Մենք դեռ այնքան շատ փող չենք աշխատում, որ վիճենք. Անդրանիկ Հարությունյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մենք դեռ այնքան շատ փող չենք աշխատում, որ վիճենք. Անդրանիկ Հարությունյան. life.panorama.am

«ԴեպուՏատի շոու»-ի անձնակազմն այս օրերին զբաղված է նոր երգի ու տեսահոլովակի աշխատանքներով. Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց դերասան Անդրանիկ Հարությունյանը:

Վերջինս շեշտեց՝ «ԴեպուՏատի շոու»-ի անդամները՝ ինքը, Ռաֆայել Երանոսյանը, Արմեն Վարդնայնանն ու Ռիչարդ Մադլենյանը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց համատեղ նախագծի արդեն երրորդ երգն ու տեսահոլովակը սիրվի հանրության կողմից, ինչպես նախկին երկուսը:

«Դեռևս գաղտնիքներ բացել չեմ կարող, անգամ չեմ կարող նշել, թե այս անգամ էլ իմ ու Ռաֆոյի հետ որևէ հայտնի երգիչ կամ  երգչուհի կերգի, թե ոչ: Իրականում՝ մենք էլ վերջնական պետք է հասկանանք, հետո նոր կարողանանք հայտարարություններ անել: Միայն կարող եմ ասել, որ երգը պատրաստ է, այն բավականին հաջող է ստացվել, որը, հուսանք, կրկին կսիրի մեր հանդիսատեսը»,- նշեց Անդոն:

Դիտարկմանը, որ ամռանը թողարկած «Lady Kobuleti» երգը դարձավ սեզոնի հիթը, և հարցին, թե նոր՝ սպասվող երգն ու տեսահոլովակը գուցե Ամանորի վերաբերյալ լինի ու դառնա ձմռան հիթերից մեկը, Անդոն պատասխանեց.

«Այս մեկը լինելու է բոլոր սեզոնների համար, և հուսամ՝ այն էլի հիթ կդառնա: Ասածումս կհամոզվեք, երբ երգը լսեք»:

«ԴեպուՏատի շոու»-ն մեծ ծրագրեր ունի, այս նախագիծը միայն հումորային ենթատեքստերով երգերով չի սահմանափակվում: Անդրանիկ Հարությունյանը պատմեց, որ իրենց թիմն արդեն հստակ ծրագրերով է առաջ շարժվում:

«Մենք նախատեսում ենք յոթ երգ պատրաստելուց հետո՝ կազմել համերգային հումորային ծրագիր, որով կներկայանանք ոչ միայն Երևանում,  այլև կշրջագայենք Հայաստանի սահմաններից դուրս: Մեր ծրագրերում է նաև ֆիլմ նկարահանել այս նախագծի շրջանակում: Այնպես որ ծրագրերը շատ-շատ են, մենք հերթով գնում ենք դրանց ընդառաջ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Անդո ու Ռաֆո զույգն արդեն 14 տարի է, ինչ ներկայանում է հանրությանն ու սիրվում ամենատարբեր կերպարներով: Տղաները ոչ միայն համապատասխան բեմական զույգ են, այլև կյանքում շատ լավ ընկերներ, իրենց խոսքով՝ անգամ բարեկամներ են դարձել: Հարցին, թե համերաշխ և երկարատև ընկերության ու գործընկերության  գաղտնիքը, ո՞րն է, կատակելով պատասխանեց.

«2004թ-ից ես ու Ռաֆոն միասին և աշխատում ենք, և ընկերություն, և բարեկամություն անում: Մենք միասին շատ նախագծերում ենք աշխատել և այսօր արդեն համատեղ մեր պրոյեկտն ենք իրականացնում, միասին աշխատում ենք նաև նույն՝ Կամերային թատրոնում, այս պահին ևս 3-4 ներկայացում է ծրագրված, որ դարձյալ միասին պետք է աշխատենք: Մենք շատ երկար ենք իրար հետ աշխատել, բայց մինչ այսօր իրարից չենք հոգնել ու համոզված եմ, որ չենք էլ հոգնելու, քանի որ դեռ շատ փող չենք աշխատում: Միշտ աշխատանքում, ինչու ոչ՝ մարդկային հարաբերություններում փող կիսելու հարցի շուրջ են մարդիկ վիճում, իսկ մենք դեռ այնքան շատ փող չենք աշխատում, որ վիճենք: Բայց նաև պետք է շեշտեմ, որ 97%-ով համոզված եմ՝ լավ փող աշխատելու դեպքում էլ, մենք հաստատ չենք վիճի, չենք բաժանվի»:

Անդրանիկ Հարությունյանը նշեց, որ այս պահին զբաղվածությունը մեծ է: Կամերային թատրոնում «Նազար-Նազար մինչև վերջ» ներկայացումը կրկին վերականգնվելու է խաղացանկում, և այժմ նա զբաղված է դրա փորձերով: Իսկ Կամերային թատրոնում զբաղվածությունից բացի, Անդոն աշխատում է պարսկահայ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի հետ և ներգրավված է նրա բեմադրած ներկայացումներում:

life.lanorama.am