Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի ղեկավարներին հետաքրքրում է, թե ով է իրենց հույժ գաղտնի հեռախոսազրույցը ձայնագրել, իսկ ինձ՝ որպես քաղաքացի, ավելի շատ հետաքրրքրում է, թե ինչ են խոսել երկու կարևորագույն կառույցների ղեկավարները: Իսկ նրանց խոսքը քանդում-հողին է հավասարեցնում մի քանի հզոր գաղափարներ, որոնց համար մարդիկ մեր երկրում ոտքի էին կանգնել ու արել հեղափոխություն:
Իշխանության գալու հենց առաջին օրերին վարչապետ Փաշինյանը հայտարարեց զանգովի արդարադատության վերացման մասին: Այս հայտարարությանը մեկ ու կես ամիս անց, արդեն, շատերն էին թերահավատությամբ նայում՝ ոչ առանց հիմքերի:
Բայց ՀՀ երկու հզոր կառույցների ղեկավարների առանձնազրույցը փաստում է, որ այդ կասկածանքը միանգամայն տեղին էր:
Անկախ այն բանից, թե մամուլի ասուլիսի ընթացքում Վանեցյան-Խաչատրյան զույգը ինչպես է փորձում արդարանալ-արդարացնել, կա հստակ խոսակցություն և փաստեր ու փաստեր:
ԽՆԴՐԵՄ, ՓԱՍՏԵՐ
Դատավորը զանգել է ԱԱԾ պետին – այս զանգն իսկ իրվական գնահատականի առիթ է:
ԱԱԾ պետը պատվիրում է. «Ասի՝ նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքը ասի՝ ուզես-չուզես պիտի տաս»:
ԱԱԾ տնօրենն ինքը նշանակում է մեղավորներ, կալանավորվողներ, չկալանավորվողներ – «Արա, Խաչատուրովից գործ չունեք, ՕԴԿԲ-ի շեֆն ա, արա»:
ՀՔԾ պետը հարցնում ՝ «Չփակե՞նք՝ ընգեր»՝ շարժվելով ոչ թե կա հանցանք, պետք է պատժվի սկզբունքով, այլ՝ ինչպես է որոշում ԱԱԾ-ն:
ԱԱԾ տնօրեն «Քաղաքական պրոբլեմ ա, դրա խափանման միջոցը գոնե ստորագրությունը դիր» – պատվեր չէ՞ մարդուն տանեն բերդ, թե չտանեն:
ԱԱԾ տնօրենը խոսում է վարչապետից ստացած պատվերի մասին. «Չնայած վարչապետն ասում ա փակեք, բայց ռուսները … ճղում են»:
ԱԱԾ տնօրենը հրահանգ է տալիս «Էն բանին էլ, էլի, ընդեղ մի բան արեք, էն Խաչատուրովի տեղակալին»:
Բացի այս ամենը, գործի՝ իրենց շահերին համապատասխան խառնում են նաև փաստաբանի. «Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա ընգեր ու ելույթ էլ կունենա, էդ սաղ հարցերին կպատասխանի ախպեր ջան: Պռոստը իմ ելույթը ճիշտ չի, էլի»:
Իսկ զանգով արդարադատությունը պոզով-պոչո՞վ ա լինում: Երբ ասում ենք զանգովի արդարադատություն, հո նկատի չունե՞նք միայն, թե վարչապետը զանգում է դատավոր էսինչին ու ասում Պողոսին վեց տարի կտաս, Պետրոսին՝ չորս, Կիրակսն ինչ էլ անի ձեռք չտաս, Մարտիրոսին անպայման մի բան տուր և այլն: Նաև այս զրույցն է զանգովի արդարադատության փայլուն օրինակ:
Որևէ նորմալ երկրում, իսկ Հայաստանը մայիսի 8-ից, կարծեմ, նորմալ երկիր է, հիշյալ երկու կառույցների ղեկավարները ձայնագրության մեջ ճանաչելով իրենց ձայնը, անմիջապես կգրեին հրաժարականի դիմում՝ երկրի ղեկավարին չնսեմացնելու համար՝ ցույց տալով, իբր իրենք անձամբ են պատվերներ տվել և պարտադիր կրեին պատասխանատվություն:
Բայց պարզվում է, որ Նոր Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործը հարուցել է միայն հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ:
Սա աբսուրդ է, ինչպես նաև աբսուրդ է այն, որ այս բոլոր հարցերին պատասխանելու փոխարեն յուրաքանչյուր հարցի պոչից պաշտոնյաները կպցրեցին իրենց անվեհեր պայքարը կոռուպցիայի դեմ, իրենց քաջությունը, այն լաբիրինթոսը, որից ուզում են դուրս գալ, իսկ սև ուժերը խանգարում են և այլն և այլն:
Պարոնայք ԱԱԾ, ՀՔԾ պետեր և հարգելի պարոն վարչապետ, խոսքը բնավ կոռուպցիայի մասին չէ այս դեպքում: Կա հանցանք, որը բացահայտվում է երկու բարձրաստիճան պաշտոնյաների խոսակցությամբ: Կա պաշտոնեական դիրքի չարաշահում մի քանի պաշտոնյայի կողմից, և եթե նրանք մեզանից մեկն են, ինչպես սիրում եք կրկնել, ուրեմն պետք է հավասար պատասխանատվություն կրեն ինչպես ձայնագրողը, այնպես էլ պատվիրողը, կատարողը, այս մասին էլ Հայաստանից Շվեյցարիա հեռախոսով խոսացողները»:
ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի ղեկավարներին հետաքրքրում է, թե ով է իրենց հույժ գաղտնի հեռախոսազրույցը ձայնագրել, իսկ ինձ՝ որպես…
Gepostet von Sevak Hakobyan am Dienstag, 11. September 2018