Բավականին բարդ նկարահանումներ ենք ունեցել. Ռիփփի. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Բավականին բարդ նկարահանումներ ենք ունեցել. Ռիփփի. life.panorama.am

Հոկտեմբերի 13-ից «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի «Ես տեսնում եմ» 25 մասանի ֆիլմը, որտեղ նկարահանվել է նաեւ դերասանուհի եւ երգչուհի Ռիփփին: Վերջինս Life.panorama.am-ին մանրամասներ է պատմել այս ֆիլմից:

«Սա միստիկ տարրերով նկարահանված թրիլլեր է՝ կառուցված  մի աղջկա պատմության շուրջ, որն օժտված է սպասվող վտանգը տեսնելու գերբնական հատկությամբ: Այստեղ նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսորից եւ պրոդյուսերից, ու սիրով ընդունել եմ, քանի որ այս ժանրում առաջին անգամ էի նկարահանվելու, իսկ ես սիրում եմ ցանկացած նոր բան փորձել»,- նշեց Ռիփփին:

Թեեւ ժանրը դերասանուհու համար նորություն է եղել, սակայն կերպարը իր կերտած մյուս դերերի նման դրական է եղել.

«Մարմնավորել եմ շատ պոզիտիվ ու ուրախ աղջկա՝ կյանքով ու եռանդով լի: Կերպարս կենցաղային էր, ինչը ինձ միայն ուրախացնում է: Ասեմ, որ բավականին բարդ նկարահանումներ ենք ունեցել,  դրանք իրականացրել ենք անցյալ տարվա դեկտեմբերին, երբ շատ ցուրտ էր, ողջ նկարահանումների ընթացքում խումբը մտահոգված էր, որ ես չմրսեմ, բայց իրականում շատ ուժեղ հիվանդացա, այդ պատճառով Նոր տարվա մասին իմ տեսահոլովակի նկարահանումներն էլ բավականին ուշացան»,- պատմեց նա ու շարունակեց.

«Լավ թիմի հետ եմ աշխատել, այդ պատճառով, նախապես չտեսնելով ֆիլմը, ներքին վստահություն ունեմ, որ հաջող է ստացվել մեր աշխատանքը: Ինձ շատ  հետաքրքիր է, թե ինչպիսին է լինելու ֆիլմի հեռուստատեսային տարբերակը, ես իմ ցանկացած աշխատանքից հետո փորձում եմ սովորել»:

Խոսելով իր խաղընկերների հետ աշխատանքից՝ դերասանուհին նկատեց, որ իր կերպարի գործողությունները զարգացել են գլխավոր հերոսի ու հերոսուհու հետ: Նա վստահեցրեց, որ աշխատանքային ոչ մի խնդիր չեն ունեցել, ամեն ինչ հարթ ու առողջ մթնոլորտում է կայացել:

Հարցին, թե ըստ Ռիփփիի՝ միստրիկ ժանրը ինչպես կընդունվի հայ հեռուստադիտողի կողմից, քանի որ ժանրը հայկական կինոարտադրության մեջ նորություն է, պատասխանեց.

«Ինքս կինոման եմ, եւ կարող եմ ասել, որ չկա մի գրագետ ու որակով ֆիլմ, որ դիտած չլինեմ՝ անկախ ժանրից: Չգիտեմ, թե ինչպես կընդունվի այս ֆիլմը մեր հեռուստադիտողի կողմից, բայց վստահ կարող եմ ասել, որ մեծ աշխատանք է տարվել, հաշվի են առնվել ցանկացած մանրուք, եւ ուրախ կլինեմ, որ մարդիկ քննադատ աչքերով չնայեն ֆիլմը: Ինքս կարծիք կարող եմ հայտնել միայն տեսնելուց հետո»:

life.panorama.am