Ելենա Արզումանյանը մայր դառնալուց եւ արտասահման տեղափոխվելուց հետո միայն հասկացավ, որ «ադրբեջանցի» ասվածը ավելի բազմաշերտ հասկացություն է, քան պարզապես «հակամարտող կողմը»:
«Ղարաբաղից դուրս հայերն ու ադրբեջանցիները խաղաղ ապրում են կողք կողքի»,-ասում է Ելենան, որը 2013-ին տեղափոխվեց իր հայրենի Ասկերանից Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաք: Այստեղ ապրում է իր ամուսնու ընտանիքը: Քանի որ պատերազմի հիշուղությունները դեռ թարմ էին, նրան դժվար էր նոր իրականության հետ համակերպվելը:
«Մեր տան մոտ միմյանց հարեւանությամբ երկու մրգի խանութ կար: Դրանցից մեկում առևտուր էր անում Նադյան, որը փախտական էր Ղարաբաղի Փրջամալ գյուղից, իսկ մյուսում` ադրբեջանցի Էլմիրա խանումը: Ես միշտ մեր հայերից եմ առևտուր արել։ Ադրբեջանցիներից ենթագիտակցորեն եւ վախենում էի, և չէի վստահում։ Լեզուս չէր պտտվում անգամ քաղաքավարությունից դրդված բարևել։ Մի օր Էլմիրա խանումը, տեսնելով որ հղի եմ, փորձեց ինձ ելակ հյուրասիրել։ Գարնան սկիզբ էր, ելակը նոր-նոր էր հասել։ Քաղաքավարի հրաժարվեցի հյուրասիրությունից։ Հավանաբար, էլմիրան այդպես էլ չհասկացավ, թե ինչու իր ձեռքից այդպես էլ չվերցրի այդ ելակները։ Հիմա արդեն, երկար ժամանակ Ղարաբաղից դուրս ապրելով, գիտակցում եմ, որ սա ուրիշ երկիր է, ուրիշ հասարակություն ու մարդկային հարաբերություններ։ Այստեղ կարող է ղարաբաղցին ժենգյալով հաց թխել, իսկ ադրբեջանցին այն վաճառել»,-ասում է Ելենան:
Էլմիրան, արդեն մեկ տարի է այլեւս այդ խանութում չի աշխատում: Նրա տեղը մեկ այլ ադրբեջանցի կին է եկել:
«Նա հաճախ է աղջկաս՝ Թամարային, միրգ հյուրասիրում։ Ես դեմ չեմ»,-ասում է 34-ամյա կինը:
Ելենան չորս տարեկան էր, երբ 1988 թվականին նրա մայրը` Ալլան, միացավ ղարաբաղյան շարժմանը, իսկ այնուհետեւ եղբայրների հետ միասին մասնակցեց պատերազմին: Նա այն մոտ 25 կանանցից էր, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին:
Ալլան նաեւ միայնակ մայր էր, հազվադեպ օրինակ խիստ ավանդապահ հասարակությունում:
«21 տարեկան էի, երբ Ելենան ծնվեց. ամուսին չունեի: Երբ տանը չէի, ծնողներս ու քույրիկս էին խնամում նրան: Պատերազմի տարիներին հաճախ էի երկար ժամանակով բացակայում», -հիշում է Ալլան, ով այսօր 55 տարեկան է:
Հակամարտությունը ներխուժեց նաեւ Ելենայի կյանք:
«Ես շատ կապված էի քեռուս՝ Արայիկի հետ։ Մի օր ինձ ասացին, որ նա զոհվել է: Երեկ նա կար, քայլում էր, այսօր ասում են չկա։ Այդ պահին միայն հասկացա, թե ինչ է պատերազմը, որն այսքան ժամանակ մեծերը խոսքերով փորձում էին բացատրել ինձ։ Ես նաեւ հասկացա, որ այն, ինչ կատարվում էր [տառապանքները], պետք է ավարտվեն: Բոլորը պետք է ապրեն։ Արայիկի մահից հետո ծնվեց նրա որդին՝ Արայիկ կրտսերը։ Բայց դա արդեն իմ Արայիկը չէր»,-հիշում է Ելենան:
Ամբողջությամբ՝ chai-khana.org