«Ցավոք, այդ վերջի մեկնարկն արդեն տրված է»
Advertisement 1000 x 90

«Ցավոք, այդ վերջի մեկնարկն արդեն տրված է»

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հակահեղափոխության մարտավարության» ձախողված պատմական փորձը

Վերջին օրերին ավելի ու ավելի ինտենսիվ են դառնում «հակահեղափոխության» դեմ պայքարելու կոչերը, քննարկումներն այդ պայքարի շուրջ և հատկապես ամեն ձախողում կամ ձախողմանը մոտ թերացում փորձ է արվում միանգամից լռեցնել` «հակահեղափոխության» վերահաս հաղթանակի սպառնալիքով: «Հակահեղափոխություն» անվան տակ տրամաբանորեն պետք է հասկանալ ՀՀԿ-ին և Ռոբերտ Քոչարյանին ու իրեն կցված քաղաքական ուժերին, բայց արդյո՞ք տրամաբանական է պատկերացնել, որ վերոնշյալ երկու սուբյեկտները գոնե այս պահին կարող են Հայաստանում իշխանություն վերցնել: Ներկայումս մեր երկրում առկա ներքաղաքական իրավիճակի տրամաբանությունն ուղղակիորեն բացառում է, որ գործնականում հնարավոր կլինի Նիկոլ Փաշինյանի այդքան բարձր հանրային աջակցությունը ինչ-որ ներքաղաքական ուժի կողմից (հատկապես ժողովրդի ակտիվ մեծամասնության կողմից ատելի ՀՀԿ-ի ու Քոչարյանի) խաթարել և հատկապես վիժեցնել իրենց իսկ խոսքերով ասած «հեղափոխությունը»:

Անգամ պատմականորեն նման պնդում անելը մերկապարանոց է և ասածս հիմնավորելու համար կարճ պատմական ակնարկի դիմեմ. Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, երբ Ռոբեսպիեռի և Դանտոնի գլխավորությամբ Յակոբինները Բուրբոններին ուղարկել էին պատմության աղբանոց մտածում էին, որ հակահեղափոխությունը վերծնվեու է հենց ռոյալիստների տեսքով և այդ պատճառով կտրեցին Լյուդովիկոսի և Մարի Անտուանետայի գլուխները: Արդյունքում հակահեղափոխությունը եկավ լիովին այլ տեղից և Ռոբեսպիեռների և Դանտոնի գլուխները գիլիոտինի տակ դրվեցին ոչ թե բուրբոնների այլ հենց իրենց ընկերների կողմից և հենց այդտեղից էլ ծագեց` «Հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին» հայտնի թևավոր խոսքը: Իսկ գեներալ Բոնապարտը վերջնարդյունքում կապիտալիզացրեց ուրիշի ձեռքերով արած հեղափոխության արդյունքները: Հեղափոխության և հակահեղափոխության պատմական պայքարի ընթացքում տասնյակ նմանատիպ օրինակներ կան, որտեղ մի պատմական ժամանակահատվածին փոխարինել է լիովին այլ պատմական ժամանակահատված և բնավ պարտադիր չի եղել, որ հեղափոխության հակահեղափոխությունը լինեն նախորդ ռևանշիստները:

Ներկայիս Հայաստանում առավել քան բերված պատմական օրինակում ԱՆՀՆԱՐԻՆ է, որ «հակահեղափոխությունը» լինի ՀՀԿ-ի կամ Քոչարյանի կողմից, բայց ամեն ինչում «հակահեղափոխություն» տեսնելն ու ամեն սայթաքման համար նախկին ավելի վատը հիշեցնելը ավելի շուտ կոնկրետ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ մարտավարություն է, որը ևս աշխարհում ունեցել է իր պատմական օրինակները: Այս մարտավարության հիմնական մեխը հետադիմությունը կամ ռեֆորմների բացակայությունը ավելի բացասական հետևանքների հավանականությանը հակադրելն է: Օրինակ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում իշխանության գալուց հետո չեմ հիշում, որ իր իշխանությունը պահելու համար կիրառած լիներ վերոգրյալ մարտավարությունը, քանի որ կայծակնային արագությամբ այնպիսի բարեփոխումներ էր իրականացրել, որոնցից հետդարձի ճանապարհ չէր կարող լինել գործնականում: Եվ արդեն 2013-ին երբ Սաակաշվիլին իշխանության չէր պարզվեց, որ իր իշխանության տարիներին արած ռեֆորմները անգամ շատ մեծ ցանկության դեպքում հետդարձի ճանապարհ չունեն:

Ինչո՞ւ Միշան իր իշխանությունը պահելու համար չէր դիմում դեռևս Ֆրանսիական հեղափոխության առաջնորդերի կողմից ստեղծված հայտնի «հակահեղափոխության» հաղթանակի հավանականության սպառանալիքի մարտավարությանը. պատասխանը մեկն է` որովհետև Սաակաշվիլին Վարդերի հեղափոխության հզոր էներգետիկան տրանսֆորմացրել էր ոչ այդքան ցանկալի ու հանրորեն ընկալելի բարեփոխումների: Կոպիտ ասած Սաակաշվիլին իր հանրային հզոր աջակցությունը «մաշում» էր նույն հանրության համար ցավալի ռեֆորմներ իրականացնելով:

Հ.Գ. Այսօր ՀՀ «հեղափոխական» իշխանություններն իրենց ողջ քարոզչական շեշտը դրել են «հակահեղափոխության» սպառնալիքի վրա, չկա ոչ մի բարեփոխում, անգամ բարեփոխման ծրագիր, որի իրականացման համար ֆինանսական աջակցության կարիք կլինի: Ողջ քարոզչական շեշտադրումն արված է նեգատիվի վրա, «նախկին հանցավոր իշխանությունների, կոռուպցիոներների վերադարձը կանխելը» այս «հեղափոխության» միակ մարտավարությունն է, իսկ հիմնական ռազմավարությունը` Իշխանությունը պահելը: Էս տեմպերով Նիկոլ Փաշինյանի հանրային աջակցության հզոր էներգետիկան մաշելու է ոչ թե Ռեֆորմների վրա, այլ կողքից անընդհատ տեղացող հարվածները կոմպենսացնելու վրա, իսկ վերջում, եթե անգամ լինի Ռեֆորմներ իրականացնելու ցանկություն արդեն չի լինելու այն լայն ռեսուրսը, որն անհրաժեշտ է դրանց ժողովրդականության ցածր մակարդակին հակադրելու համար: Ցավոք, այդ վերջի մեկնարկն արդեն տրված է»:



Նման նյութեր