Կինոդերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Պենելոպա Քրուսը դարձել է ֆրանսիական Chanel նորաձևության տան բրենդ-ամբասադորը: Այդ մասին հաղորդվում է բրենդի հոկտեմբերի 12-ի մամուլի տեղեկագրում:
Նորաձևության տան կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդն անձամբ է անցկացրել 2018/19 Cruise հավաքածուի գովազդային արշավի նկարահանումները, որի դեմքը դարձել է Քրուսը: Լագերֆելդի խոսքով՝ նա հավաքածուի վրա աշխատելիս ոգեշնչվել է մանկական հիշողություններով. իմ ամենավաղ հիշողությունը ոչ թե նավակն է, այլ այն ձայները, որոնք ելնում Էին նավակից»,- պատմել է մոդելագործը:
Բերետները, բարակ շերտագծերը, ընդգծված ուսերով ժակետներն ու պիջակները, ոսկեզօծ կոճակները, ինչպես ծովային սպաների համազգեստի վրա Է, կիսաթափանցիկ գործվածքները Միջերկրականի հետ կապված ասոցիացիաներ են առաջացնում: Հավաքածուում նաև տեղ են գտել Chanel-ի համար ուղենիշային թվիդային ժակետը, երեկոյան սև զգեստները, կարդիգանները:
Chanel նորաձևության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձևության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սև զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձևության տունն արտադրում էր միայն հագուստ և աքսեսուարներ, այնուհետև սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր և ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաև կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն: