Ծխելը կարիես և լնդերի հիվանդություններ է առաջացնում
Advertisement 1000 x 90

Ծխելը կարիես և լնդերի հիվանդություններ է առաջացնում

Ծխողների մոտ կրկնակի հաճախակի են զարգանում լնդերի զանազան հիվանդությունները, կարիեսը եւ պուլպիտի ծանր ձեւերը։ Ինչպես նշում են Քլիվլենդի Քեյս–Վեսթերն–Ռեզերվ համալսարանի ամերիկացի գիտնականները, այս պատկերը դիտվում է բերանի խոռոչի վրա ծխախոտի ծխի բացասական ազդեցության պատճառով։

Հետազոտության ընթացքում գիտնականները հավաքել էին բարձիթողի կարիեսով 70 հիվանդից կազմված խումբ, ընդ որում՝ խոսքը վերաբերում էր ոչ միայն ծխողներին, այլեւ չծխողներին։ Ուսումնասիրելով փորձարկվողներից վերցված պուլպայի նմուշները՝ մասնագետները հայտնաբերել են, որ ծխողների նմուշներում, փաստորեն, չեն եղել նյութերի մոլեկուլներ, որոնք իմունային համակարգը խթանում են բորբոքում առաջացնող կոմպոնենտների դեմ պայքարելու համար։

Գիտնականները խոստովանում են, որ սպասում էին ծխողների մոտ տեսնել միայն որոշակի ազդանշանային նյութերի մակարդակի նվազում, որոնք կապված են իմունիտետի աշխատանքի հետ։ Սակայն իրականում ատամի պուլպայի մեջ դրանք ամբողջությամբ բացակայում էին, ինչը, փորձագետների կարծիքով, ծխախոտի ծխի բացասական ազդեցության հետեւանք է։

Սրա հետ կապված մասնագետները չեն բացառում, որ նույն պատճառով ծխողների իմունային համակարգի ակտիվությունը կարող է նվազել նաեւ մյուս օրգաններում։

med.news.am