Խորեն Լևոնյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Գրիգորյանը և այլ հայտնի դերասաններ կներկայանան գեղարվեստական նոր ֆիլմով, որի նկարահանումները կմեկնարկեն սեպտեմբերի 28-ից: Ֆիլմի մտահղացումը ռեժիսոր Արմեն Միրզոյանինն ու դերասան Սարգիս Գրիգորյանինն է:
Tert.am Life-ի հետ զրույցում ռեժիսորը որոշ մանրամասներ է պատմել ֆիլմի սյուժեի մասին ու ներկայացրել հիմնական դերակատարներին:
Ռեժիսորի խոսքով` դրաման ի սկզբանե «Աղոթք» աշխատանքային վերնագիրն է ունեցել, բայց դա էլ է փոփոխվելու: Ֆիլմի բեմադրող օպերատորը Արման Օրդյանն է: Սցենարի շուրջ հինգ հոգանոց խումբ է աշխատել՝ կազմված տարբեր մասնագետներից։ «Սցենարի վրա աշխատել են բալիստիկներ, քրեագետ, աստվածաբան, հոգեբան: Երբ լսում ենք մասնագետների խոսքը, թեման ավելի հեշտ ու հասանելի ենք կարողանում մատուցել»,-ասաց ռեժիսորը:
Ֆիլմը ներկայացնում է երկու եղբոր պատմություն: Ավագ եղբորը մարմնավորում է Խորեն Լևոնյանը, կրտսերի դեկարատարը Արաբո Գրիգորյանն է, որը ՌԴ-ից է: Ռեժիսորի խոսքով, սա լինելու է նրա առաջին լուրջ դերակատարումը գեղարվեստական ֆիլմում: Սարգիս Գրիգորյանը մարմնավորում է նրա մանկության ընկերոջը:
«Ֆիլմում 4 ֆաբուլա կա՝ «Աբել ու Կայեն», «Մոխրոտ», «Ռոմեո և Ջուլիետ»: Դրանք շատ հայտնի պատմություններ են, որոնք բոլորը գիտեն, բայց մենք այդ պատմությունները մատուցում ենք մեր տրամաբանությամբ, մեր պատկերացմամբ ու ժանրային առանձնահատկությամբ: Ֆիլմի հիմնական ասելիքն այն է, որ մարդ պետք է ներելու, դիմացինին ու հարազատին լսելու հատկություն ունենա, միայն այդ դեպքում է, որ շատ լուրջ խնդիրներից կարելի է խուսափել»,-ասաց ռեժիսորը:
Ամբողջությամբ՝ life.tert.am