Ի՞նչ է ընկերությունը, և ինչպե՞ս մատչելի բացատրել երեխային այդ բառի բովանդակությունը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է ընկերությունը, և ինչպե՞ս մատչելի բացատրել երեխային այդ բառի բովանդակությունը

Երեխաներն աշխարհը, կյանքը, մարդկանց ընկալում են այնպիսին, ինչպիսին նրանք կան: Հետևաբար՝ երեխայի հետ ընկերության մասին խոսելիս պետք է օգտագործել հասարակ և հասկանալի բառեր: Նրանց ուղղակի պետք է հուշել, որ ընկերությունն այն է, երբ կողքիդ կա մեկը, ում հետ քեզ դուր է գալիս ժամանակն անցկացնել և ում հետ հետաքրքիր ու զվարճալի է խաղալ: Այսքանը բավական է, որ երեխան ընկալի «ընկերություն» բառի իմաստը:

Ծնողների դերը շատ մեծ է երեխայի սոցիալականացման մեջ, իսկ սոցիալականացման մի մասը մարդկանց հետ շփումն է, ինչը մեզ դարձնում է սոցիալական, բանական էակ: Սակայն կարևոր է նաև այդ շփման որակը, շփման կառուցման առաջին քայլերը: Եթե ցանկանում եք երեխային ուղղորդել ինչ-որ հասակակցի մոտ, որ նրանք ծանոթանան, ապա պետք չէ ուղղակի ասել, որ գնա ու ծանոթանա: Երեխային անհրաժեշտ է հուշել առաջին կոնտակտ ստեղծող արտահայտությունները, որոնք առավել հաջողության կտանեն երկու փոքրիկ անծանոթների երկխոսությունը: Օրինակ, երեխան մոտենալով հասակակցին՝ կարող է հարցնել նրա անունը, կամ առաջարկել խաղալ իր խաղալիքով: Եթե նկատում եք, որ երեխաները երկչոտ են և չեն համարձակվում մոտենալ միմյանց, ապա այս դեպքում ծնողի առաքելությունն է՝ ընդհանուր խաղ կազմակերպել, որտեղ կներգրավվեն բոլոր երեխաները, և ընդհանուր հետաքրքրությունն ու նպատակը նրանց կմտերմացնի՝ ստեղծելով հուզական ներդաշնակ մթնոլորտ:  Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, ծնողների ջանքերն անզոր են մարդկային խառնվածքի առաջ, որը հանդիսանում է ի ծնե նյարդային համակարգի առանձնահատկություն: Հոգեբաններն առանձնացնում են խառնվածքի 4 տեսակ, որոնք առավել բուռն արտահայտվում են երեքից  չորս տարեկանում, իսկ ավելի հստակ՝ հինգ-վեց տարեկանում: Դրանք հետևյալն են.

  1. ԽոլերիկԱկտիվ, էներգիայով լեցուն երեխա, ով արագ է հարմարվում շրջակա միջավայրին, շփվող և վճռական է, սիրում է ուշադրության կենտրոնում լինել: Դյուրագրգիռ է, անզուսպ և անհնազանդ: Որպես կանոն՝ այս երեխաների մոտ կարող է արագ և կտրուկ փոխվել տրամադրությունը: Նման երեխան արագ է նոր ծանոթություններ հաստատում, հեշտորեն է անծանոթ երեխաների մոտենում և զրույցի բռնվում: Որպես կանոն՝ նրանք շատ ընկերներ են ունենում:
  2. Սանգվինիկ Շփվող են, կյանքով լեցուն, բարեսիրտ, գործունյա, նոր պայմաններին հեշտորեն հարմարվող: Խոլերիկներին հակառակ, սանգվինիկներն առավել հավասարակշռված են, հուզականորեն կայուն: Նրանք նույնպես հեշտորեն շփում են ստեղծում և ունենում են շատ ընկերներ:
  3. Մելանխոլիկ Այս երեխաները շատ զգայուն են, շուտ վիրավորվող, տպավորվող, անվճռական, բարեսիրտ և նուրբ, ոչ այդքան ինքնավստահ: Նման խառնվածքով երեխաները դժվարությամբ են մոտենում անծանոթ հասակակիցներին և ինքնակամ խոսքի բռնվում: Նրանք երկչոտ են և փխրուն:
  4. Ֆլեգմատիկ Հանգիստ, համբերատար, հուզականորեն կայուն երեխաներ են: Նրանց շատ դժվար է հունից հանել: Նրանք աշխատունակ են, համառ, կարող են երկար և կենտրոնացած զբաղվել ինչ-որ աշխատանքով: Ամեն բան կատարում են դանդաղ, ինչի պատճառով շատ ծնողներ կարող են կորցնել համբերությունը: Համառության տեսանկյունից՝ ֆլեգմատիկ երեխաները գերազանցում են մնացած երեք խառնվածքներին: Նրանք շատ դանդաղ են յուրացնում նոր ինֆորմացիան, սակայն շատ ամուր կերպով կարողանում են պահել այն հիշողությունում: Այս երեխաներն էլ դժվարությամբ են ընկերներ ձեռք բերում, սակայն, եթե ունենում են, ապա լինում են շատ հավատարիմ:

Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով կարելի է բացատրել երեխաներին ընկերության հիմքերը

Որպես միջոց՝ կարելի է օգտագործել մուլտ-դիտումը: Ներկա ժամանակահատվածը լի է բազմաբովանդակ թեմաներով հարուստ մուլտֆիլմերով: Ընկերության գաղափարախոսություն իրենց մեջ ներառում են հետևյալ մուլտֆիլմերը (քանի որ մուլտֆիլմերը հիմնականում խորհրդային ժամանակաշրջանում են նկարահանված և բոլորիս ծանոթ են իրենց ռուսերեն անվանումներով, հետևաբար ես դրանք ներկայացնում են ռուսերեն)՝ «Жил-был пёс», «Чучело-мяучело», «Терем-теремок», «Каникулы Бонифация», «Ёжик в тумане», «Умка», «Кентервильское приведение», «Кораблик», «Золотая антилопа», «Приключения хомы», «Снеговик-почтовик», «Приключения кота Леопольда», «Умка ищет друга», «Самый большой друг», «Голубой щенок», «Подарок для самого слабого», «Последний лепесток», «Кот, который умел петь», «Заяц Коська и родничок», «Девочка и слон», «Три пингвина», «Приключения на плоту», «Таёжная сказка», «Зай и Чик», «Грибной дождик», «Ара, бара, пух!», «Девочка и медведь»: Մուլտֆիլմերը դիտելուց հետո անպայման անհրաժեշտ է քննարկել և հերոսների վարքային վերլուծություն կատարել: Բացատրել երեխային արարքների պատճառները և դրանց հետևանքով առաջացած արդյունքները:

Հաջորդ քայլը երեխայի հետ ուղղակի խոսելն է: Խոսեք երեխայի հետ հանգիստ և ջերմ տոնայնությամբ: Եթե երեխան ցուցաբերել է վատ վարք, նեղացրել է իր խմբի երեխաներին, ապա պետք չէ նախատել և պատժել: Բացատրեք, թե նրա վարքն ինչով է վատ, և ինչի կարող է հանգեցնել: Երեխաները շատ են սիրում, երբ ծնողները խոսում են օրինակներով, քանի որ նման կերպ նրանք տեղեկատվությունը շուտ են յուրացնում, ավելի մատչելի է դառնում հիմնական բովանդակության ընկալումը:  Իսկ ավելի հստակ, երեխաները սիրում են, երբ իրենց հետ խոսում են հեքիաթի կամ պատմությունների լեզվով: Հետևաբար՝ ընկերության գաղափարախոսությունը կարելի է հրամցնել համապատասխան բովանդակությամբ հեքիաթների և պատմվածքների միջոցով:

Ինչպես ասվում է հայտնի մուլտֆիլմում, ընկերությունը սկսվում է ժպիտից: Սովորեք ժպտալ մարդկանց, ժպտալ կյանքի ամեն մի փոքր դրական իրադարձության հետ, ժպտալ տան անդամներին, մասնավորապես՝ երեխաներին, սովորեցրեք նրանց այդ կախարդական գաղտնիքը, և նրանք կդառնան ամենահաջողակ և ընդունված ընկերներն ու հասարակության անդամները:

Կամիլա Խաչատրյան