Ոտքերի ջղաձգումները՝ հատկապես գիշերվա ժամերին, շատ տարածված խնդիր են, որոնք կարող են առաջացնել ուժգին ցավեր ոտքերի ու ազդրերի հատվածում, ինչպես նաև տհաճ զգացողություններ, որոնք ազդում են քնի որակի և ընդհանուր առողջական վիճակի վրա: Ընդ որում՝ այս ջղաձգումներից առաջացած ցավը կարող է անհանգստացնել բավական երկար ժամանակ՝ անգամ, եթե մկանն արդեն թուլացել է:
Այս խնդիրը կարող է ի հայտ տալ և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ: Բացի այդ, նշանակություն չունի նաև տարիքը, սակայն այն առավել հաճախ անհանգստացնում է 50 տարեկանից բարձր անձանց:
Գիշերային ջղաձգումների առաջացման պատճառը դեռ պարզ չէ, սակայն կան ռիսկի գործոններ, որոնք կարող են նպաստել խնդրի առաջացմանը: Օրինակ՝ դրանց շարքին են դասվում.
· ոտքերի մկանների չափից դուրս շատ ձգվածությունը,
· երկար ժամանակ անշարժ մնալը,
· սխալ դիրքով նստելը,
· բետոնե մակերևույթին երկար ժամանակ կանգնելը:
Բացի այդ, գիշերային ջղաձգումների պատճառ կարող են դառնալ նաև.
· ալկոհոլային կախվածությունը,
· հղիությունը,
· օրգանիզմի ջրազրկումը,
· նյարդամկանային խանգարումները,
· էնդոկրին համակարգի խանգարումները (շաքարային դիաբետ),
· կառուցվածքայն խանգարումները (հարթաթաթություն),
· Պարկինսոնի հիվանդությունը,
· ստատինները, բետա-ագոնիստներն ու միզամուղ դեղամիջոցները:
Այս խնդրի բուժումը կախված է դրա տեսակից: Եթե ջղաձգումները պայմանավորված են օրգանիզմի ջրազրկմամբ, ապա հարկավոր է օրվա ընթացքում ավելի շատ հեղուկ օգտագորխել: Բացի այդ, ջղաձգումները բուժելու և կանխարգելելու համար կարելի է.
· ախտահարված հատվածին ջերմակ դնել,
· օգտագործել օրգանիզմում արյան հոսքը խթանող սնունդ,
· քնելուց առաջ հանգստացնող տաք լոգանք ընդունել,
· ավելի շատ կալիում ու մագնեզիում պարունակող սնունդ օգտագործել, քանի որ այդ տարրերը շատ կարևոր են մկանների համար,
· փորձել թուլացնել մկաններն ասեղնաբուժության միջոցով,
· կրել հարմարավետ ու էրգոնոմիկ կոշիկ,
· խուսափել բարձրակրկունկ կոշիկ կրելուց,
· քնելուց առաջ մի փոքր ձգել ու մարզել մկանները,
· կատարել ջրային վարժություններ, որոնք կօգնեն ամրացնել մկանները:
Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների կամ ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար: Միայն փորձառու մասնագետը կկարողանա ճիշտ ախտորոշել խնդիրն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի և՛ արդյունավետ, և՛ անվնաս: