«Ես սիրեցի գործակալ Հենզելին». կայացավ «Գործակալ 044: օպերացիա Գեղարդ» ֆիլմի պրեմիերան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Ես սիրեցի գործակալ Հենզելին». կայացավ «Գործակալ 044: օպերացիա Գեղարդ» ֆիլմի պրեմիերան. life.panorama.am

Հոկտեմբերի 18-ին, կայացավ «Գործակալ 044: օպերացիա Գեղարդ» ֆիլմի պրեմիերան: Դետեկտիվ ու կոմեդիկ ժանրի այս ֆիլմում դերասան Մկրտիչ Արզումանյանը, որը հանդես է  գալիս անհաջողակ գործակալի կերպարում, ևս մեկ անգամ ցուցադրում է իր մասնագիտական հմտություններն ու հետաքրքիր խաղը: Ըստ սյուժեի՝ Հռոմի պապի՝ Հայաստան այցից առաջ գողանում են Գեղարդը, որը գտնելու գործը ոստիկանությունը հանձնում է գործակալ Հենզել Բրուտենցին: Գեղարդի փնտրտուքները ուղեկցվում են զավեշտալի ու ծիծաղաշարժ դրվագներով, ի վերջո, շատերի համար անհաջողակ գործակալն էլ գտնում է Գեղարդն ու վերադարձնում: Թեև ողջ ֆիլմը հեղեղված է հումորային տեսարաններով ու դիալոգներով, սակայն վերջաբանում, երբ գտնվում է հայերիս կյանքում մեծ կարևորություն ունեցող Գեղարդը, Մկրտիչ Արզումանյանի հերոսը հրաժարվում է իրեն առաջարկված 2մլն դոլարից ու նշում ՝ «Մեր օրերում կան բաներ, որ երբեք չեն վաճառվում», սրանով նաև ֆիլմը ավարտում դաստիարակչական երանգով:

Life.panorama.am-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, ցուցադրության վերջում Մկրտիչ Արզումանյանն իրեն հատուկ համեստությամբ կարծիքներ էր փորձում լսել, նաև պատմեց, որ ֆիլմի նկարահանումների ընթացքում հասցրել է անգամ փոքրիկ վնասվածք ստանալ, ինչպես նաև կյանքում առաջին անգամ շենքի տանիքից պարանով մի քանի հարկ իջնել:

«Ֆիլմի ստեղծման ու իրականացման աշխատանքները տևել են շուրջ մեկ տարի: Իմ կերպարների շարքում գործակալ Հենզելը նորություն էր, և մենք այդ հանգամանքը հենց սկզբից էլ կարևորել ենք. Ուզում էինք, որպեսզի այն տարբերվեր կերտածս մյուս կերպարներից: Ես սիրեցի գործակալ Հենզելին, հույս ունեմ, որ մարդիկ ևս կսիրեն նրան: Ուզում եմ նշել, որ ամեն ինչից զատ, այս ֆիլմը կարևորում եմ առաջնահերթ նրանով, որ շատերը կիմանան՝ Գեղարդը միայն վանական համալիրը չէ, այլ այն կարևոր մասունքը, որն ունենք մենք»,- նշեց Մկրտիչ Արզումանյանը:

Ֆիլմի սցենարիստ Նարեկ Ավագյանը նկատեց՝ ֆիլմը տարբերվելու է հայկական արտադրության կեմոդիկ ֆիլմերից, քանի որ այն լիարժեք դետեկտիվ է:

«Հումորներում փորձել ենք լինել զգուշավոր ու խորը, կան հումորներ, որոնք բոլորի համար են, կան հումորներ, որոնք ունեն կոնկրետ հասցեատերեր, և խնդիրը միայն կրթական ցենզը չէ, այլ նաև ճաշակն է, տարիքային խումբն ու ինչու ոչ՝ սեռական պատկանելիությունը: Մեր հերոսները խոսում են գրական հայերենով, բայց փորձել ենք դիալոգներն այնպես կառուցել, որ ձանձրացնող չլինեն»,- հավելեց նա:

Ռեժիսոր Հայկ Կբերյանը պատմեց, որ ֆիլմը թիմային քննարկումներով է ստեղծվել և ի սկզբանե իրենց թիմում եղել է Մկրտիչ Արզումանյանը. Գլխավոր կերպարի քննարկում անգամ չի եղել:

«Ես եկել եմ այն եզրահանգման, որ կոմեդիաները պետք է հնարավորինս պարզ նկարել, որ հումորը տեղ հասնի հանրությանը: Խոսքը պարզունակության մասին չէ, հավատացնում եմ՝ ամեն մի դետալին մոտեցել ենք մեծ պատասխանատվությամբ»,- նշեց ռեժիսորը:

Ֆիլմում օգտագործվում է ԱԱԾ և ԲՀԿ հապավումները, անշուշտ, այլ նշանակությամբ: Դիտարկմանը, որ քաղաքական երանգներ ունեցող հապավումներ օգտագործելուց առաջ զգուշավորություն չե՞ն ցուցաբերել, սցենարի հեղինակը կատակելով  նկատեց.

«Դա հերոսի՝ Հենզելի, խնդիրն է, այլ ոչ թե մերը: Իսկ, եթե լուրջ, ոչնչից չենք վախեցել, որովհետև, կարծում ենք, ոչ մեկի և ոչ մի կերպ չենք վիրավորել»:

Ի դեպ՝ ստեղծագործական թիմը նշեց, որ լավ արձագանքների դեպքում կմտածեն ֆիլմի շարունակության՝ երկրորդ մասը նկարահանելու մասին: Բայց մինչ այդ «Գործակալ 044»-ը կցուցադրվի Հայաստանի մարզերում և սփյուռքում:

life.panorama.am