Ցերեկային քնկոտությունը վտանգավոր հիվանդության ախտանի՞շ է
Advertisement 1000 x 90

Ցերեկային քնկոտությունը վտանգավոր հիվանդության ախտանի՞շ է

Տարեցների մոտ ցերեկային քնկոտությունը կարող է լինել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ախտանշան, պարզել են Ջոն Հոփքինսի համալսարանի ամերիկացի հետազոտողները: Գիտնականները նաև գտել են նոր ապացույցներ, որ գիշերային վատ քունը դեմենցիա է առաջացնում:

«Այնպիսի գործոնները, ինչպիսին են սննդակարգը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և ճանաչողական ակտիվությունը համարվել են Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման կարևոր բաղադրիչներ: Հավանաբար, կարելի հավելել նաև լավ քունը»,- ասում է Բլումբերգի Ջոն Հոփքինսի անվան Հանրային առողջապահության դպրոցի հոգեկան առողջության ամբիոնի դոցենտ Ադամ Սփիրան:

Հաղորդվում է, որ հազարավոր կամավորների մասնակցությամբ հետազոտությունն անցկացվել է 1958 թվականից: Մասնավորապես մարդիկ տարբեր տարիների թեստավորում են անցել, բուժզննումներ և այլն:

Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ հաճախ նիրհելուց գանգատվողների մոտ Ալցհեյմերի հիվանդության հանդեպ հակվածությունը գրեթե 3 անգամ բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր չափազանց հազվադեպ են ցերեկային քնկոտություն զգացել, փոխանցում է Eurekalert-ը:

med.news.am