Մոլորակի վրա աղբի քանակությունը մինչև 2050 թվականը կարող է ավելանալ 70 տոկոսով. Համաշխարհային բանկ
Advertisement 1000 x 90

Մոլորակի վրա աղբի քանակությունը մինչև 2050 թվականը կարող է ավելանալ 70 տոկոսով. Համաշխարհային բանկ

Ամեն տարի Երկրի վրա գոյացող աղբի քանակությունը մինչև 2050 թվականը կարող է ավելանալ 70 տոկոսով, եթե պետությունները չմիավորեն ջանքերը և չձեռնարկեն քայլեր՝ ուղղված թափոնների վերամշակմանն ու պլաստիկի սպառման կրճատմանը:

Այս կանխատեսումն է բովանդակում Համաշխարհային բանկի սեպտեմբերի 20-ին տարածված զեկույցը, որը նվիրված է շրջակա միջավայրի գլոբալ աղտոտման դեմ պայքարին:

Զեկույցում շարադրված տվյալների համաձայն, արագացող ուրբանիզացիայի և երկրի վրա ազգաբնակչության աճի հետևանքով մինչև 2050 թվականը կարող է տարեկան գոյանալ մինչև 3,4 մլրդ տոննա աղբ այն դեպքում, երբ 2016 թվականին այդ ցուցանիշը գնահատվում Էր 2,01 մլրդ տոննա: Ընդ որում՝ նշվում է, որ աշխարհում բոլոր թափոնների մեկ երրորդից ավելին (34 տոկոսը) ստեղծում է աշխարհի բնակչության 16 տոկոսը առավել բարձր կենսամակարդակ ունեցող երկրներից: Արևելյան Ասիան և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը պատասխանատվություն են կրում Երկրի վրա գոյացող աղբի 23 տոկոսի համար: Զեկուցի հեղինակները կանխատեսում են, որ մինչև 2050 թվականը Աֆրիկայի՝ Սահարա անապատից հարավ ընկած երկրները աղտոտումը կավելացնեն եռակի, իսկ Հարավային Ասիայի պետությունները՝ կրկնակի:

Ամենալուրջ խնդիրը մասնագետները տեսնում են պլաստիկի օգտահանման մեջ, որն առանց հատուկ վերամշակման լուրջ ազդեցություն է գործում էկոհամակարգերի վրա, քանի որ պլաստիկե իրերը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր տարիներով չեն քայքայվում: Զեկույցի հեղինակներն այդ կապակցությամբ ընդգծել են, որ 2016 թվականին աշխարհի երկրները օգտահանել են 242 մլն տոննա պլաստիկե աղբ, ինչը կազմում է բոլոր կարծր թափոնների 12 տոկոսը:



Նման նյութեր