Ինքնագնահատական
Ինքնագնահատականն ամեն ինչին գերակա է՝ արտաքին ու հատկապես ներքին գեղեցկությանը, ամենաբազմակողմանի կրթվածությանը, խելքին, տաղանդներին ու ընդունակություններին, մկաններին ու փողին։
Ինքնագնահատականը փոխհատուցում է ամեն ինչ։ Եթե առանձնահատուկ գեղեցկություն, կրթվածություն ու տաղանդներ չեն նկատվում, բայց մարդն անսահմանորեն սիրահարված է ինքն իրեն ու չի կասկածում, ընդ որում՝ բացարձակապես արդարացիորեն, իր բացառիկությանն ու հմայքին, նա հաստատ ավելի երջանիկ կլինի, քան բոլոր խելացիները, գեղեցիկներն ու նույնիսկ՝ հարուստները։
Բարձր ինքնագնահատականը գերազանցում է ամեն ինչին…
Ենթադրենք, թե դուք ցնցող շիկահեր եք, ամեն ինչը տեղը, ոտքերը, թարթիչները… ինչպես հարկն է։ Բայց եթե դուք, միևնույն ժամանակ, թեկուզ հոգու խորքում վստահ եք, որ մեծ քիթ ունեք ու փոքր հետույք, իմացեք, որ դուք նախապես պարտվել եք երկարաքիթ, ծուռ ոտքերով, միկրոսկոպիկ կուրծք ունեցող, բայց ինքնավստահ սևահերին, քանի որ կազմվածքն ու հագուստները նշանակություն ունեն միայն այն դեպքում, երբ համադրվում են սեփական անձի հետ լավ վերաբերմունքի հետ։
Կամ, եթե դուք շատ խելացի եք, բայց զգում եք, որ ձեզ երկրորդ, երբեմն՝ նաև երրորդ կրթությունն է անհրաժեշտ, որ էլի որոշ բաներից գլուխ հանեք, կամ դա անում եք ի հեճուկս գործատուի կամ ձեզ հիմար համարող առաջին ամուսնու, ուրեմն դուք էլի վաղօրոք պարտվել եք նախկին միջակությանը, ով առանց որևէ կասկածի ու խղճի խայթի՝ իրեն որպես բարձրակարգ մասնագետ է ներկայացնում։
Եթե դուք երեխաների համար թխում եք աշխարհի ամենահամեղ կարկանդակները, նրանց ծով եք տանում, նրանց համար բարձրաձայն հեքիաթ եք կարդում, հետևողականորեն զբաղվում եք նրանց կրթության հարցերով, բայց, չգիտես ինչու, ձեզ վատ մայր եք համարում ու անընդհատ ապրում եք չարդուկված վարտիքների համար ունեցած մեղքի զգացումով, դուք պարտվում եք իր հաճույքի համար ապրող շատ ուժգին խմող մայր կոչվածին, ով 6 ամսվա մեջ առաջին անգամ է ժամանակ կորզել՝ դստերը կենդանաբանական այգի տանելու ու նրա համար պաղպաղակ գնելու համար։
Եվ, ի դեպ, երեխաները զգում են, երբ իրենց մայրը ճնշված է, անընդհատ ասես ինչ-որ բանի համար մեղավոր ու դժգոհ։
Վերջիվերջո, սիրեք ինքներդ ձեզ։
Մարզվեք դրան հասնելու համար, բարեհաճ եղեք ինքներդ ձեր նկատմամբ, երես տվեք ձեզ ու ոչ մեկի հետ մի համեմատեք։
Երբեք։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը