֆիլ և ցորենի փափուկ տեսակներից պատրաստված մակարոնեղեն, և շուտով մաշկի հետ կապված խնդիրները կմոռացվեն:
3. Բշտիկների և պզուկային ցանի դեպքում շատ կերեք ընկուզեղեն, կտավատի սերմեր, ջրիմուռներ, ծովամթերք:
Պատճառները` և կրկին մեղավոր են բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքները: Իզուր չէ, որ հաճախ բշտիկների հետ կապված խնդիրներ ունենում են ճարպոտ մաշկ ունեցողները: Ճարպագեղձերի աճի ակտիվության պատճառով մաշկի վրայի անցքերում սկսում են բազմանալ բակտերիաներ, ու զարգանում է բորբոքային պրոցես:
Ինչ անել: Ակնեից կարելի է ազատվել դիետայի միջոցով: Գլխավորն այն է, որ սննդակարգը հագեցած լինի պոլիհագեցած ճարպաթթուներով հարուստ սննդով, որոնք վերացնում են բորբոքումը: Ավելի պարզ ասած, պետք է հաճախակի ուտել մրգեր, բանջարեղեն, ընկույզ, կտավատի սերմ ու կտավատի ձեթ, ծովային ջրիմուռներ, ծովամթերք և ձուկ:
4. Չոր մաշկի դեպքում կերեք ընդեղեն, միս, ավոկադո և ձու:
Պատճառները` մաշկի չափազանց չորությունը վկայում է միաժամանակ E վիտամինի ավելցուկի և խոլեստերինի պակասի մասին: Վերջինը բնորոշ է բուսակերներին, քանի որ խոլեստերինի զգալի քանակ մեր օրգանիզմը ստանում է հենց մսից ու ձկից:
Ինչ անել: Անհրաժեշտ է սննդակարգում ավելացնել մոնոհագեցած ճարպաթթուների խտությունը: Նրանք լավագույնս յուրացվում են ոչ թե յուղերի ու սննդային հավելումների օգտագործման դեպքում, այլ ամբողջական մթերքներ` ընդեղեն, ծովային ջրիմուռներ, ձու, սոյա, ավոկադո, գետնանուշ և այլ ընկուզեղեն ուտելիս:
Եթե դուք բուսակեր չեք, ապա աշխատեք կանոնավոր կերպով միս և ձուկ ուտել: Հատկապես օգտակար կլինեն երկարափետուր թունան, լճի իշխանը, սկումբրիան ու սաղմոնը:
5. Կնճիռների դեպքում պետք է ուտել սոյա, ծնեբեկ, բադրիջան, սոխ:
Պատճառները` կնճիռներն արտահայտիչ դառնալու վրա շատ ուժգին է սննդակարգում ալկոհոլի առկայության ազդեցությունը, քանի որ այն ջրազրկում է օրգանիզմը: Մաշկի վաղաժամ ծերացման պատճառներից կարող է լինել նաև շաքարը, քանի որ նրա մեջ եղած գլյուկոզան ազդում է մաշկի էլաստիկության վրա:
Ինչ անել: Ավելի քան 10 տարի առաջ ամերիկացի հետազոտողները հայտնաբերեցին, որ հակաօքսիդանտները նպաստում են նաև մաշկի երիտասարդացմանը: Օրինակ, եթե ամեն օր սոյա պարունակող մթերքներ ուտեք, ապա մաշկի ծերացման նշանները գրեթե անտեսանելի կլինեն, իսկ աչքերի շուրջ կնճիռներն իսպառ կանհետանան:
Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ ամենաքիչը կնճիռները նկատելի են Շվեդիայի մեծահասակ բնակիչների մոտ, և դա էլ է ճիշտ սննդակարգի արդյունք: Այս մարդկանց սննդակարգը բաղկացած է կանաչ տերևավոր բանջարեղենից, սպանախից, ծնեբեկից, նեխուրից, սմբուկից, սոխից ու սխտորից: Իսկ ահա կարմիր միս, շաքար, սերուցքային կարագ, մարգարին, կաթ և կաթնամթերք նրանց կերակուրի մեջ գրեթե չկա:
6. Աչքերի շուրջ եղած սև շրջանակների դեպքում կերեք միս, թունա ձուկ, հնդկաձավար ու խմեք շատ ջուր:
Պատճառը` սխալ է համարել, որ աչքերի շուրջ եղած սև շրջանակները վկայում են լոկ անքնության մասին: Դրանք կարող են լուրջ հիվանդության նշան լինել, ալերգիայի կամ այս կամ այն մթերքի անանցանելիության, որոնք հանգեցնում են բորբոքումների ու աչքերի կողքի հատվածների մգության:
Ինչ անել: Մթերային անցանելիության թեստ հանձնեք, ու մինչ պատասխանները պատրաստ կլինեն, սննդակարգից վերացրեք պոտենցիալ վտանգավոր մթերքները, օրինակ, լակտոզա պարունակողները: Դրանց թվին են պատկանում կաթնամթերքը, հացաբուլկեղենը, չիպսերը, արագ պատրաստվող ապուրները, լուծվող սուրճը և արհեստական քաղցրացուցիչները:
Եթե պատճառն ալերգիան չէ, ապա մութ շրջանակները կարող են ջրազրկման ահազանգ լինել: Այնպես որ, շատ ջուր խմեք ու մի չարաշահեք սուրճը:
Սննդակարգի մեջ արժե ավելացնել նաև երկաթ պարունակող ու արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը բարձրացնող մթերքներ` կարմիր միս, թունա ձուկ, ձվի դեղնուց և հնդկաձավարի շիլա, քանի որ վերջինիս անբավարարությունը նույնպես կարող է արտահայտվել աչքերի կողքերի մութ շրջանակների առկայությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը