«Ամեն անձ պետք է իր երկրում ապահով զգա, կարևոր զգա և պիտանի». դերասանուհի Նարե Հայկազյան
Advertisement 1000 x 90

«Ամեն անձ պետք է իր երկրում ապահով զգա, կարևոր զգա և պիտանի». դերասանուհի Նարե Հայկազյան

168.am-ը զրուցել է ամերիկաբնակ դերասանուհի, նկարչուհի Նարե Հայկազյանի հետ

Դերասանուհին ծնվել և մեծացել է Երևանում՝ արվեստագետներ Աշոտ Հայկազյանի (քանդակագործ անիմալիստ) և Ջուլիետ Մատինյանի (ռեժիսոր և արձակագիր) ընտանիքում։ Դերասանուհին 14 տարեկան հասակից խաղացել է պրոֆեսիոնալ բեմում։ 1986-2001թթ. աշխատել է Երևանի մնջախաղի պետական թատրոնում: Հանդես է եկել թատրոնում (Պ. Տուրին, «Առնետորս»,  Լ.Պիրանդելլո, «6 պերսոնաժ հեղինակ որոնելիս», Վիլյամ Սարոյան, «Օպերա-օպերա» և այլն), կինոյում ( «Ավետիք», «Հերոստրատ», «Հոգաբարձուներ»), հեռուստաթատրոնում (Կ. Խոդիկյան, «Դարպասներ, Վիլյամ Սարոյան, «Մարդկային կատակերգություն»,  Շառլ Բոդլեր, «Չարի ծաղիկներ», և այլն):

– Նարե, ներկայումս ի՞նչ փուլում է ձեր դերասանական կարիերան: Ի՞նչ նախագծերում եք ներգրավված:

– Այս պահին ավելի տարված եմ նկարչությանս աշխատանքներով: Նոյեմբերին անհատական ցուցահանդես պետք է ունենամ, որը գրավել է կարծես ազատ լինելուս ժամանակը… Նաև դրան կից՝ միաձուլելու եմ մնջախաղային փոքր իմպրովիզացիա, որը կարծես վերջին տարիներիս աշխատանքների հետ հոսում է, Performing, այսինքն` զգացական աշխարհին զուգահեռ խաղ:

nare-7

– Ժամանակին Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արսեն Փոլադովի հետ հանդիպումը կարո՞ղ եք ձեր կյանքում ճակատագրական համարել:

– Դե, իհարկե, Արսեն Փոլադովն ինձ համար մի առանձին անկյուն է իր տեսակի մեջ: Այո՛, նա է բացել վարագույրը դեպի լռության աշխարհ, մունջ լինելու արձագանքների հետ ներդաշնակ լինել: Այն տարիներին իրեն ավելի զգում էի: Ա՛յ, հիմա՝ հասուն տարիքում, շատ կփափագեի շփում ունենալ և խաղալ իր հետ: Նա հզոր հայացք ուներ:

– Նարե, ի՞նչ են գույները, երանգները ձեզ համար: Դուք վառ կին եք, կրում եք վառ հագուստներ: Գույնն օգնո՞ւմ է արտահայտել ձեր հոգու նրբերանգները, խռովքը:

– Առհասարակ, շուրջս սիրում եմ ստեղծարար շնչով պատել: Իմ ձեռքերով եմ այժմ տունս կառուցում: Եվ դա իմ կենսակերպն է՝ լինի հագուստ թե  կենցաղային որևէ մի գործածելի առարկա:  Պիտի իրեն խմորեմ ինձնով: Դժվար է խոսել բաների մասին, որոնք ստեղծվել են ներքին մղումներով: Առհասարակ, ամեն արձագանք բնութագրում է անձի ներաշխարհը:

nare-3

– Ի՞նչ կարող են պատմել ձեր էտյուդները, նկարները Նարե Հայկազյանի մասին:

– Ամեն անձ իր գույնն ունի: Ըստ իս՝ մենք բոլորս համահունչ ենք, երբ գնահատում և զգում ենք միմյանց գունային գամման, իսկ նկարչությանս մեջ դեռ շատ պետք է մտոք կորեմ և վերադառնամ, որպեսզի գտնեմ տվյալ գործի ճիշտ արտաբերումը: Գույնի զգացումն առանձին վարպետություն է բոլոր առումներով:

