Մարդկանցից շատերը պարբերաբար խմում են այս ըմպելիքները՝ չմտածելով այն մասին, թե դա իրենց առողջության վրա ինչպես կարող է ազդել:
Գազավորված ըմպելիքներ
Քաղցր գազավորված ըմպելիքները կարելի համարձակորեն անվանել աշխարհի ամենավտանգավոր ըմպելիքը: Բեն Գուրիոնի անվան համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղցր գազավորված ըմպելիքները վնաս են հասցնում գործնականում բոլոր համակարգերին ու օրգաններին: Փրփրուն ըմպելիքները թունավոր են աղիքային բակտերիաների համար, դրանք մեծ քանակությամբ «փուչ» կալորիաներ են պարունակում, ինչի հետևանքով բերում են գիրացման և ճարպակալման: Իսկ դրանց մեջ օգտագործվող քաղցրացնող արհեստական նյութերը նույնպես շատ ու շատ վտանգավոր են:
Էներգետիկ ըմպելիքներ
Այսպես կոչված, էներգետիկ ըմպելիքներն օրգանիզմին ավելի շատ վնաս, քան օգուտ են տալիս. էներգիայով լցնելու դրանց հատկությունը գիտնականները պատրանք են համարում: Այս ըմպելիքները սոսկ ավելորդ կալորիա են և սրտի վրա ծանրաբեռնում:
Փաթեթով մրգահյութեր
Այս ըմպելիքները միայն անվանումով են հյութ, իրականում դրանց մեջ չկան ո՛չ վիտամիններ, ո՛չ հանքանյութեր, ո՛չ որևէ օգտակար բան, ինչը պետք է լինի բնական հյութում: Փոխարենը դրանք, որպես կանոն, շաքար են պարունակում կամ, ինչն ավելի վատ է, շաքարի էժանագին փոխարինողներ:
Տաք թեյ/սուրճ
Տաք թեյը և սուրճը (նաև արգանակները, տաք գինին և խմելու այլ տեսակները) կարող են վտանգավոր լինել. տաք ըմպելիքները կարող են վնասել կերակրափողի լորձաթաղանթը և բորբոքային պրոցեսներ առաջացնել, իսկ հետագայում՝ նաև քաղցկեղ:
Սառը կոկտեյլներ
Մեդալի հակառակ կողմում սառը ըմպելիքներն են (օրինակ՝ պաղպաղակի հիմքով կոկտեյլները): Մասնագետների խոսքով՝ չափից ավելի սառը ըմպելիքները վնասում են կերակրափողի լորձաթաղանթը և հետևանքների առումով պակաս վտանգավոր չեն, քան տաք ըմպելիքները: