Վախճանվել է Louis Vuitton Moet Hennessy կոնցեռնի համահիմնադիր Ալեն Շևալիեն
Advertisement 1000 x 90

Վախճանվել է Louis Vuitton Moet Hennessy կոնցեռնի համահիմնադիր Ալեն Շևալիեն

87 տարեկան հասակում ֆրանսիական Մեժևե քաղաքում վախճանվել է Ալեն Շևալիեն՝ պերճանքի առարկաների արտադրության Louis Vuitton Moet Hennessy (LVMH) միջազգային կոնցեռնի համահիմնադիրներից մեկը: Այդ մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Le Figaro թերթը:

Նրա տվյալներով՝ Շևալիեի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Շևալիեն «իր միտքն ու տաղանդը նվիրաբերեց քաղաքականությանն ու ինդուստրիային ծառայելուն, նա իր տեսլականով և նպատակասլացությամբ ձգտում էր Ֆրանսիան առաջատար դարձնել լյուքս դասի ապրանքների բնագավառում»,- թերթը մեջբերում է Ելիսեյան պալատի հայտարարությունը:

Նշվում է, որ Շևալիեն մահացել է նոյեմբերի 1-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն նոյեմբերի 4-ին: Հրաժեշտի արարողությունը կկայանա նոյեմբերի 7-ին:

Ալեն Շևալիեն LVMH ընկերությունների խումբը 1987 թվականին հիմնադրել է Անրի Ռակամիեի հետ համատեղ: Ներկայում կոնցեռնը միավորում է 70 բրենդ, այդ թվում՝ Louis Vuitton-ը, Christian Dior-ը, Givenchy-ն և Kenzo-ն: Խմբի տարեկան շրջանառությունը 2017 թվականին կազմել է 42,6 մլրդ եվրո: