Life.panorama.am-ը զրուցել է դերասան Լևոն Սարգսյանի հետ՝ «Ֆուլ Հաուս 2» սիթքոմում նկարահանվելու, կերպարի, հետագա անելիքների և իրեն՝ Հովհաննես Ազոյանին նմանեցնելու մասին:
Խոսելով իր կերպարի հետ կապված արձագանքների մասին, Լևոնը նշեց.
«Թեև սիթքոմի նոր եթերաշրջանի մեկնարկից հետո ընդամենը երկու սերիա է հեռարձակվել, բայց արձագանքներն իմ պատկերացրածից ավելի շատ են: Բոլորն ասում են, որ իմ կերպարը տարբերվում է նախկինում կերտած կերպարիցս»,- ասաց դերասանը:
Իսկ թե հետագայում ի՞նչ զարգացումներ են սպասվում Լևոնի կերպարին, վերջինս մանրամասնեց.
«Ընդհանուր առմամբ լինելու են կոնֆլիկտային իրավիճակներ, քանի որ իմ կերպարը չի ընդունում Ռուբենին որպես փեսա: Համարվելով հյուրանոցի համասեփականատերեր՝ իմ և Գարիկ Սեփխանյանի կերպարը՝ Ռուբենը, ցանկանում են որքան հնարավոր է մեծ բաժին ունենալ դրանից: Եվ հենց սրանից ելնելով՝ նրանք միմյանց հետ ունենում են տարբեր խնդիրներ, որոնք էլ հանգեցնում են ընդհարումների»,- նշեց Լևոնը Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ինքն որևէ դժվարություն չի ունեցել մուտք գործելու սիթքոմի թիմ.
«Մինչ սիթքոմում նկարահանվելը, արդեն ծանոթ էի «Ֆուլ Հաուս»-ի սցենարիստների, ինչպես նաև դերասաններից մի քանիսի հետ: Բացի այդ, նկարահանման խմբի հետ արդեն իսկ աշխատել էի «Տանդեմ» սիթքոմի շրջանակներում և հենց այդ հանգամանքն էլ, կարծում եմ, պատճառ դարձավ, որ շատ շուտ մտերմացա բոլորի հետ, և իրենք էլ իրենց հերթին գրկաբաց ընդունեցին ինձ»,- պատմեց Լևոն Սարգսյանը:
Ինչպես ինքն է նշում, սիթքոմի հանդեպ պատասխանատվությունն իր մոտ մեծ է և շարունակում է այդպիսին մնալ.
«7 եթերաշրջան, բարձր վարկանիշ… պատասխանատվությունս իսկապես շատ մեծ է: Թե ստեղծագործական թիմը, թե մենք՝ դերասաններս, ամեն ինչ արել ենք, որպեսզի որոշակի դադարից հետո սիթքոմը կրկին լինի ամենալավը և որևէ բանով չզիջի նախորդ եթերաշրջաններին»,- շեշտեց դերասանը:
Հարցին, թե արդյո՞ք Ֆուլ Հաուս սիթքոմից բացի այլ զբաղվածություն ունի, Լևոն Սարգսյանը պատասխանեց.
«Այս պահին բոլոր ուժերս կենտրոնացած են սիթքոմի վրա: Բայց նշեմ նաև, որ սիթքոմի անձնակազմով արդեն իսկ պատրաստվում ենք մեր ներկայացումներին, որոնք կկայանան ապագայում՝ Երևանում և ԱՄՆ-ում»,- նշեց դերասանը:
Իսկ ինչ վերաբերվում է հասարակության որոշ հատվածի կողմից իրեն՝ Հովհաննես Ազոյանին նմանեցնելուն, դերասանը նկատեց.
«Թե իմ խաղի, թե ոճի առումով արել ենք ամեն բան, որպեսզի որևէ նմանություն չտարվի մեր միջև: Ես և սցենարիստները, ինչպես նաև Արմեն Պետրոսյանը օրեր շարունակ քննարկել ենք իմ կերպարի հետ կապված ամեն մի մանրուք, քանի որ ինքներս չէինք ցանկանում, որպեսզի ինձ նմանեցնեն Հովհաննեսին: Թեպետ անկեղծ կլինեմ և կասեմ, որ մինչ այսօր նամակներ եմ ստանում, որոնց մեջ նշվում է, որ ինձ դեռևս շփոթում են Հովհաննես Ազոյանի հետ: Կարծում եմ, որ սա ընդամենը ժամանակի խնդիր է, վստահ եմ, որ որոշ ժամանակ հետո այս համեմատականներն այլևս չեն տարվի»,- մեզ հետ զրույցում նշեց Լևոն Սարգսյանը: