Դերասանուհի Էլեն Ասատրյանը այսօր նշում է ծննդյան 22-ամյակը: Դերասանուհին ասում է՝ տարեդարձի օրը շատ է սիրում, քանի որ դա ևս մեկ հնարավորություն է ուշադրության կենտրոնում լինելու և գեղեցիկ խոսքեր լսելու համար: Tert.am Life-ի հետ զրույցում Էլենը պատմել է, թե ինչպես է սկսվել տոնական օրը, ինչ անակնկալ է ստացել և ինչպես է տոնելու տարեդարձը:
Էլենի համար տոնական օրը սկսվել է դեռ կեսգիշերից. «Առաջին շնորհավորանքը ստացել եմ իմ մտերիմ ընկերներից մեկի կողմից: Ուղիղ ժամը 12-ին էլ ծաղիկներ եմ ստացել,-ասաց նա և ավելացրեց, որ թեև գիտի ով է անակնկալի հեղինակը, սակայն չի ցանկանում նրան բացահայտել,-Երբ ժամանակը գա, ես չեմ թաքցնի ու ամեն ինչ ի ցույց կդնեմ»:
Դիտարկմանը, արդյոք կարելի է ենթադրել, որ դերասանուհու անձնական կյանքում փոփոխություն կա, նա պատասխանեց. «Դեռ չեմ ուզում խոսել այդ մասին: Փոփոխությունները կյանքի ընթացքում կերևան»:
Դերասանուհին ասաց, որ առանձնապես մեծ խնջույքների սիրահար չէ և նախընտրում է տարեդարձը նշել մտերիմ մարդկանց միջավայրում: Էլենի խոսքով, թեև ամեն տարի նախօրոք է որոշում՝ ինչպես է նշելու ծննդյան օրը, սակայն այս տարվա համար հատուկ որևէ բան չի մտածել:
«Իմ ծնունդը միշտ մայրիկս է տոն դարձրել փոքր տարիքից և իմ մեջ ավելի շատ այդ տարիքի տարեդարձներս են տպավորված: Ես անգամ կարող եմ հիշել, թե ամեն տարի տորթիս վրա ինչ մուլտհերոսներ են պատկերված եղել: Փոքր տարիքում ծննդյանս օրը մի քիչ հրաշքի պես էր, հիմա քանի որ տարիներն անցել են, մայրիկս արդեն Հայաստանում չի ապրում, Գերմանիայում է, տարեդարձս հեքիաթի վերածող չկա:
Այդուհանդերձ ես սիրում եմ ծննդյանս օրը: Տխրելու առիթ չունեմ և չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր տխրում են իրենց տարեդարձի օրը: Այդ օրը առիթ է, որ քեզ սիրված զգաս, ուշադրության կենտրոնում լինես ու քո հասցեին լավ խոսքեր լսես»,- ասաց նա:
Էլենը նշեց, որ հասցրել է բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ մտերիմ ու նաև անծանոթ մարդկանց կողմից: Դերասանաուհին առանձնացրեց դրանցից մեկը. «Բոլորը՝ ինձ հարազատ, ծանոթ ու անծանոթ մարդիկ, չգիտես ինչու, իմ ապագայի հետ կապված մաղթանաքներ են հղում: Վառ ապագա են կանխատեսում ինձ համար: Ուզում եմ, որ դա ճշմարտություն լինի»:
Ամբողջությամբ՝ life.tert.am