Ուշ ժամի սնվելը կարող է սիրտ-անոթային հիվանդություններ և շաքարախտ առաջացնել մարդու կենսաբանական ռիթմերի խանգարման պատճառով, այս եզրակացությանն են հանգել Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի մի խումբ գիտնականներ, համապատասխան հետազոտությունը զետեղված է LiveScience-ի պորտալում: Մասնագետները որոշել են ուսումնասիրել փոխադարձ կապն այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են շաքարախտը, ճարպակալումը և հիպերտոնիան, և սննդի ընդունման ժամանակի միջև:
Գիտափորձը հիմնվել է 18-ից մինչև 76 տարեկան ավելի քան 12,7 հազար լատինամերիկացիների բժշկական հետազոտությունների արդյունքների վրա, որի ընթացքում բժիշկները զուգադրել են երկու օրվա ընթացքում նրանց առողջական վիճակը և նրանց կողմից սննդի ընդունման ժամանակը:
Հետազոտողները հայտնաբերել են, որ այն փորձարկվողները, որոնք կերակրի մեկ երրորդը և ավելին գործածել են 18.00-ից հետո, ունեցել են արյան մեջ շաքարի և ինսուլինի ավելի բարձր մակարդակ, ինչպես նաև բարձր ճնշում նրանց համեմատությամբ, ովքեր սննդի մեծ մասը գործածել է երեկոյան ժամը վեցից առաջ: Ըստ որում ուշ ժամի սնվել սիրողները 19 տոկոսով ավելի Էին հակված նախաշաքարախտի զարգացման և 23 տոկոսով ավելի ենթակա՝ հիպերտոնիայի զարգացման:
Հետազոտության առաջատար հեղինակի՝ Նուր Մակարեմի կարծիքով՝ սույն երևույթը կարելի է բացատրել ոչ ճիշտ ապրելակերպի պատճառով մարդու կենսաբանական ռիթմերի խանգարմամբ, ինչն իր հերթին հանգեցնում է նյութափոխականության հետ կապված խնդիրների և մեծացնում խրոնիկական հիվանդությունների վտանգը: