Լրագրողներից լավ պատգամավորներ են ստացվում։ Լրագրողական համայնքից պարբերաբար կադրեր են տանում օրենսդիր մարմին, քանի որ նրանք, որպես կանոն, մեր հասարակության ամենագրագետ ու ամենապատրաստված խավն են։ Նախորդ բոլոր պառլամենտներում ևս լրագրողներ ու խմբագիրներ են հայտնվել, որոնք հետագայում բավականին լավ օրենսդիրներ են դարձել։ Այս անգամը ևս բացառություն չէ։
Տարբեր կուսակցությունների ցուցակում ներառված են տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Մենք տեղեկացանք, թե ովքեր են ընդգրկված կուսակցությունների համամասնական ցուցակներում։
Արդեն գրել ենք, որ 1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջատարների թվում է։ «Փաստ» օրաթերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանը ներառված է ԲՀԿ ցուցակում։ Իշխող ՔՊ ցուցակում մի քանի լրագրողներ- խմբագիրներ կլինեն։ Մենք տեղեկացանք, որ ցուցակում կլինի «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը, որը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Գեղարքունիքի մարզից (նա ծնունդով Վարդենիսից է): ՔՊ ցուցակում կլինի նաև Ազատություն ռ/կ-ի թղթակից Սիսակ Գաբրիելյանը և Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Վահագն Թևոսյանը։ ՔՊ ցուցակում է նաև «Հայկական ժամանակի» նախկին լրագրող Վահագն Հովակիմյանը։
Մենք տեղեկացանք նաև, որ Newsbook.am կայքի խմբագիր Գոհար Վեզիրյանը ևս փորձել է հայտնվել ՔՊ ցուցակում, բայց նրան մերժել են։ Կուսակցություններից մեկի ցուցակում ընդգրկվելու առաջարկ ստացել է նաև «Հրապարակի» լրագրող Վահե Մակարյանը։
Ի դեպ, առաջարկ ստացել է նաև Ազատություն ռ/կ-ի լրագրող Կարլեն Ասլանյանը։ Վերջինս մերժել է առաջարկը։