Հոկտեմբերի 22-ը Կակազող մարդկանց միջազգային օրն է: Այն սկսել են նշել 1998 թվականից՝ International Stuttering Association կազմակերպության նախաձեռնությամբ:
Այդ օրը կազմակերպությունը տարբեր միջոցառումներ է իրականացնում, որոնցով փորձ է արվում բարձրացնել իրազեկվածությունը կակազող մարդկանց խնդիրների վերաբերյալ, որոնք, ի դեպ, կազմում են աշխարհի բնակչության 1 տոկոսը:
Օրվա կապակցությամբ Doctors.am-ը ներկայացնում է հայտնի մարդկանց, որոնք հաջողությամբ հաղթահարել են խոսքի հետ կապված խնդիրները:
Ուինսթոն Չերչիլ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն ամբողջ կյանքում պայքարել է կակազության դեմ: Քաղաքական գործիչը, որը պատմությանը հայտնի է նաև որպես փայլուն հռետոր, իր ելույթներին բավականին երկար էր պատրաստվում: Երբեմն դա կարող էր շաբաթներ տևել: Ելույթից առաջ Չերչիլը սովորություն ուներ երգելու, որը նրան օգնում էր հաղթահարել կակազությունը:
Բրյուս Ուիլիս
Ամերիկացի հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը կակազելու պատճառով դպրոցում հաճախ է հայտնվել համադասարանցիների կատակների թիրախում.
«Ես հազիվ էի կարողանում խոսել: Ինձանից մոտ 3 րոպե էր պահանջվում նախադասությունն ավարտելու համար: Դադարեցի կակազելը, երբ սկսեցի դերասանի կարիերան: Դա ֆենոմենալ էր», -իր հարցազրույցներից մեկում նշել է դերասանը՝ հավելելով, որ խնդիրը հաղթահարելուն նպաստել է նաև իր անձնական վերաբերմունքը դրան:
«Ես կակազում եմ և զվարճացնում ուրիշներին»,- միշտ կրկնել է նա:
Ռոուեն Ատկինսոն
Բոլորին հայտնի Միսթեր Բինը, որը կակազում էր դեռ մանկուց, կարողացել է խոսքի հետ կապված խնդիրն իրեն ի նպաստ օգտագործել՝ դարձնելով այն իր կերպարի հիմնական մեխը:
Մերլին Մոնրո
Բոլոր ժամանակների սեքս-խորհրդանիշ Մոնրոն, պարզվում է, կակազել է: Նա մասնագետի հետ երկար աշխատանք է տարել, որպեսզի կարողանա առանց կակազելու խաղալ իր դերերը: Սակայն իր վերջին՝ «Ինչ-որ բան պետք է պատահի» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհին կրկին սկսել է կակազել: Մոնրոն պատմել է, որ դա կապված է եղել անձնական կյանքում տեղի ունեցող խնդիրների հետ:
Էլվիս Փրեսլի
Ռոք-ն-ռոլի արքան, պարզվում է, հենց իր կակազելու պատճառով է սկսել երգել: Երաժիշտի մայրն այդ խնդիրը հաղթահարելու համար նրան տարբեր երգի մրցույթների է տարել, նաև՝ եկեղեցական երգչախումբ: Արդյունքում՝ Էլվիսը ոչ միայն դադարել է կակազել, այլև դարձել հայտնի աստղ:
Նիկոլ Քիդման
Ավստրալացի հայտնի դերասանուհին փոքր տարիքում կակազել է, ինչը, նրա խոսքով, իրեն դարձրել է շատ ամաչկոտ.
«Ինձ ասում էին՝ պետք չէ անհանգստանալ, պարզապես նախապես մտածիր, թե ինչ ես պատրաստվում ասել»,- իր հարցազրույցներից մեկում պատմել է դերասանուհին:
Ջուլիա Ռոբերթս
Օսկարակիր դերասանուհին պատանեկության տարիներին նույնպես կակազել է: Սակայն 1986-ին տեղափոխվելով Նյու Յորք՝ Ռոբերթսը աշխատել է մասնագետների հետ, որոնք օգնել են նրան հաղթահարել խոսքի հետ կապված խանգարումները:
Հյու Գրանտ
Նայելով բրիտանացի դերասանի խաղին՝ դժվար է հավատալ, որ նա խոսքի խանգարում է ունեցել, բայց փաստը մնում է փաստ, որ Հյուն փոքր տարիքում կակազել է: Սակայն դա չի խանգարել նրան ավելի հասուն տարիքում դերասանի փայլուն կարիերա ստեղծելուն: