WWF-ն պատմել է, թե քանի հովազ կա Հայաստանում
Advertisement 1000 x 90

WWF-ն պատմել է, թե քանի հովազ կա Հայաստանում

Վայրի բնության համաշխարհային հինադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը նշում է իր 15-րդ տարեդարձը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանն ասաց, որ անցյալ 1,5 տասնամյակում հաջողվել է հանրապետության կենսաբազմազանության պահպանման հարցում հասնել նշանակալի ձեռքբերումների։

«Երբ մենք դեռ նոր էինք սկսել մեր գործունեությունը Հայաստանում, այստեղ մեկ կամ երկու հովազի կարելի էր հանդիպել։ Այսօր բնապահպանական միջոցառումների և բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցի ստեղծման շնորհիվ, դրանց թիվը հասել է 9-10-ի, ներառյալ երկու զույգը, որոնք սերունդ են տալիս»,- հայտնեց Մանվելյանը։ Հովազները բնակվում են Հայաստանի հարավում։ Նրանցից մեկին, ով բնապահպանների կողմից ստացել է Լեո անունը, կարելի է հանդիպել Խոսրովյան արգելոցի տարածքում։

15 տարիների ընթացքում WWF-Հայաստանին հաջողվել է նաև մեծացնել Կարմիր գրքում ընդգրկված արջերի և բեզոարյան այծերի թիվը։ «Բեզոարյան այծերի թիվը մեծացել է երկու անգամ՝ 1500-ից հասնելով 3000-ի»,- ասաց Մանվելյանը։

Կենսաբազմազանության պահպանման համար կարևոր դեր է կատարում նոր բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը։ WWF-Հայաստանի ջանքերով երկրի հարավում ստեղծվել են «Արևիկ» ազգային այգին, «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերը։ «Եթե նախկինում բնության հատուկ պահպանվող տարածքները հանրապետության տարածքի 10 տոկոսն էին կազմում, ապա այսօր՝ 12 տոկոսը»,- տեղեկացրեց Մանվելյանը։

Այսօրվա դրությամբ էկոմիջանցքի ստեղծման աշխատանքներ են տարվում։ Այն կմիացնի բնության հատուկ պահպանվող հարավային տարածքները Խոսրովի արգելոցին։ Այս ծրագիրը մեծ նշանակություն ունի այնպիսի տեսակների միգրացիայի համար, ինչպիսիք են հովազը, բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը և արջը։

Մանվելյանը նաև խոստովանեց, որ մեկ էկոմիջանցքը Հայաստանի համար շատ քիչ է։ «Անհրաժեշտ է ստեղծել, այսպես կոչված, էկոցանց՝ դրանում ներառելով ոչ միայն երկրի հարավը, այլև հյուսիսը»,- նշեց նա։ Փորձագետի կարծիքով՝ պետք է աշխատել նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ուղղությամբ, ինչպես նաև բարելավել արդեն գոյություն ունեցողների մենեջմենթը։



Նման նյութեր