«Ամեն բան ունեցան, բայց քաղաքացի չդարձան, որովհետև ականջները միշտ հում մնացին»
Advertisement 1000 x 90

«Ամեն բան ունեցան, բայց քաղաքացի չդարձան, որովհետև ականջները միշտ հում մնացին»

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը Facebook-յան իր էջում գրում է.

Քաղաքը…

Իսկական երևանցիների իսկականները իմ մանկության էջերում մնացին: Իսկ գնացածները , լավ կլինի, որ մի հատուկ օր գան , որ հասկանանք թե ինչքան ենք մնացել:

Տարիներ առաջ ես այդ օրը հայտարարեցի՝ դա սեպտեմբերի 17-ն էր, անգամ հրավիրատոմսերի մակետը պատրաստվեց և մի ամբողջ ծրագիր գրվեց իմ կողմից: Դա մարդ Երևանցու տոն էր, ոչ թե քաղաքի, այլ Երևանցու: Հատուկ մեծատառով եմ գրում, որովհետև ես նրանց ամբողջ աշխարհում միշտ եմ առանձնացրել, խոսակցականը, պահվածքը, անգամ քայլվածքը մի տեսակ ուրիշ է՝ երևանյան է:

Շատ կարևոր պատմական սխալ տեղի ունեցավ տարիներ առաջ: Երբ իր տանը ապրող մարդը լքեց այն ու արդեն քսանհինգ տարի է չի վերադառնում: Ասում ենք սրանք, նրանք, եկան ու տեր դառան մեր քաղաքին: Ախր այսօրվա ամենից ամենաները՝ իմ տեսած քաղաքի տղերքի մոտ չէին կանգնում, ո՜չ չէին թույլ տա անցնել նրանց կողքներով անգամ, որովհետև շան պես գիտեին իրենց տեղը: Հենց դրանք էլ քանդեցին ու կերան այս քաղաքը:Մի գուցե սխալը հենց դրանց չսիրելու մեջ էր, մի գուցե ատելությունն էր մնացել նորելուկների մեջ,մի գուցե նրանց ընդգծված ճիվաղությունն էր պատճառը ինքնահաստատվելու: Բայց ոչ. տան տերերի կողմից անտերության մատնված քաղաքը, խառը ժամանակները , մութն ու խավարը, հենց այս ամենն էր, որ քաղաք ներխուժած բորենիները կարողացան մեյդան գալ՝ օգտվելով այս քաոսային վիճակից: Շատերը, ովքեր մանկուց էին սիրում Երևանը՝ չդիմացան , չհամակերպվեցին այս քոնձռոտների ոհմակների ինքնահավան դրսևորումներին ու պայքարելու փոխարեն ընտրեցին հեռուն գնալու ճանապարհը, իսկ ավելի գլախավոր պատճառը նաև սովետից փախչելն էր՝ դեպի այն ազատ և բաց երկրները, որոնք սովետական մարդու համար գրքեից ու ֆիլմերից էին հայտնի, դեպի ԱՄՆ, Եևրոպա, ով ուր կարողանում էր՝ միայն թե սովետից հեռու, մթից , խավարից, շատերը անգամ պատերազմից: Մնացողներս գնալով պակասեցին ու քչացանք ,շատերը սպանվեցին կամ պատերազմում, կամ քաղաքական ինտրիգների պատճառով,ովմանք էլ հենց հայը հային չսպանելու պատճառով հեռացան: Իսկ մեզանից շատերը այս նոր ֆոռմացիայի կապիկներին անգամ սկսեցին շեֆ ասել,սկսեցին ցիտել նրանց ու «քսմրտնուկ» կենացներ ասել դրանց երեսին:

Եկվոր սրիկաների սրիկան՝ իրեն հռչակեց ամենից ամենա ու բոլորը այդ կապիկին ընդունեցին ու հավատացին,իսկ ռուսախոս քաղքենիներն էլ ասեցին՝

– Լավ ռուսերեն գիտի, գրագետ տղա է , ազնիվ կարող է լինել:

Բայց արի ու տես, որ այս անկուշտներն ու չտեսները՝ շատ կարճ ժամանակ հետո հաստատվեցին որպես վերնախավ, այսինքն ամեն բան շուռ եկավ, այսուհետ Էշից հենց նոր իջած ավանակախումբը սկսեց թելադրել ապրելաձև, ճաշակ, ճարտարապետություն, քաղաքաշինություն, «կլկլալաց» գավառական մշակույթ և այլն: Դա էր պատճառը , որ այսպես վարվեցին մեր տան հետ, ինչպես մի սել դեզի հետ կվարվեին, այսինքն այս քաղաքը նրանց համար դարձավ ապրանք, ինչը կարելի էր ծախել,մխտռել, քանդել ու նվիրել մեկը մյուսին,դավաճանաբար վաճառեցին անվաճառելին: Մեղավորը տունը լքողն էր, ով գնաց անվերադարձ , մեղավորը անտարբերությամբ այս ամենին նայողն էր , մեղավորը մենք բոլորս ենք: Բայց հիմա մեղավոր փնտրելու դատի մասին անգամ չեմ ցանկանում խոսել: Հիմա պետք է մտածել նոր Երեվանի ու նոր Երևանցու մասին , ՔԱՆԻ ՈՐ ՀԻՆԸ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԿՈՐՍՎԱԾ Է: Հիմա պետք է մտածել այն քաղաքի մասին, որը վաղն է լինելու,որը այսօր պիտի կերտվի՝ մնացածներիս և արդեն տուն վերադարձողների շնորհիվ, ովքեր կգան ու գալու են տարբեր քաղաքներից, Հալեպից, Բեյրութից, Թիֆլիսից , Մոսկվայից, նյու Յորքից, Լոս Անջելեսից ու Փարիզից…

Նրանք են դառնալու այն քաղաքացիները ում կարիքը դեռ երեկ կար, որովհետև առանց քաղաքացու երկիր չես կառուցի, քաղաքականությունը չի կայանա, ճարտարապետությունը չի ապրի, կինո չես անի,գյուղատնտեսություն չես ունենա՝ ու էլի շատ բաներ:

Սրանք իրենց դարման գլուխներում դա չհասկացան , ամեն բան փորձեցին ,դավաճանեցին,օտարապղծվեցին, ամեն բան ունեցան, բայց քաղաքացի չդառան, որովհետև ականջները միշտ հում մնացին:

 



Նման նյութեր