Մոնրեալի համալսարանի գիտնականները պարզել են, որ գիշերն աշխատող կանանց մոտ մեծանում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը։
Նրանք հետազոտության են ենթարկել ավելի քան 13 հազար կանանց՝ Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից և Ավստրալիայից։ Կանանց միջին տարիքը 55-59 է եղել։ Արդյունքում 6,1 հազարի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել։
Հետազոտության ենթարկվածների մեջ նաև հարցում է կատարվել՝ չարորակ ուռուցքի առաջացման ռիսկը որոշելու համար։ Դրա արդյունքներով պարզվել է, որ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը ուղղակիորեն կապված է գիշերն աշխատելու հետ։ Օրինակ, կանանց մոտ, ովքեր կեսգիշերից հետո աշխատում են 3 ժամ, հիվանդանալու ռիսկը մեծանում է 12 տոկոսով, իսկ շաբաթական ավելի քան երեք գիշեր 10-ժամյա գիշերային աշխատանքն այդ ցուցանիշը մեծացնում է 80 տոկոսով։
Ընդ որում՝ գիշերային աշխատանքից հրաժարվելու դեպքում կպահանջվի երկու տարի, որպեսզի նշված ցուցանիշը համապատասխանի նորմային։
Գիտնականներն այս կապը բացատրում են մելատոնին հորմոնի արտադրման արգելափակմամբ։ Հորմոնն օրգանիզմի վրա հակաքաղցկեղային ազդեցություն է ունենում։