Աշոտ Ղազարյանի երևանյան ներկայացումը տևական դադարից հետո, կնոջ օգնությունն ու կարոտը հանդիսատեսի հանդեպ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշոտ Ղազարյանի երևանյան ներկայացումը տևական դադարից հետո, կնոջ օգնությունն ու կարոտը հանդիսատեսի հանդեպ

«Ես ապրում եմ Երևանում». այս խորագրով ներկայացմամբ Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի թատրոնում ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Ղազարյանը երեկ ներկայացավ իր հանդիսատեսին։ Դերասանը բեմ էր բարձրացել մեծ կարոտով ու սպասումով, քանի որ վերջին տարիներին հանդիսատեսի հետ շփման առիթներ ավելի քիչ է ունենում։ Հետնաբեմում նրան օգնում ու վերջին շտրիխներն էր անում կինը` տիկին Մելանյան։ Tert. am Life-ը ներկայացնում է դերասանի ներկայացման մանրամասներն  ու ֆոտոշարքը։

Երևանյան թեմատիկայով ներկայացման մեջ Աշոտ Ղազարյանը ներկայանում է տարբեր կերպարներով, որոնցից յուրաքանչյուրը, անկախ տեսակից ու ունեցած խնդիրներից, սիրում ու գնահատում է Երևանը։ Դերասանը սա է համարում իր ներկայացման ամենակարևոր շեշտադրումը։ Ասում է` ներկայացման մեջ նուրբ թելով անցնում է, որ մեր քաղաքն անփոխարինելի է. «Կերպարներից որն էլ խոսում է Երևանի մասին, լավ է խոսում։ Սա մեր քաղաքն է, որը չենք փոխի աշխարհի ամենալավ քաղաքի հետ։ Մեր յասամանի հոտն ու ցայտաղբյուրի ջուրը ոչ մի տեղ չի լինի»։

Այս ներկայացումն Աշոտ Ղազարյանը նախկինում էլ խաղացել է։ Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների շրջանակում ևս մի անգամ այն խաղալու առաջարկ ստացել է Երևանի քաղաքապետարանից։ Դերասանը սիրով համաձայնել է նորից խաղալ այն` փոքր–ինչ արդիականացնելով թեման և փոփոխություններ անելով։

Դերասանի համար սա լավ առիթ էր ևս մի անգամ հանդիսատեսի հետ շփվելու, նրա ջերմությունը զգալու և հաջորդ աշխատանքների համար էներգիա ստանալու համար։ «Երկար ժամանակ ելույթ չէի ունեցել։ Իմ առաջնային նպատակն է կարոտս առնել ժողովրդից։ Ամեն անգամ բեմ բարձրանալիս իմ կարտոն եմ առնում»,- ասաց նա։

Աշոտ Ղազարյանի մոնոներկայացումը դիտելու էին եկել նաև գործընկերները։ Ներկայացումից հետո բոլորը շեշտում էին, որ դերասանն անհավանական էներգիա ունի։ Իր հերթին նա նկատեց, որ հաջորդ տարի 70-ամյակն է, բայց բեմում լինելու համար էներգիայի պակաս չունի։

Թե ինչն է պատճառը, որ հիմա ավելի քիչ է բեմում լինում, դերասանը շատ չի մանրամասնում, բայց նշում է, որ հետաքրքիր, իր սրտով նախագծեր չեն առաջարկում, իր առաջարկած նախագծերն էլ ոչ միշտ են հավանության արժանանում, հաճախ ուզում են փոփոխություններ, որոնց մեջ ինքն իրեն չի տեսնում։ Այնուամենայնիվ, դերասանը հիմա աշխատում է նոր ներկայացման ուղղությամբ։ Շուտով կսկսեն փորձերը։

life.tert.am