Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ․
–Դուք մայիսի 1-ին անսպասելի ելույթ ունեցաք Ազգային ժողովում և հայտարարեցիք, որ հակադրվելով ձեր կուսակցության որոշմանը՝ չեք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Դեռ ամբիոնից չէիք իջել, երբ ՀՅԴ-ն Ձեզնից պահանջեց մանդատը վայր դնել, ապա հեռացրեց կուսակցությունից։ Նման հակադեմոկրատական, իր անդամների կարծիքը չհանդուրժող կուսակցության ձևավորմանը նաև Դուք եք մասնակցել՝ 28 տարի անդամակցելով ՀՅԴ-ին։ Այսօր ինչպե՞ս եք գնահատում այն, ինչ կատարվեց Ձեզ հետ։
-Չեմ կարծում, թե ինձ լավ ճանաչողների համար անսպասելի էր։ Կուսակցական ընկերներից ոմանք գիտեին իմ դիրքորոշումը, ծանոթ էին ելույթի տեքստին։ Նաև նախադեպ կար․ 2013-ի սեպտեմբերին ես կողմ չեմ քվեարկել ԵԱՏՄ անդամակցությանը։ Կարգապահությունը՝ կարգապահություն, բայց լինում են վճռորոշ ընտրության դեպքեր, երբ մարդ պատասխանատվություն է զգում ոչ միայն իր կուսակցության, այլև իր ապրած կյանքի, պետության ու պատմության առաջ։ Սա այդ դեպքերից է։ Ես չէի կարող ինքս ինձ դավաճանել։
Շատ կուսակցականների հետ այսօր էլ մարդկային, ընկերական հարաբերություններ ունեմ։ Կարծեմ ամեն օր ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր մտածում ու անգամ արտահայտվում են՝ Աղվան Վարդանյանը ճիշտ էր։
Ելույթում ինքս էի ասել, որ եթե կուսակցությունն առաջարկի, պատրաստ եմ պատգամավորի մանդատը վայր դնել։ Բայց, անկեղծ ասած, կուսակցությունից հեռացնելն անսպասելի էր։ 1990 թվականից կարգապահ Դաշնակցության մեջ ես ազատ մարդ եմ եղել։ Հպարտ ու ինքնուրույն եղել եմ միշտ։ Չեմ կարող չասել՝ այս ամբողջ ընթացքում իսկական ընկերոջ ու տղամարդու նման իմ կողքին Միքայել Մանուկյանն է եղել, ով այսօր Երևանի ավագանու ընտրություններում գլխավորում է ՀՅԴ ցանկը։
Բնականաբար, մոտեցումներս չեմ վերանայել։ Եթե կարծում են, որ ես պետք է հաշվի առնեմ սոցիալական ցանցերում կոպիտ տառասխալներով գրողների կարծիքը, բացառված է։ Եթե կարծում են՝ ես պետք է ժողովուրդ համարեմ հանրային տիրույթ սոցիալական ցանցերում ամենավերջին հայհոյանքներով ու պիտակավորումներով ինքնադրսևորվողներին, սխալվում են, եթե կարծում են՝ պետք է առաջնորդվեմ այն հրապարակով (թեկուզ՝ մեծ), որն ԱԱԾ-ին ավելի բարձր է ծափահարում, քան ազգային բանակին, չի լինելու։
–Հիմա՝ 4 ամիս անց, չե՞ք զղջում Ձեր արարքի համար, ճիշտ չէ՞ր լինի կողմ քվեարկել, մնալ խորհրդարանում և կուսակցությունում ու ներսից ազդել որոշումների կայացման վրա։ Առհասարակ՝ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում այսօր տեղի ունեցող իրադարձությունները։
-Այն, ինչ կատարվում է Հայաստանում այսօր, մտահոգիչ է ավելի, քան իշխանափոխության օրերին էր։ Մենք ունենք մեկ մարդու բացարձակ իշխանություն, ում մտածողությունը, կենսափորձը կառուցողական չէ, ժխտողական է։ Մեկ մարդու իշխանությունը դատապարտված է։ Ցանկացած մեկ մարդու իշխանությունն է դատապարտված։
Աբսուրդի ենք հասել․ հանդիպում են երկրի վարչապետն ու խորհրդարանի նախագահը և թղթի վրա արձանագրում․ «Անկախ քաղաքական հայացքներից՝ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի և տարբեր կարծիքի իրավունք։ Դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարևորագույն երաշխիք է, հետևաբար՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հակակշռման մեխանիզմը որևէ կերպ չպետք է խաթարվի»։ Դուք հո գիժ չե՞ք՝ սա ո՞ր դարն է, Սահմանադրություն, օրենքներ չունե՞նք։ Քաղաքակրթական ի՞նչ արժեքների ու մշակույթի կրող է այս պետությունը։ Նայեք այս արձանագրման արմատը՝ սեպտեմբերի 17-ի հանրահավաքի հռետորաբանությունը։
Ասում են՝ մենք շատ ենք։ Նախ՝ ոչ մի լավ բան շատ չի լինում։ ՀՀՇ-ն էլ էր շատ, մինչև վերջերս ՀՀԿ-ն էլ էր շատ։ Հետո՞։ Վերջին դեպքը․ ԱԱԾ-ՀՔԾ պետերի հեռախոսազրույցները։ Ո՞վ է գաղտնալսել, այո, թեմա է, որ նույնպես իշխանության որակի ցուցիչ է։ Բայց բովանդակությունն ու խոսողների մակարդակը շատ ավելի կարևոր ցուցիչ է պետականության վիճակի, անվտանգության հեռանկարի։ Նայեք իշխանության հուսահատ-ջղաձիգ արձագանքին այդ բացահայտմանը․ «Ջախջախելու ենք ամենքին ու ամեն ինչ»։ Հետո ի՞նչ եք անելու։ Այս մտածողությանը ես չեմ կարող երկիր վստահել։
Ամբողջությամբ՝ hraparak.am