Բրիտանական McLaren ընկերությունը հրապարակել է մանրամասն տեղեկություններ Speedtail սուպերհիբրիդի վերաբերյալ, որն այս պահին համարվում է ապրանքանշանի պատմության մեջ ամենատեխնոլոգիական և արագ մոդելը: Այն առանձնանում է ամբողջովին կարբոնից պատրաստած թափքով, ակտիվ ալյումինե կախոցով և հակաթևի գործառույթ կատարող պատենտավորված ճկուն էլերոններով:
McLaren Speedtail-ը կառուցված է հատուկ մոդելի համար նախագծված կարբոնային մոնոքոկի շուրջ: Ձգված կաթիլի ձև ստացած թափքը ամբողջությամբ պատրաստված է ածխածնային պլաստիկից: Սուպերհիբրիդը սարքավորված է ակտիվ ալյումինե կախոցով, կարբոնակերամիկական արգելակներով և համալրվում է հատուկ այս մոդելի համար ստեղծված Pirelli P-ZERO անվադողերով: Ավտոմեքենայի երկարությունը 5137 մմ է, իսկ ընդհանուր զանգվածը կազմում է 1430 կգ:
Հիբրիդային ուժային ագրեգատը, որի ընդհանուր հզորությունը կազմում է 1050 ձ.ուժ, թույլ է տալիս McLaren Speedtail-ին 0-ից մինչև 300 կմ/ժ արագությունը զարգացնել ընդամենը 12,8 վայրկյանում: Համեմատության համար նշենք, որ McLaren P1-ը դա անում է 16,5 վայրկյանում: Ավտոմեքենայի համար նախատեսված է առավելագույն արագության Velocity ռեժիմը, որի ժամանակ մեքենայի թափքը իջնում է 35 մմ, իսկ ուժային սարքավորումները սկսում են աշխատել առավելագույն հզորությամբ:
Ամբողջը՝ auto.am