– «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին մի քանի տարի առաջ ներկայացրեցիք Ձեր կարճամետրաժ «Թակոց» ֆիլմը՝ նվիրված Ձեր մայրիկի հիշատակին: Ինչպե՞ս ծնվեց այդ ֆիլմը նկարահանելու գաղափարը:

pizap-com14779941380781

–  «Թակոց» ֆիլմը, ըստ էության, մի պոռթկում էր, տեսլական, որը բազմիցս ինձ արթնացրել է, պարզապես այդ թակոցին այս անգամ արձագանքեցի և համարձակվեցի նկարել: Ֆիլմը ստեղծվել է 1 օրում, և որևէ կադր չի կրկնվել, այն նկարվել է արտ-հաուս ձեռագրի մեջ: Իմ լավ ընկերներին խնդրեցի, և ինձ միացան Արմեն Ջանոյանն ու Քրիս Աղասարյանը: Քրիսն ուներ տեսախցիկ, Արմենը՝ ռեժիսորական աչք, իսկ ես իմ իմպրովիզով պարզապես ապրում էի, որը կոչվում է խաղ, խաղալ…  Ֆիլմը ստեղծվել է արձակագիր Ջուլիետ Մատինյանի տողերի հիման վրա, որը և նվիրված է իր լուսավոր հիշատակին: Ֆիլմն ուղարկեցի «Ոսկե Ծիրանին»: Այն ընդունվեց անկախ ֆիլմերի բաժնում՝  ի ուրախություն ինձ: Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում: Ես իրապես շատ շնորհակալ եմ, որ այդ հնարավորությունն ունեցա՝ այն ներկայացնել «Ոսկե Ծիրանին»: Ֆիլմն իր ճանապարհը գտավ:

– Կուզենայի անդրադառնալ Facebook-ում ձեր այն գրառմանը, որը վերաբերում է «Սասնա ծռեր» խմբին: «Գտնվելով հայրենիքից հեռու, այս պահին, այս իրադրության մեջ, անպաշտպան լռությունից ազատվելու համար (որը կարող էր թույնի վերածվել), հուզմունքիս ու տագնապիս ձայնն եմ բարձրացնում` անմասն չլինելու սկզբունքով …»:

pizap-com14779940183521

– Ես առհասարակ կյանքի կոչ անողների կողմնակիցն եմ: Կերպն այստեղ չի կարևորվում: «Սասնա ծռերի» իմ անդրադարձում ցանկությունս արդեն ասել եմ: Եվ բարձրագույն սերն իրականում ներել կարողանալու մեջ է:

– Ձեզ ուժեղ կին համարո՞ւմ եք: Ինքներդ ձեզ հետ հա՞շտ եք: Նուրբ հոգու տեր դերասանուհի լինելով՝ կարծում եք՝ հե՞շտ է ձեզ վիրավորելը, հավասարակշռությունից հանելը:

– Իրականում, այո՛, շատ զգայուն եմ, երբեմն՝ գերզգայուն: Ի՞նչ արած, այդպիսին եմ, և այս հատկությունն ինձ շատ հեռուներ է տարել: Ուժե՞ղ կին եմ, թե՞ ոչ…  Երբ իմ շնորհների մեջ եմ, այո՛, ուժեղ եմ, երբ դրանից դուրս եմ՝ ո՛չ: Առհասարակ, կնոջ ուժը երբեմն թուլության մեջ է՝ ըստ իս:

pizap-com14779940684671

– Հարցազրույցներից մեկում ասել եք, որ սիրո զգացումը հարատև է, սիրո զգացումը միայն Աստծո իրական շփումը կարող է տալ, երբ դու փնտրող սիրտ ես:

– Սերը կյանքի կոչ է: Սիրով է ամեն բան սկսվում և ավարտվում, պիտի արթուն լինել այն զգալու համար, իսկ նրա բացակայությունն ուղղակի մահ է…

– Մեր ժամանակներում սիրո պակաս չկա՞: Սիրո պակասի՞ց չեն արդյոք հասարակությունների խնդիրները, պատերազմները:

– Ինձ համար քաղաքականությունն անլուծելի խնդիր է, իմ աշխարհից դուրս մի բան է, բայց գիտեմ՝ իրական քաղաքացու լիարժեք զգացումն ինչ է: Դա կա՛մ կա, կա՛մ չկա: Ամեն անձ պետք է իր երկրում ապահով զգա, կարևոր զգա և պիտանի:

– Նարե, հարցազրույցներից մեկում ասել եք, որ՝ «ես միշտ փնտրտուքի մեջ եմ եղել, միգուցե ինքս ինձ եմ փնտրել…»: Արդյոք շարունակվո՞ւմ է ձեր փնտրտուքը, թե՞ հասել եք կարևոր մի հանգրվանի:

– Փնտրումի մեջ է շարժումը, և ամեն մի օրը մի նոր ձեռքբերում է, և մենք դրա կրողներն ենք: Գիտես, նոր բացահայտումներ կան, նշանակում է, որ փնտրումի շարունակությունը կա ինձ համար:

Կարմեն Ղուկասյան



Նման նյութեր