Կերակրի աղի մեջ կարելի է գտնել մեծ թվով մասնիկներ, որոնք դրա մեջ չպետք է լինեն: Դրանցից որոշները առողջությանը սպառնալիք են ներկայացնում, նախազգուշացնում են Ինչհոնի ազգային համալսարանի (Հարավային Կորեա) գիտնականները:
Նրանք կատարել են կերակրի աղի 39 նմուշների անալիզ և դրանցից 36-ում միկրոպլաստիկ են հայտնաբերել:
Անալիզի ենթարկված աղն արտադրվել է աշխարհի 16 երկրում: Նմուշների մեջ են եղել նաև քարաղը և ծովային աղը: Հատկապես վերջին տեսակի աղի մեջ են ավելի շատ օտար միկրոմասնիկներ հայտնաբերվել (մակարդակը կազմել է 1 կգ ծովային աղին 1674 մասնիկ): Մասնագետների խոսքով՝ աղտոտվածության առավել բարձր մակարդակ է գրանցվել Ասիայում արտադրված աղի մեջ: Այսպես՝ Ինդոնեզիայում արտադրված աղի 1 կգ-ում եղել է միկրոպլաստիկի 13 629 մասնիկ:
Ավելի վաղ միկրոպլաստիկ էին գտել նաև շշալցված ջրի մեջ: Հաշվարկվել է, որ ջրի 1 լիտրում միջինը միկրոպլաստիկի 325 միավոր է պարունակվում:
Մարդու օրգանիզմի մեջ սննդամթերքի հետ ընկնող պլաստիկի մասնիկների վնասի մասին շատ է խոսվել: Հետազոտություններից շատերը ցույց են տվել, որ պլաստիկը բացասաբար է ազդում հորմոնալ համակարգի վրա և կարող է մի ամբողջ շարք խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ նաև անպտղություն: