Այսօրվանից սկսած «Շանթ»-ի եթերում կլինի նոր հումորային շոու՝ Women’s club-ը, որի գլխավոր հերոսուհիները, ինչպես և վերնագիրն է ենթադրում, հայտնի կանայք են: Հաղորդումը վարելու են «Վիտամին ակումբ»-ից հայտնի Չարենցը (Կարեն Սահակյանը) և Լուիզա Ներսիսյանը:
Նախագծի կազմում հանդես է գալիս նաև մեր քաղաքի և հեռուստաեթերի ամենահայտնի ու սկանդալայիին շիկահերը՝ Լիլի Մորտոն:
NEWS.am STYLE-ը Լիլիի հետ զրուցել է նախագծի կազմում ընդգրկվելու, իր մարմնավորած կերպարների և դերասանական փորձի մասին:
«Նման նախագիծ Հայաստանում առաջին անգամ է ներկայացվում: Նախագիծը ներկայացնում է Vitamin Production-ը, այսինքն՝ Vitamin Club-ը վերադառնում է, սակայն այս անգամ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների միջոցով: Հումորային նախագիծ է, կարելի է ասել՝ Comedy Woman-ի նման է, բայց միայն ժանրային տեսակետից»,-զրույցի սկզբում պարզաբանեց մոդելը, որից բացի՝ նախագծում կտեսնենք նաև եթերից հայտնի այլ կանանց.
«Առաջարկը ստացել եմ «Վիտամին ակումբ»-ի Չարենցից՝ Կարեն Սահակյանից և նախագծի պրոդյուսերից: Դերերը մշտապես տարբեր են լինելու, բայց շատ դեպքերում կներկայացնեմ տիպիկ շիկահերի կերպար: Դերասանական փորձ ունեի, 6 ամիս սովորել եմ Կամերային թատրոնում և ատացել ատեստատ, հետո մոտ 2 տարի խաղացել եմ մի քանի ներկայացումների մեջ, բայց կարծում եմ՝ տվյալ դեպքում փորձն այդքան էլ կարևոր չէ, որքան տաղանդը: Մյուս մասնակիցների համեմատ իմ փորձը շատ քիչ է դերասանական կարիերայում: Բոլորն էլ տաղանդավոր և փորձառու դերասանուհիներ են»:
Ամբողջությամբ՝ style.news.am