Վերջին կես տարվա ընթացքում Հայաստանում «Live»-ը քաղաքականության մեջ կարևոր բաղադրիչ է դարձել: Աշխարհը հենց այդ «Live»-երի միջոցով տեղեկացավ մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխության մասին, ու ձևավորվեց «Live» մշակույթը, որի կրողներն են երկրի առաջին դեմքից մինչև մանկապարտեզում իր առօրյան ցուցադրել ցանկացող փոքրիկը:
Բնականաբար, այդ ամենից չէր կարող չոգեշնչվել նաև արվեստագետը: Երիտասարդ դերասան Հայկ Պետրոսյանը շուտով բեմ կբարձրանա իր՝ «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու» քաղաքական-սոցիալական մոնոներկայացմամբ:
«Այս ներկայացման առաջին տարբերակը խաղացել եմ հունիսի 5-ին, կոչվում էր «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու, կամ Հեղափոխության 55 երանգները»՝ ակնարկելով 55 պատգամավորներին: Այս անգամ լինելու է նույն բեմադրության թարմացված տարբերակը: Չէ՞ որ անընդհատ նոր իրադարձություններ են լինում. կսկսենք փողոցները փակելուց ու կհասնենք մինչև ավագանու ընտրություններ: Հումորային կոնտեքստի մեջ մարդիկ կտեսնեն այն, ինչն իրենք են արել: Սա «Stand Up» չի, այլ՝ քաղաքական թեմայով երաժշտական մոնոներկայացում», – Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Հ. Պետրոսյանը:
1 ժամ 15 րոպե տևողությամբ ներկայացման առաջին հատվածը կանդրադառնա հեղափոխության առաջին եռամսյակին, երկրորդ հատվածը՝ վերջին: Հումորիստի աչքերով ականատես կլինենք ոչ միայն Սերժ Սարգսյանի հեռանալուն, այլև՝ Ռոբերտ Քոչարյանի «վերադարձ»-ին, ԱԱԾ և ՀՔԾ տնօրենների հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու Ավագանու ընտրություններին:
Նկատառմանը՝ կա՞ն իրադարձություններ, որոնք, ըստ դերասանի, այնուամենայնիվ, ժամանակավրեպ են ու դուրս կմնան ծրագրից, պատասխանեց.
«Իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ, իսկապես, գրելուց հասկանում ես՝ կան բաներ, որոնք հետաքրքիր չեն լինի հանդիսատեսին: Օրինակ, Սեյրան Սարոյանի, Գալուստ Սահակյանի հետ կապված կատակները գուցեև ծիծաղելի լինեն, բայց ակտուալությունն արդեն կորցրել են: Իսկ այս ոճի մեջ թեման որքան ակտուալ է, հանդիսատեսին հետաքրքրելու հնարավորությունն այդքան մեծ է: Ինչ վերաբերում է տևողությանն, ասեմ՝ գուցե թվա կարճ է, բայց հագեցած 1 ժամ 15 րոպե է լինելու: Ասելիքն ավելորդ ձգձգելու ու տեմպը կոտրելու կարիք չկա»:
«Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու» ներկայացումը բեմ կբարձրանա սեպտեմբերի 24-ին և 25-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում: Ինչպես հեղինակը նշեց, ժամը հստակ է՝ 19:00՝ ցույցերը սկսվելու ժամին:
Հայկ Պետրոսյանը նկատեց՝ հիմա արդեն սկսվում են բաժանումները՝ սև ու սպիտակները, գունային գամմաներ են ի հայտ գալիս, հեղափոխական ու հակահեղափոխական տերմիններ են շրջանառվում: Ասում է՝ պատմությունը ցույց է տվել, որ հեղափոխությունները հիմնականում հենց այսպիսի զարգացումներ են ունենում, որն այդքան էլ լավ բանի չի բերել:
«Քանի որ այն, ինչ մեր ժողովուրդն արեց, այնքան էլ նման չէր մյուս հեղափոխություններին, հավատում եմ՝ շարունակությունն էլ տարբեր կլինի», – հույս հայտնեց նա:
Ամբողջությամբ՝ aysor.am